կարևոր
2890 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-30 16:27
Քաղաքական

Ռուսական բանակի հաջող հարձակումը կարձանագրի համաշխարհային երկու բևեռների դիմակայության գիծը

Ռուսական բանակի հաջող հարձակումը կարձանագրի համաշխարհային երկու բևեռների դիմակայության գիծը

Ռուս խաղաղապահներն ունեն առաքելություն՝ ապահովելու Բերձոր-Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը։ Ենթադրելի է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավը գտնում է, որ այն ապահովելու ձևերը տարբեր են։ Եթե տևական ժամանակ բանակցություններն օգուտ չեն տալիս, խաղաղապահներն իրավունք ունեն՝ ինչ-որ ձևով վերականգնելու երթևեկությունը և կապը։ Սակայն խնդիրն այն է, որ ռուսական կողմի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որի երկու ելքերն էլ կարող են բացասական լինել հենց Ռուսաստանի համար։ Եթե Ռուսաստանը չի բացում ճանապարհը, դա հեղինակազրկում է ռուսական խաղաղապահ զորախմբին ու, ըստ էության, ավելորդ է դարձնում զորախմբի ներկայությունը։ Երկրորդ՝ եթե ռուսական կողմը որոշի ուժային եղանակով բացել միջանցքը, անմիջապես հետևելու է Ադրբեջանի պահանջը՝ սահմանված ժամկետից շուտ ռուսական խաղաղապահներին դուրս բերել Արցախից։ Ռուս խաղաղապահների տեղակայման առաջին իսկ օրից Ադրբեջանը նրանց ներկայությունը համարել է լուրջ խոչընդոտ իր վերջնական նպատակներին հասնելու ճանապարհին։ Հետևաբար Ռուսաստանն ինչ որոշում էլ կայացնի, այն իր համար բարդ հետևանքներ է ունենալու: Պատերազմը Ուկրաինայում, Արևմուտքի հետ աննախադեպ լարված հարաբերությունները ստիպում են Ռուսաստանին շատ զարգացումներ անտեսել, քանի որ ստեղծված իրավիճակից օգտվող շատերը կարող են լինել, իսկ ելքերի հնարավորությունները՝ քիչ։ Ռուսաստանում կա համոզմունք, որ ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով կարելի է դուրս գալ՝ առանց ուժային ազդեցության բացելով միջանցքը։ Սակայն ձգձգվելու հանգամանքը ևս մեծ խնդիր է խաղաղապահների հեղինակության համար: Մյուս կողմից՝ Ադրբեջանում չեն կարող չգիտակցել, որ Լաչինի միջանցքի շրջափակումը չհանգեցրեց արցախահայության արտագաղթի և արտատարածքային միջանցքի ձեռքբերման հիմնական նպատակներից և ոչ մեկին: Այս ենթատեքստում ուշագրավ է այն հանգամանքը, որ ռուսական լրատվամիջոցները հատուկ ուշադրության արժանացրին Պուտին-Ալիև հեռախոսազրույցը: Դժվար է հասկանալ, թե ստեղծված պայմաններում հայ-ադրբեջանական օրակարգի ի՞նչ թեմաներ կարող են քննարկել երկու մարդ, որոնք իրենց ստորագրություններով երաշխավորել են միջանցքի անխափան գործունեությունը: Ռուսական քաղաքագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ զրույցներից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը փորձում է իր նորաթուխ «դաշնակցին» հնարավորինս փոքր զոհողություններով դուրս բերել միջազգային հանրության պարսավանքին արժանացած այս «բնապահպանական աղետից»:

Հիշենք, որ 2022 թ. փետրվարի 22-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրեցին դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր՝ կազմված 43 հոդվածներից: Ըստ հռչակագրի 11-րդ հոդվածի՝ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն զսպում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը` ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»։ Դժվար չէ նկատել, որ վերոնշյալի միակ թիրախը ռուսահայ կառույցներն են:

Լուրջ մտորումների տեղիք են տալիս Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հնչեցրած հայտարարությունները` կապված Հայաստան գործուղվող ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) հետ: Հայտնի է, որ դիտորդական առաքելության գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը՝ ներառյալ Նախիջևանի հատվածը: Հանդիպման ընթացքում Վոլոդինը խիստ, անգամ սպառնալից շեշտադրումներով թիրախավորելով նաև Հայաստանը՝ ակնարկել է Եվրախորհրդարանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ թնջուկները լուծելու անկարողության մասին: Իրականում երկու կառույցն էլ որևէ կապ չունեն ընդունված որոշման հետ: ԵՄ քաղաքացիական առաքելության՝ Հայաստան գործուղման որոշումն ընդունվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից: Հիշեցնենք, որ Եվրոպական միության խորհուրդը (պաշտոնական անվանումը՝ Խորհուրդ, սովորաբար կոչվում է նախարարների խորհուրդ) Եվրոպական խորհրդարանով հանդերձ Եվրոպական միության երկու օրենսդիր մարմիններից մեկն է։

Խորհրդի կազմի մեջ են մտնում 27 նախարարներ՝ մեկական նախարար Եվրամիության անդամ պետությունների կառավարություններից։ Այս հիշեցումը կարևոր է նաև այն առումով, թե մեր ռազմավարական դաշնակցի պետական վերին ատյանները որքանով են տիրապետում «մանրուքներին» այն հարցերում, որտեղ մանրուքներ ուղղակի չեն կարող լինել: Ընդ որում, Վոլոդինի ուղարկած ազդակին շատ արագ արձագանքեց և այն ողջունեց Ադրբեջանի խորհրդարանի ռուսատյաց պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, որը 2014-ից սկսած նախանձելի հետևողականությամբ Ռուսատանին «դուրս է շպրտում Ուկրաինայից»:
Այս համայնապատկերին բնականաբար ակտիվացավ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը. փետրվարի 14-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, պատասխանելով հարցին, թե արդյոք իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու մասին Հայաստանի որոշումը կազդի՞ կազմակերպության աշխատանքի վրա, հայտարարեց․ «Եթե իրավիճակը հանկարծ պահանջի կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ներգրավում, կա փորձ, մշակվել են նաև որոշակի ծրագրեր, և կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն իրենց դաշնակցին թիկունք դառնալ կովկասյան տարածաշրջանում»: Դժվար է հասկանալ, թե էլ ի՞նչ պետք է կատարվի, որպեսզի Հայաստանը որպես նեցուկ տեսնի ՀԱՊԿ-ին: Աներկբա է, որ Ուկրաինայում, Այսրկովկասում, Միջին Ասիայում տեղի ունեցող իրադարձությունները «Խորհրդային կայսրության փլուզում» կոչվող երկրաշարժի հետցնցումներն են, որոնք, ցավոք, շարունակական են լինելու: Այս առումով որքան շուտ կողմնորոշվի Ռուսաստանը, որքան շուտ հրաժարվի «բոլորն իմ բարեկամներն են» բանաձևից, այնքան շուտ գոնե որոշակի հստակություն կլինի տարածաշրջանային զարգացումներում: Որքան էլ Հայաստանի քաղաքական ներկապնակի արևմտամետ թևը փորձի նսեմացնել Ռուսաստանի դերակատարությունը հայ ժողովրդի ճակատագրում՝ բերելով նաև մեծապետական քաղաքական անհետևողականության օրինակներ, աքսիոմա է այն փաստը, որ Ռուսաստանի 300-ամյա ներկայությունը տարածաշրջանում հայերիս համար հիմնականում եղել է դրական՝ բոլորիս հայտնի բացառություններով․ չմանրամասնենք:

Նման գնահատական չենք կարող տալ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի 100-ամյա իրավաքաղաքական հարաբերություններին․ պետական ճգնաժամը ակնառու է և ունի 100 տարվա պատմություն։ Քաղաքագիտության մեջ վաղուց օգտագործվում է «ֆրենեմի» տերմինը ( friend ՝ բարեկամ, և enemy՝ թշնամի բառերի համադրությունն է): 21-րդ դարի աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունները հանգեցրել են նրան, որ նախկին կամ դե յուրե «բարեկամները» ձեռք են բերել ավելի շատ տարակարծություններ, իսկ դե ֆակտո «թշնամիները» ստեղծում են ժամանակավոր, կասկածելի միություններ: Որպես օրինակ ՝ ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ադրբեջանական «դաշինքը»: Մասնավոր խոսակցություններում ռուս քաղաքագետները չեն թաքցնում, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան իրավիճակային դաշնակիցներ են: Հայաստանը երբեք նման գնահատականի չի արժանանում: Մյուս կողմից՝ միջպետական հարաբերություններում ձևավորվել է, այսպես կոչված, «գործարքային կամ կորպորատիվ» էթիկա, ինչը ենթադրում է դաշնակցային պարտավորությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն: Եվրոպական քաղաքական «а la carte»-ի (հայեցողական) սկզբունքը, երբ ասենք՝ Ֆրանսիան դը Գոլի օրոք մաս կազմելով Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքական կառույցին՝ 1967-ին դուրս եկավ ՆԱՏՕ-ի ռազմական ստորաբաժանումից, տեղափոխվում է նաև Ռուսաստանի ազդեցության գոտի:

Եվս մեկ հանգամանք․ Խորհրդային Միության արտաքին քաղաքական ուղեծիրը գործում էր որպես անբեկանելի վարդապետություն (դոկտրինա): Հայերս պետք է արձանագրենք, որ ներկա Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը դոկտրինալից (վարդապետականից) վերածվում է կիրառականի, ինչը նշանակում է, որ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը ձեռք է բերել իրեն ոչ բնորոշ, իրավիճակային, եթե կուզեք ` հրշեջային գործառույթներ: Մեր դեպքում խնդիրն այն է, որ երբ մեր դաշնակիցը նույն պայմաններով դաշինք է առաջարկում մեր հակառակորդին, դա ենթադրում է նաև ձեռքերի աշխարհաքաղաքական ազատություն: Եթե կարելի է քեզ, ինչու՞ չի կարելի ինձ: Չի կարող Թուրքիան լինել Հունաստանի դաշնակիցը և միաժամանակ` Կիպրոսի թշնամին: Ունենք այս պատկերը:

Ռուսաստանի դիրքերի թուլացումը ձեռնտու է Հայաստանի կոսմոպոլիտ ղեկավարությանը, որի հիմնական ցանկությունը «Հայաստանը և իրենց «հաղթանակի» պտուղները վայելելն է»: Արձանագրենք, որ մի կողմից՝ ներքին քաղաքականության դաշտում «հեղափոխական նիհիլիստների» թիմը տապալեց ազգային արժեքները արժեզրկելու, ազգային դարավոր ինստիտուտները պախարակելու և ոչնչացնելու կամ առնվազն իր քիմքին հարմար վերաձևելու, ազգային ինքնատիպությունը ձևախեղելու իր առաքելությունը: Մյուս կողմից՝ ի դեմս դաշնակցային պարտավորություններից հրաժարվող, իր բազմաբևեռության մեջ մոլորված, հակասական, իրարամերժ ցանկություններ դրսևորող Ռուսաստանի՝ գտավ հարմար դաշնակցի: Չաշխատեց մեր պետականության, արժեքային համակարգի ձևախեղման ներքաղաքական գործիքակազմը, կաշխատի արտաքին քաղաքական գործիքակազմը, որի կիրառումը հնարավոր դարձավ այդ թվում նաև տարածաշրջանում օրեցօր իր դիրքերը զիջող Ռուսաստանի կրավորականության հետևանքով:

Եթե Հայաստանի անկախացման ակունքներում կանգնած քաղաքական ուժերի համար Արցախի անկախությունը և որպես արդյունք՝ Հայաստանի հետ միավորումը «զարգանանք՝ առանց զիջելու» կարգախոսով առաջընթացի գրավական էր, ապա «երիտհայերի» համար և՛ Արցախը, և՛ Հայ դատը Հայաստանի զարգացման խոչընդոտներ են: Հետևաբար հետևողականորեն սերմանվում է «ֆրենեմիի» սկզբունքը: Մենք չենք կարող չգիտակցել, որ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների դաշնակիցների և գործընկերների փոփոխությունը բերելու է ազգային ինքնագիտակցության և աշխարհընկալման փոփոխության արդեն մոտակա սերունդների համար: Հայ դատը, Մեծ եղեռնը, Արևմտյան Հայաստանի և Արցախի հայկականությունը դոգմաներ չեն, և ոչ էլ` Սևակի բառերով՝ «որբի գլուխ»:
Բոլորն են հասկանում, որ երկրաշարժի հետևանքով Թուրքիան աշխարհաքաղաքական հարթությունում դիրքային նկատելի կորուստներ է ունեցել և դեռ ունենալու է, դա վկայում են և՛ լավատեղյակ ռուս, և՛ իրավիճակը փայլուն պատկերացնող իրանցի փորձագետները: Իրավիճակ է փոխվել, և Թուրքիան երկար ժամանակ կարող է հայտնվել կրավորական խաղացողի վիճակում:

Ի դեպ, վերջերս հետաքրքիր հայտարարություն արեց Բելոռուսի նախագահ Լուկաշենկոն՝ այս անգամ հարվածելով Թուրքիայի մեկ այլ սրտակից դաշնակցին՝ Ղազախստանին: ՀԱՊԿ անդամ երկրներին նկատի ունենալով՝ նա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Տասմագամբետովի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, որ մենք ինչ-որ տեղում հանգիստ կնստենք, նման բան չի լինի: Գալիս է ժամանակը, բառացիորեն վաղը, երբ անհրաժեշտ կլինի որոշել և որոշակի դիրքորոշում որդեգրել»:

Այս համատեքստում հայերս պետք է արձանագրենք, որ տպավորությունը, թե ռուսական ազդեցության թուլացման հետևանքով Արևմուտքի աջակցությամբ նրա տեղը կարող էր լրացնել Թուրքիան գոնե մի որոշ ժամանակ, կարելի է ուղարկել պատմության գիրկը։ Ռուսական կողմի պասիվացումը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ Հարավային Կովկասն ու Հայաստանը ռազմավարական նշանակություն ունեն այդ երկրի համար։ Եվ պատահական չէ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը հայտարարեց, թե Հայաստանից և Հարավային Կովկասից հեռանալը ՌԴ ծրագրերի մեջ չեն մտնում։ Վստահորեն կարելի է ասել մեկ բան․ եթե ռուսներին հաջողվի իրականություն դարձնել իրենց գարնանային հարձակման նպատակները, ապա դա կտա մի շարք աշխարհաքաղաքական հարցերի պատասխանը, ինչպես նաև կհստակեցնի իրար դեմ կանգնած երկու համաշխարհային բևեռների դիմակայության գիծը: Սա արդեն բոլորի համար է վերջնական կողմնորոշման պահանջ:

Սարգիս Սարգսյան

«Դրօշակ» թիվ 3, 2023թ