կարևոր
3238 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-22 23:34
Արցախ Քաղաքական

Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նոր բանակցողն էլ ոչինչ չի կարողանա փոխել. Արթուր Մոսիյան

Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նոր բանակցողն էլ ոչինչ չի կարողանա փոխել. Արթուր Մոսիյան

Բոլոր այն մարդկանց համար, որոնք դեռ կասկածներ ունեին, Նիկոլ Փաշինյանն այսօր ապացուցեց, որ եկել է իշխանության Արցախը հանձնելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որով նա հաստատեց, որ Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը:

«Ալիեւն իրեն հրահանգել էր՝ Մոսկվայի հանդիպումից առաջ հայտարարել, որ Արցախն Ադրբեջան է, եւ վերջ: Ինքը արեց դա, մանիպուլյացիաներ օգտագործեց, բայց դրանք էլ այլեւս օգուտ չեն տալիս: Ես ոչ մի վայրկյան կասկած չունեի, որ Փաշինյանն ուզում է հանձնել Արցախը, բայց այսօր ինքը վերջնական պատռեց իր դիմակը բոլորի համար: Նրա հաջորդ նպատակը Ռուսաստանը Կովկասից հեռացնելն է: Իսկ թե ինչ կլինի, երբ ռուսները հեռանան Արցախից եւ Հայսատնից, թող ամեն քաղաքացի ինքը մտածի: Մի օր արդեն շատ ուշ է լինելու»,- ասաց նա:

Մոսիյանը բացառեց, որ խաղաղության հնարավոր պայմանագիրը կարող է, իրոք, խաղաղություն բերել: Ըստ նրա՝ Փաշինյանը հերթական պատերազմը եւ պարտությունն է բերելու Հայաստանին եւ Արցախին:

«Չնայած ինքը հիմա էլ չի ընդունում պարտությունը, ասում է, թե հերոսաբար փրկել է մեզ նոյեմբերի 9-ի փաստաթղթով: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նոր բանակցողն էլ ոչինչ չի փոխի: Եթե Փաշինյանը պատերազմից հետո հրաժարվեր իր աթոռից, մենք այսօր այլ իրականություն կունենայինք, բայց իր՝ ամեն րոպե ավելի մնալն աթոռին ավելի է ծանրացնում մեր վիճակը»,- ընդգծեց Մոսիյանը:

Պատգամավորի խոսքով՝ անվտանգության որեւէ երաշխիք չի կարող ապահովել արցախցիների կյանքն Ադրբեջանի կազմում:

«Ինչպե՞ս է կարելի մտածել, որ հնարավոր է ապրել մի երկրի կազմում, որը կես տարի շրջափակման մեջ է պահում Արցախը, գազն ու լույսն է անջատում, հումանիտար ճգնաժամ է առաջացնում: Արցախցիները, միեւնույն է, դիմանում է այս ամենին, իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ փոխում իր հայտարարություններով»,- նշեց Մոսիյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ուղիղ տեքստով հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:

«Այո, Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը: 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել եւ մեր ընկալմամբ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը: Եթե ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ՀՀ-ն այո, ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքը»,- ասել էր նա:

Աղբյուրը՝ NEWS.am