Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունը Գյումրիում մեկնարկած արտագնա արտահերթ նիստում միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Նախագծով առաջարկվում էր դեկտեմբերի 7-ն ամրագրել որպես 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:
Հիմնական զեկուցող` արդարադատության նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ներկայումս գործող օրենքով դեկտեմբերի 7-ը նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի օր: «1988 թվականի երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 15 հազարը դարձան հաշմանդամ, ավելի քան 500 հազար մեր հայրենակից մնաց անօթևան: Հսկայական էին նյութական կորուստները: Ոչնչացվեցին մեր քաղաքներն ու գյուղերը, պատմամշակութային արժեքները, րոպեների ընթացքում մեծածավալ ավերածություններ արձանագրվեցին Սպիտակում, Լենինականում, Կիրովականում, Ստեփանավանում և այլ բնակավայրերում: Ավերածության այդպիսի անսպասելի մասշտաբներին արձագանքելու անպատրաստ և այդ ժամանակ դեռևս անկարող Հայաստանին աջակցության ձեռք մեկնեցին 113 երկրների կառավարություններ, միջազգային կառույցներ, կազմակերպություններ և անհատներ: Հայ ժողովուրդը մշտապես երախտապարտ է այդ ծանր պահին Հայաստանին ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար և երբեք չի մոռանա բոլոր նրանց, ովքեր կանգնեցին մեր կողքին և տրամադրեցին անգնահատելի աջակցություն»,- ասաց Ցոլակյանը:
Նրա խոսքով` այս 30 տարիների ընթացքում դեկտեմբերի 7-ը մշտապես նշվել է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի օր, և ողջ հայությունը սգացել ու հիշատակի տուրք է մատուցել զոհերին: «Նախագծով ներկայացնելով «դիմակայության օր» բառակապակցություն լրացումը` ներառում է այն ուժի և ոգու արտացոլանքը, որը հայ ժողովուրդը կրում է իր մեջ և, դարեր շարունակ դիմակայելով փորձություններին, կարողացել է անկոտրում կամքի ուժով կերտել ամուր Հայաստան»,- ասաց Ցոլակյանը:
Վարչապետի պաշտոնակատարը ճշտող հարց տվեց: «Փաստորեն, այս որոշմամբ արձանագրում ենք անհրաժեշտությունը, որ Հայաստանում շարունակաբար աղետների դիմակայության մակարդակը բարձրացվի, և դա տեղի ունենա ոչ միայն գերատեսչական աշխատանքով, այլև հանրության ավելի ու ավելի մեծ շերտեր ընդգրկված լինեն այս պրոցեսի մեջ: Ըստ էության` մենք պետք է ունենանք այս ուղղությամբ աշխատանքների ռազմավարություն և միջոցառումների հստակ ծրագիր»,- ասաց նա:
Ցոլակյանն էլ նշեց, որ, բացի Փաշինյանի նշածից, այն միջազգային նպատակ է հետապնդում: «Այսինքն` այն երկրները, որոնք աջակցություն են ցուցաբերել մեզ այդ օրերին, շատերը պատրաստակամություն են հայտնել այդ օրը նշել իրենց երկրներում: Արդեն իսկ կան այդպիսի երկրներ, ԱՄՆ նահանգներ, որոնք այս օրն իրենց մոտ ընդգրկել են որպես Սպիտակի երկրաշարժի օր»,- պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը: