կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-31 13:08
Հասարակություն

Ցրտահարությունը ոչնչացրել է Արմավիրի մարզի կորիզավոր պտղի ու վաղահաս խաղողի բերքը

Ցրտահարությունը ոչնչացրել է Արմավիրի մարզի կորիզավոր պտղի ու վաղահաս խաղողի բերքը

Արմավիրի մարզում 80-100 տոկոսով ոչնչացել է ծիրանի, վաղահաս դեղձի, վաղահաս կեռասի, սալորի, խաղողի վաղահաս տեսակների ամբողջ բերքը եւ ամբողջությամբ ցրտահարվել են բաց դաշտում արդեն տնկված սածիլները. Yerkir.am-ին այս մասին հայտնեց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

 

Նա նշեց, որ նախորդ երկու գիշերներին գրանցված ցածր ջերմաստիճանը շատ մեծ վնաս է հասցրել մարզի գյուղացիական տնտեսություններին, մասնավորապես' կորիզավոր պտղին եւ խաղողի` սեղանի սորտերին, որոնց բողբոջներն արդեն բացվել էին: Ընդհանուր առմամբ' ցրտահարությունը 80 կամ 100 տոկոսով վնասել է մարզի ծիրանի` 3073 հեկտար, վաղահաս դեղձի' 400 հեկտար տնկարքներ:

 

«Այս գիշեր մարզում գետնի մակերեսին գրանցվել է -3.5, իսկ օդում' -2.5 աստիճան ցուրտ' ըստ Ցելսիուսի: Ըստ «Հայպետհիդրոմետ» ծառայության կանխատեսումների' եկող գիշեր մարզում սպասվում է ավելի ցածր' -6-ից -7 աստիճանի սահմաններում ցուրտ: Ընդհանուր վնասի չափը կարող ենք ունենալ 4-5 օրից հետո. տեսնենք` առաջիկա գիշերներին ինչ ջերմաստիճան կունենանք` ինչ հետեւանքներով, հետո նոր կկարողանանք  վերջնական պատկերը ներկայացնել»,- ասաց Արթուր Այվազյանը:

 

Վնասների փոխահատուցման առումով նա նշեց, որ իրենք հարցը կներկայացնեն պատկան մարմիններին, եւ նրանք արդեն համապատասխան որոշում կկայացնեն ցրտահարության հասցրած վնասների ու հետեւանքների վերացման ուղղությամբ:

 

Հարցին' գյուղատնտեսության նախարարության խորհուրդները' ավանդական միջոցներով' ծխահարելով ու առատ ոռոգումով պայքարել ցրտահարության դեմ, օգուտ չտվեցի՞ն, Արթուր Այվազյանը պատասխանեց, որ ե'ւ նախարարությունը, ե'ւ մարզպետարանի համապատասխան վարչությունը, ե'ւ Արմավիրի ԳԱՄԿ-ը պարբերաբար հանդիպում են ունեցել համայնքներում, ազգաբնակչությանը տեղեկացրել պայքարի ձեւերի, միջոցների մասին, իսկ ի՞նչ  արդյունք է դա տվել, կերեւա հետագայում:

 

Ինչ վերաբերում է հողերն ու այգիները ոռոգելու համար ջրի առկայության հարցին, ապա մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե իրենք ոռոգման ջրի մատակարարում ոռոգման ինքնահոս համակարգով իրականացրել են, եւ արդեն գյուղացիները պետք է որոշեին' ոռոգե՞ն իրենց հողերն ու այգիները, թե՞ ոչ:

 

Ըստ Այվազյանի` անցած շաբաթվա վերջին կարկուտ է տեղացել մարզի մի շարք համայքններում, բայց որեւէ վնաս չի արձանագրվել, նույնիսկ` հակակարկտային կայանները գործարկելու անհրաժեշտություն չի առաջացել: