կարևոր
2608 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-11 14:14
Հասարակություն

«Մասսայական ցրտահարություն չի եղել, կորիզավոր պտղատեսակների մեծ վնասներ չկան»․ «Փաստ»

«Մասսայական ցրտահարություն չի եղել, կորիզավոր պտղատեսակների մեծ վնասներ չկան»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում մարտի վերջին գրանցվեց բացասական ջերմաստիճան: Գյուղոլորտի մասնագետները՝ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, անդրադառնալով ցրտահարության վտանգին, «Փաստի» հետ զրույցում հայտնել են վնասների մասին, որոնք մեծ մասշտաբների չեն հասնում: Հրաչ Բերբերյանի խոսքով, գրեթե ամեն տարի այս ժամանակահատվածում սովորաբար վնասներ ունենում ենք:

«Այս տարի վնաս հիմնականում կրել է ծիրանենին: Կան տեղեր, որտեղ վնասները 20 տոկոս են կազմել, կան տեղեր՝ 50 տոկոս: Ինչ վերաբերում է բերքին հանրապետության մասշտաբով, ապա կորուստներն այդքան մեծ չեն՝ միջինը 10-12 տոկոս կարող են կազմել: Մասսայական ցրտահարություն չի եղել, թեպետ կան մարդիկ, որոնք իրավիճակն այդպես են ներկայացնում՝ փորձելով խուճապ առաջացնել մարդկանց մոտ, ինչը ճիշտ չէ»,-ասաց Հրաչ Բերբերյանը:

Գառնիկ Պետրոսյանի խոսքով էլ՝ այս պահի դրությամբ կորիզավոր պտղատեսակների մեծ վնասներ և կորուստներ չենք ունեցել: «Գարնանային ցրտահարությունների ընթացքում ամենամեծ վտանգի տակ հենց նշված պտղատեսակներն են՝ ծիրանենին, դեղձենին, կեռասենին, սալորենու տեսակները, բալենին: Հիմա, բարեբախտաբար, միայն առանձին հատվածներում են վնասները, բայց, ընդհանուր առմամբ, Արարատյան դաշտի գերակշիռ մասում պտղատուները քիչ են վնասվել: Վնասների վերջնական պատկերը պարզ կլինի մոտ 10-15 օրից, բայց այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ այս տարի կորիզավոր պտղատեսակների միջին բերք կունենանք: Որոշ հատվածներում խաղողի վաղահաս սորտերի առանձին բողբոջներ են ցրտահարվել, բայց նշվածը ևս էական ազդեցություն չի կարող ունենալ բերքի վրա»,-ասաց նա՝ նշելով, որ այլ մշակաբույսերը, նաև կարտոֆիլը ևս չեն տուժել:

Հրաչ Բերբերյանն էլ նշեց, որ հիմնականում տուժել են այն հատվածները, որտեղ ծաղկակալման գործընթացն արդեն սկսվել էր, իսկ, օրինակ՝ Կոտայքում, Շիրակում, նրա խոսքով, ընդհանրապես ցրտահարում չկա, քանի որ պտղատու այգիներում ծաղիկները դեռ չեն ծաղկել: Անդրադառնալով ցրտահարությունների վտանգի ժամանակահատվածներին՝ Գառնիկ Պետրոսյանը նշեց. «Որպես կանոն ուշ գարնանային ցրտահարություններ Արարատյան դաշտում դիտվում են ապրիլի 20-25-ի ժամանակահատվածում: Այդ ընթացքում հիմնականում հողի մակերևույթին են բացասական ջերմաստիճաններ գրանցվում, որը, իհարկե, պտղատուների վրա էական ազդեցություն չի ունենում, բայց վաղահաս կարտոֆիլի ցանքերին, խաղողի այգիներին լուրջ վնասներ է հասցնում: Հուսանք, որ բարենպաստ ջերմաստիճաններ կգրանցվեն, և դուրս կգանք իրավիճակից»:

Խոսելով պետական մակարդակով հնարավորինս քիչ վնասներ ունենալու համար մարդկանց իրազեկելու անհրաժեշտության մասին՝ մեր զրուցակիցները խնդիրների մասին են նշել: Գառնիկ Պետրոսյանը շեշտեց, որ այգեգործների, գյուղացիների հետ բացարձակապես կապ չկա: «Այդ կապը չկա, որովհետև չկա գյուղատնտեսության նախարարություն, չկա խորհրդատվական համակարգ, որը գործում էր նախկինում: Չկան նաև մասնագետներ, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն ապահովել: Սա խնդիր է՝ կարևոր բաց»,-ասաց նա:

Նախկին փոխնախարարը, մի քանի խորհուրդներով կիսվելով, նշեց, որ ապրիլի սկզբին, երբ ջերմաստիճանը հասնում է +2025-ի, շատերը ոգևորվում են ու տարբեր մշակաբույսերի ցանք են կատարում: «Երբ վերոնշյալ ուշ գարնանային ցրտահարությունների շրջանն է գալիս, և բացասական ջերմաստիճաններ են գրանցվում, նրանց բերքն ամբողջությամբ ցրտահարվում է: Անընդհատ մարդկանց պետք է հիշեցնել, որ շտապողականություն պետք չէ, և պատահականությունների վրա հույս դնել չի կարելի: Պետք է սպասել ջերմաստիճանի կայունացմանը և նոր մշակաբույսերի ցանք, սածիլացում կատարել, կիրառել նաև այն միջոցները, որոնք սովորաբար պետք է իրականացվեն ցրտահարության վնասները մեղմելու համար: Մասնագետների կողմից խորհրդատվություն պետք է լինի, լրատվամիջոցներով պետք է իրազեկել այդ ամենի մասին: Նման բաներ, ցավոք, չկան»,հավելեց Գ. Պետրոսյանը:

Հրաչ Բերբերյանի խոսքով էլ՝ առհասարակ գյուղատնտեսության ուղղությամբ որևէ քաղաքականություն չի իրականացվում. «Ցրտելուց ամեն մեկն ինչ կարողանում, անում է: Ես մի օրինակ բերեմ. գյուղացին սերմնացու, պարարտանյութ է ստանում: Փոխանակ այս գործընթացը սահմանին վայրկենական իրականացվի, գյուղացին ստիպված գալիս է Երևան, համակարգչով հայտ են գրում, 2 օրից սահմանի վրա պատասխան է գալիս, հետո մաքսայինը թույլատրում է, և նոր սերմնացու, պարարտանյութ են ստանում: Մի խոսքով,սննդի անվտանգության հարցը գցել են մաքսայինի վրա, որը, բնականաբար, տեղյակ չէ ոլորտից ու հարցում է անում: Մինչև պատասխանը գալիս է՝ այդպես գործընթացը երկարում է: Մի խոսքով՝ «բարդակ»: Այս ամենի հետևանքն այն է, որ հենց հողի հետ աշխատող, հենց աշխատասեր գյուղացին է թողնում ու հեռանում երկրից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում