կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-26 12:37
Հասարակություն

Եթե այսպես շարունակվի, դրսի ուժերը կօգտվեն իրավիճակից

Եթե այսպես շարունակվի, դրսի ուժերը կօգտվեն իրավիճակից

Արդեն անհնար է հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին և որպեսզի չստացվի, որ եղան կորուստ ու վիրավորներ, թող լինի միջանկյալ արդյունք, որովհետև եթե այսպես շարունակվի, դրսի ուժերը կօգտվեն իրավիճակից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբավորման հետագա հնարավոր գործողությունների մասին: Գիմիշյանի խոսքով՝ եթե իշխանությունը, ուժային կառույցները որոշում կայացնեն հարձակում գործել ՊՊԾ գնդի վրա, որտեղ էլ գտնվում են զինված խմբավորման անդամները, կլինեն երկկողմանի զոհեր. «Ոչ մի դեպքում չպետք է հարձակում լինի, որովհետև երկու կողմից էլ զոհեր են լինելու, և անհնարին է լինելու այնպես գործել, որ պետությանը վնաս չլինի»:

Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում ստեղծված իրավիճակում, Գիմիշյանը պատասխանեց, որ պետությունը պետք է հայտարարի, որ պատրաստ է գնալ ինչ-ինչ  փոփոխությունների: «Պետք է ստեղծել քաղաքական խորհուրդ, որը սկսի նախապատրաստել և իշխանությանը բերել այն մտքին, որ առանց ժողովրդական վստահության,  առաջ չենք կարող շարժվել: Այս դեպքում կարող էր շատ բան փոխվել, նախագահը կմնար իր տեղում: Ժողովուրդը  պետք է լինի նաև կառավարության կողմից, որովհետև դրսից էլ ճնշումներ կլինեն: Մյուս կողմից էլ՝ ժողովուրդը պետք է վերահսկող լինի»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե իշխանությունները լուռ մնան և որևէ քայլ չձեռնարկեն, կտուժի մեր երկիրը: «Արտաքին միջամտությունը մեր ներքին գործերին օր օրի մեծանում է և դրսի ուժային կենտրոններն իրենց շահերն են առաջ տանում: Ճնշումները դրսից շատ մեծ են և ապագայում էլ են լինելու»,- ասաց Գիմիշյանը:

Ի դեպ, նա նշեց նաև, որ այս պահին չկա այն քաղաքական ուժը, որը կվայելի ժողովրդի լիակատար վստահությունը և որը կարող է իսկապես առաջնորդել ժողովրդին:

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե սպառնալիքը սաստկանում է, որ Ղարաբաղի որոշ տարածքներ կարող են հանձնվել՝ Գիմիշյանը ընդգծեց.  «22 տարի ես լսում եմ, որ Ղարաբաղը պետք է հանձնենք: Էս վիճակում ԼՂՀ հարցը պահելը ձեռնտու է Ռուսաստանին էլ, ԱՄՆ-ին էլ: Եթե խնդիրը լուծվի, նշանակում է Ադրբեջանի և Հայաստանի վրա արտաքին աշխարհն ազդեցություն չի կարող ունենալ: Ես մտավախություն չունեմ, որ հող է հանձնվելու»: