Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոռու մարզի Լեռնապատ գյուղում էլ խնդիրները շատ են: Ոտքդ գյուղ չդրած` մարդիկ բողոքում են, բողոքում... Բայց ի տարբերություն այլ գյուղերի, այստեղ բողոքելու համար դատի են տալիս, պատասխան պահանջում ամեն բառի համար:
«Էսօրվա դրությամբ ինձ վրա արդեն վեց հատ դատ կա: Ես գյուղացի, անասնապահ մարդ եմ: Հիասթափվել եմ, որ էսօր ոչ մի կիլո խոտ ենք հնձել, ոչ մի բան չենք արել: Հիմի հավատա, կլիենտի եմ ման գալիս, որ կովերս ծախեմ, տունը վարձով տամ, էրեխանցս վերցնեմ, գնամ»,- ասաց Լեռնապատ գյուղի բնակիչներից Կամսար Թամարյանը:
Այս գյուղում բնակիչների մի զգալի մասն արդեն երկու տարի շարունակ բողոքում է ՀՀԿ-ական գյուղապետ Վանո Եղիազարյանի գործողություններից: Գյուղացիները մեզ հետ զրույցում պատմում են, թե գյուղապետը գազատար խողովակներ անցկացնելու համար իրենցից է գումար հավաքել, մարդկանց հասանելիք նպաստները յուրացրել է, անշարժ գույք է վաճառել եւ այլն:
Լեռնապատի բնակիչ Սարիբեկ Հոռոմսիմյանը պատմում է, որ գյուղապետը առաջարկել է մեկ ամսվա նպաստըՙ 7500 դրամը տալ իրեն, որ մնացած ամիսների նպաստը ստանա: Այս մասին Ս. Հոռոմսիմյանը ցուցմունք է տվել Կամսար Թամարյանի դեմ դատական գործի շրջանականերում: Իսկ դրանից հետո էլ Վ. Եղիազարյանի հայրն ու աները գիշերով գնացել են նրա տուն, 50 հազար դրամ են տվել, որ բողոքը հետ վերցնի, բայց նա հրաժարվել է դա անել:
Մեկ այլ գյուղացիՙ Դեմենտի Թադեւոսյանը, պատմում է, որ ինքը նպաստառու չէ, իր ու կնոջ կենսաթոշակը կազմում է 37 հազար դրամ, բայց պարզել են, որ իր համար որպես սոցիալական օգնություն երկու անգամ 50 հազար դրամ է դուրս գրվել, սակայն ինքը չի ստացել այն. «Ես ոչ դիմում, ոչ պահանջ եմ ներկայացրելՙ ո՞ւր ես տարել էդ փողը: Գայիր ինձ տեղյակ պահեիր: Լավ ա՞, բալա»:
Այստեղ բողոքները շատ են. մեկի հողն է վաճառվել, որտեղ պիտի կառուցեր իր` երկրաշարժից փլված տունը, մեկի հողի կարգն է փոխվել, մյուսի գոմն են ուզում քանդել, որի կառուցման թույլտվությունը տասը տարի առաջ նույն գյուղապետից են ստացել: Բողոքում են, որ հողերը մշակել չեն կարողանում, որովհետեւ գյուղապետը չի լուծում կոմբայնի հարցը, երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի լույսը անջատել ենՙ ինչ է, թե «բյուջե չկա», գյուղապետը փորձել է վաճառել գյուղի միակ ավտոբուսը, որը նվեր են ստացել պատգամավորից եւ այլն:
Իսկ Վանո Եղիազարյանն, ի պատասխան այս ամենի, դատի է տալիս գյուղացիներին` պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար: Ասում են, որ առնվազն տասը հոգի դատական քաշքշուկների մեջ է ընկել` գյուղապետի աշխատանքից բողոքելու համար.
«Հիմի ես իրավունք չունե՞մ ասեմՙ խի՞ չի ավտոբուս աշխատում, խի՞ հուշարձանի լույսը չի վառում: ...Էսօրվա դրությամբ 500-600 հազար դրամ մենակ փաստաբանի ենք տալիս: ...Մեր գյուղը միակ գյուղն է, որ թուրքը չի մտել, մենք թուրքից չենք վախեցել, բայց հիմա վախի մեջ ենք»,- Կամսար Թամարյանն ասում է, որ եթե իրենք կարողանում են բողոքել, ապա շատ գյուղացիներ, որ օրվա հացով են ապրում, վախենում են ձայն հանել, որովհետեւ, Աստված չանի, եթե դատի տա, ծախսերի տակից հազիվ դուրս գան:
Գյուղապետի դեմ էլ արդեն մոտ երկու տարի էՙ քրեական գործ է հարուցված` պաշտոնական դիրքի չարաշահման, կեղծիքներ կատարելու եւ խոշոր չափի դրամ յուրացնելու մեղադրանքով: Սակայն նա շարունակում է պաշտոնավարել ու գյուղացիների վկայությամբ, սպառնալ իրենց, ասելով, թե իր «թիկունքն» ուժեղ է, իր թիկունքին «Արմեն Գարեգինչն» է կանգնած (ՀՀ Գլխավոր դատախազությանի Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Արմեն Աշրաֆյան):
Իսկ գյուղապետ Վանո Եղիազարյանն էլ պնդում է, թե 2500 բնակիչ ունեցող գյուղում միայն հինգն են բողոքում, եւ այդ բողոքավորներն էլ հարկերը չեն վճարում, իսկ ինքը փորձում է 100 տոկոսով հարկահավաքություն անել` մարզպետարանի եւ կառավարության պահանջով. «Բնական է, որ նրանց դուր չի գալու: Հիմա էլ նրանք, զոռով-շառով, զրպարտելով պահանաջում են իմ հրաժարականը: Ես հրաժարական տվողներից չեմ»:
Մինչ գյուղապետն ասում է, թե այս մարդիկ իր ընդդիմությունն են, տասներկու տարվա ընթացքում երբեք իրեն չեն ընտրել, Կամսար Թամարյանը հավատացնում է, որ ինքն ու իր ընտանիքի անդամներն էլ այս Վ. Եղիազարյանին են ընտրել. «Մենք չենք իմացել իրա ով ըլնելը: Ես իրան եմ ընտրել, մենք մոտիկ ենք էղել: Էսօր գյուղն իմ երեսովն ա տալի, թե ասում էիրՙ լավ տղա ա: Ես չեմ իմացել: Բազի հարս է ըլնում, որ քողը շպրտում ա, ասըմ են` վայ էս ի՞նչ էր»:
Գյուղացիները հույս ունեն, որ գոնե այս խնդիրների բարձրաձայնումից հետո նախագահը, կառավարությունը կարձագանքնեն ու իրենց «կազատեն» այդ մարդուց:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ