կարևոր
5071 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 14:11
Քաղաքական

Ովքեր են թուրք մեսխեթցիները և ինչպիսի գործոն կարող են դառնալ տարածաշրջանում

Ովքեր են թուրք մեսխեթցիները և ինչպիսի գործոն կարող են դառնալ տարածաշրջանում

Թուրքիայի կառավարությունը, Խորհրդային Միության փլուզումից հետո և անգամ խորհրդային ժամանակաշրջանում, միշտ ուշադրության կենտրոնում է պահել մեսխեթցի թուրքերի խնդիրը:

Սակայն այդ հետաքրքրությունն առավել աշխուժացավ Խորհրդային Միության անկումից հետո՝ ձեռք բերելով ավելի կոնկրետ և ծրագրային բնույթ: Թուրքիան ձգտում է թուրք մեսխեթցիներին վերադարձնել Վրաստան, ինչի մասին վկայում է 2021 թ․ նոյեմբերի 15-ին թուրք-մեսխեթցիների տեղահանման տարելիցի կապակցությամբ թուրքական իշխանամետ «Daily Sabah»1 թերթում հրապարակված հոդվածը։

Ինչպես նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ. «Թուրքիան նշում է Խորհրդային Միության տարիներին Ահըսկա (մեսխեթ) թուրքերի տեղահանման 77-րդ տարելիցը»: Հայտարարության համաձայն. «1944 թվականի նոյեմբերի 14-ին մոտ 100.000 Ահըսկա թուրքեր աքսորվեցին Վրաստանի Մեսխեթի շրջանի իրենց պապենական հողերից Խորհրդային Միության հեռավոր շրջաններ»: Հայտարարության մեջ նաև ասվում է․ «Թուրքիան կշարունակի ուշադիր հետևել Ահըսկա թուրքերի վերադարձին իրենց հայրենիք և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նրանց հարազատներին» 2։

Մեսխեթցի թուրքերի վերադարձին հիմնական խոչընդոտ են Վրաստանի իշխանությունները: Վրացական վերնախավի էական մտահոգությունն այն է, որ խիտ բնակեցված թյուրքալեզու մահմեդական փոքրամասնությունը կարող է բարձրացնել Թուրքիային միանալու հարցը: Հաշվի առնելով Աբխազիայի և Հարավային Օսիայի կորուստները՝ կարելի է հասկանալ վրացական կողմի անհանգստությունը։
Առավել ևս, որ Աջարիայում աճող թուրքական գործոնը նույնպես նման ռիսկերի համար պարարտ հող է ստեղծում: Իսկ Թուրքիան իր հերթին հայտնի է նրանով, որ օգտագործում է իր էթնիկ տարրերի գործոնը՝ համապատասխան հող նախապատրաստելով ռազմական ներխուժման համար (Սիրիա, Լիբիա, Հյուսիսային Կիպրոս)3 ։

Թուրքիան որևիցե երկիր ներխուժումը հիմնավորելու և արդարացնելու համար միշտ օգտագործում է թյուրքական ծագում ունեցող տարրերի հանգամանքը՝ հանդես գալով որպես իր ցեղակիցների շահերի, իրավունքների և անվտանգության երաշխավոր: Օրինակ՝ Սիրիա ներխուժումը հիմնավորվում էր, այսպես կոչված, «պետական ռեժիմի» կողմից բռնաճնշումների ենթարկվող թուրքոմանների-թուրքմենների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ: Միայն վերջին տարիներին Սիրիայի տարածք ներխուժման հիմնավորման նարատիվի մեջ փոփոխություններ կատարվեցին։ Սիրիայի հյուսիսային հատվածում որպես ռազմական գործողությունների հիմնավորում է ներկայացվում քուրդ ահաբեկիչ զինյալներին չեզոքացնելու անհրաժեշտությունը՝ սեփական երկրի անվտանգությունն ապահովելու համար:

Թուրքիայում պետական ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ Թուրքիայի անվտանգությունն իր տարածքներից դուրս է սկսվում, և դա վերաբերում է ոչ միայն Սիրիային:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքերով՝ գլոբալիզացիայի դարաշրջանում «Ազգային ուխտի»4 անվտանգությունը սկսվում է դրա սահմաններից անդին: Այլ կերպ ասած՝ այս դարաշրջանում Թուրքիայի անվտանգությունը սկսվում է «Ազգային ուխտի» սահմաններից դուրս5: Թուրքիան վերադառնում է այն հողերը, որտեղից 100 տարի առաջ օսմանցիները հետ քաշվեցին:

Ռազմավարական քայլեր կատարելով թե՛ ռազմական, թե՛ տնտեսական ոլորտներում՝ Թուրքիան իր ռազմական հզորությամբ սկսել է ամուր դիրքեր գրավել աշխարհում՝ 12 երկրներում տեղակայելով ռազմական հենակետեր։ Մեծ նշանակություն ունեն հատկապես Մերձավոր Արևելքում, Կովկասում և Բալկաններում գծված կրիտիկական գծերը6:

Այսպիսով՝ Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Վրաստանում, մեսխեթցի թուրքերի վերաբնակեցումը առավել քան արդիական է դառնում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության տեսանկյունից: Հարավային Կովկասով դեպի Միջին Ասիա էքսպանսիոնիզմը տեղավորվում է պանթուրքիզմի կամ պանթուրանիզմի7, իսկ Բալկանյան և այլ ուղղությունները՝ նեոօսմանիզմի8 գաղափարախոսության շրջանակներում:

Թուրքիան իր սահմանների երկայնքով բուֆերային գոտիներ է ստեղծում՝ անվանելով դրանք անվտանգային գոտիներ, և իր գործողությունները որակում է որպես ահաբեկչության դեմ պայքար, կամ էլ՝ իր ցեղակիցների անվտանգության ապահովման անհրաժեշտություն: Այսպիսով՝ Անկարան իր համար ռազմավարական դաշնակիցներ է ստեղծում իր հետաքրքրության կենտրոնում հայտնվող ցանկացած տարածաշրջանում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար Սիրիայում թուրքմենները բնական դաշնակիցներ էին ոչ միայն իրենց էթնիկական ժառանգականության պատճառով, այլ նաև այն պատճառով, որ նրանք ունեին նույն թշնամին` Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը: Անկարան Ասադի ռեժիմի դեմ պայքարում ակտիվորեն աջակցել է թուրքմենական զինված խմբավորումներին, որոնք նաև հայտնի էին որպես «Սիրիայի թուրքմենական բրիգադներ»: Նրանց նույնիսկ թույլ էր տրվում մուտք գործել Թուրքիա և տեղակայվել այնտեղի բազաներում: Բացի այդ՝ թուրքմենները, ինչպես նաև Թուրքիայից կողմից աջակցություն ստացող այլ զինյալ խմբավորումները կարևոր էին Էրդողանի կառավարության համար՝ սահմանի երկայնքով անվտանգությունը ապահովելու նպատակով: Նրանց շարունակական վերահսկողությունը Սիրիայի տարածքի, հատկապես՝ սիրիա-թուրքական սահմանի հատվածների վրա, ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար:

Թուրքիան նաև ցանկանում էր թուրքմեններին օգտագործել որպես «պոտենցիալ բուֆեր ցանկացած քրդական ինքնավար շրջանի դեմ» սահմանի երկայնքով: Թուրքմենները հուսալի պրոքսի ուժ են Թուրքիայի համար ոչ միայն Սիրիայում, այլ նաև Իրաքի նման այլ վայրերում, որտեղ պայքար էր մղվում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ9 ։

Նույն թուրքմենների կամ թուրքոմանների գործոնը դերակատար է եղել նաև Լիբիա զորք ուղարկելու համար: Հայտնի է, որ Սիրիայի սահմաններից դուրս թուրքմենները համագործակցել են Թուրքիայի հետ նաև Լիբիայում, որտեղ Անկարան տեղակայել է հազարավոր սիրիացի վարձկանների, որոնց մեծամասնությունը թուրքմեններ էին: Թուրքիայի նպատակն է եղել օգնել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, որը վայելում էր Արևմուտքի աջակցությունը՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերի դեմ պատերազմում10 ։ Թուրքիայի աջակցությամբ թուրքմենները ստեղծել են բազմաթիվ ապստամբական խմբավորումներ՝ բրիգադներ՝ վերապատրաստված Թուրքիայի կողմից, որոնց թիվը մոտ 2000-ից 10․000 մարդ է11 ։

Այսպիսով՝ մենք տեսնում ենք, որ նույն քաղաքականությունը կարող է իրականացվել նաև մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման դեպքում, քանի որ այդ ծրագիրը կոնկրետ նպատակներ է հետապնդում՝ ա) տիրանալ Հարավային Կովկասին, ինչը պլացդարմ կլինի դեպի Հյուսիսային Կովկաս ծավալվելու համար, որտեղ վաղուց տարվում են համապատասխան աշխատանքներ՝ փափուկ ուժի գործիքակազմի կիրառմամբ, բ) անխափան կապի հաստատում Կենտրոնական Ասիայի հետ՝ կյանքի կոչելով թուրանական նախագիծը:

Մեսխեթցի թուրքերի գործոնը կարող է կարևոր դեր ունենալ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ուժերի և հատկապես Թուրքիայի շահերի և ռազմավարական ծրագրերի իրականացման տեսանկյունից։ Բնական է, որ Թուրքիան շահագրգիռ է Վրաստանի հարավ-արևմուտքում, այսինքն՝ Սամցխե Ջավախքում և հարակից շրջաններում մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման հարցում։ Անկարան ձեռք կբերի մի լծակ, որը կկարողանա օգտագործել ամեն հարմար պահի՝ ակտիվացնելով իրեն հավատարիմ հինգերորդ շարասյունը Վրաստանում՝ ի դեմս մեսխեթցի թուրքերի: Այստեղ կարևորվում է այն հանգամանքը, որ ապագա վերաբնակիչներից շատերը Վրաստան են գնալու հենց Թուրքիայից, ինչպես դա տեղի է ունեցել Հյուսիսային Կիպրոսի դեպքում, որը թուրքական ներխուժումից հետո մեծ մասամբ վերաբնակեցվել է Թուրքիայի քաղաքացիներով, քանի որ Կիպրոսում բնակվող թուրքերը սակավաթիվ էին12։ Դա առավելագույն չափով կերաշխավորի մեսխեթցի թուրքերի հուսալիությունը և հավատարմությունը Անկարային:

Անկարան նաև շահագրգռված է Ջավախքի հայաթափմամբ: Հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ ծավալապաշտական հակումները՝ հայ և մեսխեթցի թուրքերի միջև անխուսափելիորեն սադրանքներ կկազմակերպվեն, և բախումներ տեղի կունենան կենցաղային տարբեր պատճառներով, ինչի հետևանքով թուրքերի համար լեգիտիմ հիմքեր կստեղծվեն վրաց-թուրքական սահմանամերձ Ջավախքի երկրամաս ռազմական ներխուժման համար՝ մեսխեթցի թուրքերի շահերը և անվտանգությունը ապահովելու նպատակով (նույն Հյուսիսային Կիպրոսի և Սիրիայի սցենարը): Բնականաբար, թուրքական զինված ուժերը այլևս դուրս չեն գա տվյալ տարածքից, ինչպես դուրս չեն եկել բոլոր այն վայրերից, ուր ռազմական ներխուժում են իրականացրել: Այսպիսով՝ Անկարան Վրաստանում՝ Հայաստանի հետ սահմանակից շրջաններում, մեսխեթցի թուրքերի միջոցով բուֆերային գոտի կկարողանա ստեղծել, ինչպես անում է Սիրիայի հյուսիսում՝ հենվելով իր անվտանգության հայեցակարգի վրա, որի համաձայն՝ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է նրա սահմաններից դուրս:

Տեսնելով, թե ինչպես են թուրքերը օգտագործում այլ երկրներում թյուրքական ծագում ունեցող փոքրամասնությունների գոյության հանգամանքը քաղաքական և ռազմավարական նպատակներով և ինչպիսի պատրվակներ են մեջբերում ռազմական ներխուժումներն արդարացնելու համար՝ անհրաժեշտ է դառնում ավելի մեծ ուշադրություն դարձնել մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման խնդրին, քանի որ դա ևս մեկ քայլով մոտեցնելու է թուրքական գերիշխանությունը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանը հայտնվելու է թուրքական օղակի մեջ՝ հյուսիսից կտրվելով Վրաստանից: Հայաստանի հարավային սահմանների նկատմամբ նույնպես Թուրքիան չի թաքցնում իր նկրտումները՝ նպատակ ունենալով կտրել Հայաստանի բոլոր հաղորդակցական ուղիները արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև ամբողջությամբ զրոյացնել հյուսիս-հարավ ծրագիրը, որի ճանապարհներից մեկը պետք է անցնի Հայաստանով: Իսկ Թուրքիան հակառակը՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ կառնի Միջին Ասիայից Կասպյան ավազանով, Ադրբեջանով, Վրաստանով դեպի Արևմուտք երկարող էներգակիրների և, առհասարակ, տրանսպորտային լոգիստիկայի բոլոր տարանցիկ ուղիները՝ լուսանցք մղելով Հարավային Կովկասում նույնպես կենսական շահեր ունեցող Իրանին և Ռուսաստանին: Նույն քաղաքական տրամաբանության մեջ է նաև Սյունիքում «թուրանական միջանցքի» ստեղծման ակնկալությունը, որի շուրջ պայքարում են գլոբալ մասշտաբի աշխարհաքաղաքական հսկաներ, և դա լոկ մի ճանապարհի կամ միջանցքի խնդիր չէ:

Թուրքիայի արտաքին ռազմավարությունը բոլոր ուղղություններով մնում է նույնը: Փոխվում են միայն աշխարհագրությունը և մարտավարական քայլերը, իսկ գործելաոճը անփոփոխ է: Այս կոնտեքստում կարևոր է հասկանալ, թե ովքեր են մեսխեթցի թուրքերը, ինչ ծագում ունեն նրանք և ինչպիսի սպառնալիք կարող են դառնալ Հարավային Կովկասի համար թուրքական քաղաքական, տնտեսական և մշակութային ծավալապաշտության տեսանկյունից, ինչի հետևանքով Կովկասը կվերածվի թուրքական ազդեցության հերթական գոտիներից մեկի:

Ներկայում կրկին ակտիվացել է թուրք-մեսխեթցիների հարցը։ 1999 թ․ միանալով Եվրոպայի խորհրդին՝ Վրաստանը պարտավորություն ստանձնեց ապահովելու բռնագաղթի ենթարկված այդ ժողովրդի հայրենադարձությունը։ Հատկանշական է, որ նույն 1999 թ․ Վիեննայում կազմակերպվել է հատուկ գիտաժողով, որի թեման եղել է մեսխեթցի թուրքերի կամ «Ախալցխայի թուրքերի» էթնոգենեզի հարցը։ Վրացական կողմը, փաստարկելով իր դիրքորոշումը, «Մեսխի» էթնոնիմի ներկայությամբ հայտարարել է, որ «մեսխեթների» մոտ գերիշխում են քարթվելական արմատները՝ դրանով առաջացնելով վերջիններիս սուր վրդովմունքը։ Ի վերջո, ի՞նչ կարելի է ասել մեսխեթցի թուրքերի էթնոգենեզի մասին13։

Մեսխեթցի թուրքերի էթնոկրոնական խումբը կազմավորվել է Վրաստանի պատմական Մեսխեթի շրջանում։ 16-18-րդ դարերում ժամանակակից Վրաստանի հարավարևմտյան շրջաններում ապրող բնակչության որոշակի հատված ընդունել է Օսմանյան Թուրքիայում դավանած սուննի իսլամը։ Սա հենց այն ժամանակաշրջանն է, երբ վրացական պետականությունը վերջնականապես տրոհվել է առանձին վարչատարածքային միավորների, որոնք վրացական աղբյուրներում հիշատակվում են որպես Քարթլիի, Կախեթիի, Իմերեթիայի թագավորություններ և, այսպես կոչված, «Սամցխեի աթաբեկություն» Մեսխեթիում14։ Իսլամ ընդունած վրաց մեսխեթցի իշխաններն իրենց կոչում էին «մեսխերի և թուրքերի տիրակալներ», այնուհետև ընդունեցին աթաբեկների թյուրքական տիտղոսը, և նրանց տիրույթը կոչվեց Սամցխե-Սաատաբագո (Սամցխեի աթաբեկություն): 1639 թ․ Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կնքված պայմանագրով այդ շրջանը դարձավ թուրքական փաշալըկություն (paşalık)։

Մեսխեթցի թուրքերը սուննի մահմեդականներ են և խոսում են թուրքերենի արևելաանատոլական բարբառներից մեկով։ Նրանց ծագման հարցում հետազոտողներն ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ, քանի որ այդ հարցը քաղաքական շահարկումների առարկա է։ Վարկածներից մեկի համաձայն՝ նրանք մահմեդականացած և թրքացած վրացիներ են, իսկ երկրորդի համաձայն՝ էթնիկ թուրքեր։ Մեսխեթցի թուրքերի ծագման առավել խորքային ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նրանց կազմավորման գործընթացին մաս են կազմել ինչպես վրացիներն ու եկվոր թյուրքական տարրերը, այնպես էլ տեղաբնակ այլ էթնիկ խմբերը, այդ թվում՝ հայերը, հույները և քրդերը: Հետևաբար, թուրք-մեսխեթների էթնոգենեզը պետք է դիտարկել բացառապես այս խայտաբղետ պատկերի հարթության վրա: Նրանք հայտնի են նաև մի շարք անվանումներով՝ «մեսխեր», «մեսխեթցիներ», «թուրք-մեսխեթցիներ», «Ահըսկա թուրքեր»։ «Ահըսկա» (Ahıska) Ախալցխա քաղաքի թուրքերեն անվանումն է, որի շրջակայքում էլ բնակվել են մեսխեթցի թուրքերը։ Ներկայիս էթնոլեզվաբանական հանրությունը, որը կոչվում է մեսխեթցի թուրքեր, ձևավորվել է երեք տարբեր լեզվաընտանիքների ներկայացուցիչներից՝ կովկասյան – մեսխի (վրացիներ), հնդեվրոպական – հայեր, հույներ, քրդեր, ալթայական – ղպչակներ, թաթարներ, օսմանցիներ: Որոշ հետազոտողներ հակված են կարծելու, որ ամբողջովին օսմանցիների կենսակերպին և հավատքին անցած ժողովուրդները դեռևս որոշ ժամանակ պահպանում էին իրենց ավանդույթներն ու սովորույթները15։

Աստիճանաբար շրջանի ժողովրդագրական խայտաբղետ պատկերը բնական ուծացման գործընթացների հետևանքով սկսեց օսմանացվել: Սամցխեի և մասամբ Ջավախքի օսմանացված բնակչությունը աստիճանաբար կորցնելով ազգային ինքնությունը՝ ինքն իրեն սկսեց անվանել «բնիկ թուրքեր» (yerli türkler), ի տարբերություն եկվոր թուրքերի, որոնք կրում էին «ահըսկա թյուրքլերի» էթնոնիմը (ahıska türkleri, Ահըսկա՝ Ախալցխայի թուրքեր)16։ Արդեն 19-րդ դարում կրոնի և ազգության միջև ձևավորվել էր սերտ փոխկապվածություն, և մեսխեթցի մուսուլմանների մեծ մասն իրեն համարում էր ավելի շատ թուրք, քան վրացի՝ չնայած կրում էր վրացական անուններ17։ Նույնը վերաբերում է նաև մյուս էթնիկ խմբերին, որոնք բնակվում էին տվյալ շրջանում և պատկանում էին «բնիկ թուրքերի» (yerli türkler) թվին: Այսինքն՝ բնիկները կամ ավտոխտոն տարրերը օսմանյան ասիմիլյացիայի հետևանքով դարձել էին մի սուբէթնիկ միավոր, որն արդեն իրեն նույնականացնում էր մեսխեթցի կամ ահըսկա թուրքերի հետ:

Ռուս-թուրքական պատերազմի (1828-1829) ավարտից հետո Ռուսական կայսրությունը ընդլայնեց իր սահմանները մինչև «թուրքական Վրաստան» (Ախալցխա փաշալըկություն): 1829-1917 թթ․ Մեսխեթիան մտնում էր Թիֆլիսի նահանգի մեջ, իսկ հետո կարճ ժամանակով գտնվում էր Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության կազմում (1918-1921 թթ.): 1918 թ․ երբ Վրաստանը անկախություն ստացավ, Թուրքիայի հետ հարակից հարավային շրջաններում բնակվող մահմեդականներին իր կողմը գրավելու համար թուրքերի և վրացիների միջև գաղափարական և էթնո-մշակութային մրցակցություն էր սկսվել:

Վրաստանի ղեկավարությունը 1918 թ․ ցանկանում էր Վրաստանին միացնել, այսպես կոչված, մուսուլմանական Վրաստանը՝ Աջարիան և Սամցխե-Մեսխեթին: Սակայն Բաթումի կոնֆերանսի ժամանակ՝ 1918 թ․ հունիսի 4-ին, վրաց իշխանությունները ստիպված էին զիջել օսմանցի թուրքերի ճնշմանը և նրանց հետ ստորագրել «հաշտության և բարեկամության» համաձայնագիր, որի համաձայն՝ վերոնշյալ շրջանները մնում էին օսմանյան կայսրության տիրապետության տակ: Թուրքերի հետագա էքսպանսիան Վրաստանում հաջողվեց կասեցնել Կայզերական Գերմանիայի քաղաքական ազդեցության շնորհիվ, որին անհանգստացնում էր Կովկասում թուրքական ազդեցության սրընթաց աճը18։ 1921 – 1991 թվականներին Մեսխեթիի շրջանը գտնվել է Վրացական ԽՍՀ կազմի մեջ:

Ռուսական կայսրության աղբյուրներում և փաստաթղթերում այս ժողովուրդը հայտնվում է երեք հիմնական անվանումներով՝ ա) «մուսուլմաններ», բ) «թուրքեր», գ) «սուննի վրացիներ»: «Մեսխեթցի թուրքեր» կամ «թուրք մեսխեթցիներ» էթնոնիմը առավել լայն տարածում գտավ միայն 1980-ականների վերջին։ Վաղ խորհրդային շրջանում նման եզրույթ գոյություն չուներ, և այն արտահայտվում էր «թուրք» տերմինով։ 1930-ականների երկրորդ կեսից, երբ առաջին անգամ հայտնվեց «ադրբեջանցի» արհեստական էթնոնիմը, Մեսխեթիայի և մասամբ Ջավախքի թուրքացած բնակիչներին երբեմն անվանում էին «սուննի ադրբեջանցիներ»։ Ամեն դեպքում, այս ժողովրդի ներկայացուցիչներն իրենց նույնականացնում էին թուրքերի հետ՝ անկախ սեփական էթնոգենեզից, և մեսխեթցի թուրքերը գործնականում առիթը բաց չէին թողնում հանդես գալու թուրքական բանակի հետ, այսպես կոչված, «ընդհանուր թշնամու» դեմ։ Թուրքական կառավարությունը կովկասյան իր արշավներում միշտ հենվել է այս ժողովրդի աջակցության վրա։ Դեռ նախորդ դարասկզբին նա հատուկ նախագծեր էր մշակում՝ տարածաշրջանում վարվող քաղաքականության մեջ մեսխեթցի թուրքերին ներգրավելու համար։ Մասնավորապես 1917 թվականի դեկտեմբերին Ախալցխայի դեմ արշավ նախապատրաստելիս Թուրքիան մեսխեթցիներին դրդեց ապստամբության։ Նրանք օգնություն ստանալով՝ դեկտեմբերի 27-ին հարձակվեցին քաղաքի վրա։ Հայերը վրացիների հետ կազմակերպեցին զինված ինքնապաշտպանություն, որի արդյունքում որոշակի հաջողություն գրանցվեց, սակայն 1918 թվականի հունվարին զինված մեսխեթցիները փակեցին Ածգուր և Ախալքալաք տանող ճանապարհները, ընդհատվեց Թիֆլիսի հետ հեռախոսակապը։ Ավելի քան 20 մահմեդական գյուղերի բնակիչներ սկսեցին թալանել ու ավերել մոտակա ու հեռավոր հայկական ու վրացական գյուղերը, բնաջնջել տեղի բնակիչներին։ Մեծ թվով գյուղացիներ ապաստան գտան Ախալցխայում19։

1944 թ. նոյեմբերին Վրաստանի ԽՍՀ Ադիգենի, Ախալցխայի, Ասպինձայի, Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջաններում բնակվող մեսխեթցի թուրքերը արտաքսվեցին Ղազախստան, Ուզբեկստան և Ղրղզստան։ Ընդհանուր առմամբ բռնագաղթի ենթարկվածների թիվը հասնում էր մոտ 100․000-ի։ Պաշտոնական մեղադրանքներն էին բնակչության զգալի մասի մաքսանենգությամբ զբաղվելը, արտագաղթի ցանկությունը և թուրքական հետախուզական մարմիններին ծառայելը20։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին տարածաշրջանում արդեն աշխատում էին գերմանացի և թուրք հրահանգիչներ, որոնք թուրքացված ժողովրդին ամեն տեսակի աջակցություն էին խոստանում Մոսկվայի դեմ գործողությունների դեպքում։ Այս աշխատանքն իրականացվել է նաև Հյուսիսային Կովկասի մահմեդական բնակչության շրջանում։ Պատերազմի տարիներին գերմանական գործակալները ինտենսիվ աշխատել են ոչ միայն Սամցխեում, այլև Ջավախքում (Ախալքալաքի գյուղերում՝ Օկամի, Կարծեփ, Գոգաշեն և Կակիյա)։ ԽՍՀՄ-ի պարտության դեպքում մահմեդականներին երաշխավորվում էր լիակատար կրոնական և քաղաքական ազատություն։ 1942 թվականին պայմանավորվածություն ձեռք բերվեց Ստալինգրադում գերմանացիների հավանական հաջողությունից անմիջապես հետո Սամցխեում, այսպես կոչված, «կովկասյան ճակատ» բացելու մասին։ Մեսխեթցի թուրքերի ապստամբությունը պետք է օժանդակություն ստանար Հյուսիսային Կովկասի մահմեդականների կողմից՝ հզոր ապստամբության տեսքով, ինչի հետևանքը լինելու էր Թուրքիայի ներխուժումը։ Ստալինգրադի մոտ գերմանացիների պարտությունից հետո տվյալ համաձայնությունը ուժը չկորցրեց և որոշվեց մշակված սցենարը գործարկել Կուրսկի ճակատամարտից անմիջապես հետո։ 1943 թվականին Կուրսկի մոտ ձախողումը, որը նշանավորեց պատերազմի ընթացքի արմատական փոփոխության անշրջելիությունը, 1944 թվականին հանգեցրեց ֆաշիստների հետ համագործակցած ժողովուրդների արտաքսմանը: Մեսխեթցի թուրքերը վերաբնակեցվեցին Ղազախստանում և Միջին Ասիայի այլ հանրապետություններում21։

Նշված շրջաններում մեսխեթցի թուրքերի վերաբնակեցումը միտված էր նաև սուբէթնիկ այդ ենթախմբի ինտեգրմանը և ձուլմանը իր համար հոգեհարազատ միջավայրում: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ «բնիկ» և «եկվոր» հասկացությունների սոցիալ-հոգեբանական հակադրությունից բացի, մեծ դեր խաղաց նաև մարդաբանական գործոնը և էթնոհոգեբանական հակադրությունը՝ եվրոպեոիդ-մոնղոլոիդ տեսակների միջև22։ Վերը նշվածում արդեն անդրադարձել ենք թուրք մեսխեթցիների կամ մեսխեթցի թուրքերի՝ որպես սուբէթնիկ խմբի, առաջացման պատճառներին և պատմականորեն ձևավորված հանգամանքներին: Դրանով է բացատրվում, թե ինչու մեսխեթցի թուրքերը չինտեգրվեցին «հոգեհարազատ» թյուրքական միջավայրին, մինչև վերջ օտար համարվեցին, և նաև իրենք օտար համարեցին այն միջավայրը, ուր վերաբնակեցվել էին: Դրա հետևանքը դարձավ 1989 թ. Ուզբեկստանում գտնվող Ֆերգանայի հովտում տեղի ունեցած ողբերգությունը: Մեսխեթցի թուրքերը ստիպված էին լքել բնակելի տարածքները և ապաստան գտնել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի և Ղազախստանի շրջաններում:

Հարցը հայտնվեց նաև Թուրքիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Սկզբնական փուլում թուրքական կառավարությունը փորձեց մեսխեթցի թուրքերին բնակեցնել Թուրքիայում։

1992 թ. ընդունվեց օրենք, որը նպաստում էր նախկին խորհրդային հանրապետություններից մեսխեթցի թուրքերի ներգաղթին։ Նրանց մեծ մասը բնակեցվեց պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում։

Վերջին մի քանի տարիներին Թուրքիա տեղափոխված մեսխեթցի թուրքերի մեծ մասը Ուկրաինայի արևելյան շրջաններից է, որին նույնպես Թուրքիայի իշխանությունները փորձում են բնակեցնել երկրի արևելյան շրջաններում՝ պատմական Արևմտյան Հայաստանում՝ չնայած որ մեսխեթցի թուրքերի մեծ մասը ձգտում է տեղափոխվել տնտեսապես ավելի զարգացած շրջաններ23։ Ակնհայտ է, որ մեսխեթցի թուրքերին Արևմտյան Հայաստանի տարածքում վերաբնակեցնելով՝ Թուրքիան մտադրվում էր ներազդել տեղի ժողովրդագրական կազմի վրա, որտեղ գերակշռում են քրդերը: Հոդվածի սկզբում արդեն անդրադարձել ենք այն խնդրին, թե ինչպես է Թուրքիան քաղաքական հարցեր լուծում թյուրքական ծագում ունեցող փոքրամասնությունների միջոցով, և թուրք մեսխեթցիները ևս այս հարցում բացառություն չեն:

Հատկանշական է, որ երբ Վրաստանը 1999 թ․ դարձավ Եվրախորհրդի անդամ, ԵԽԽՎ-ում թուրք պատվիրակները լատվիացի գործընկերների հետ նախաձեռնեցին մեսխեթցի թուրքերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադառնալու հարցը: Սակայն վրացական իշխանությունները առ այսօր ձգձգում են ստանձնած պարտավորությունների կատարումը, քանի որ հասկանում են, թե Սամցխե-Ջավախքում թուրք-մեսխեթցիների կոմպակտ բնակեցումն ինչպիսի վտանգներով է հղի: Վրացական իշխանությունները առաջ են քաշում նախապայման, ըստ որի՝ հանրապետությունը պատրաստ է ընդունել միայն այն մեսխեթցի ընտանիքներին, որոնք իրենց պատմական հայրենիքն են համարում ողջ Վրաստանը, այլ ոչ թե նրա առանձին շրջանը։ Վրաստանի այն ժամանակվա պետնախարար Գեորգի Խաինդրավան, որը զբաղվում էր մեսխեթցիների հայրենադարձության հարցով, հայտարարել է, որ երկրի իշխանությունները, իհարկե, ողջունում են թուրք մեսխեթցիների վերադարձը Վրաստան, սակայն նշել է, որ Թբիլիսին չի դիտարկում Սամցխեի (Մեսխեթիա) շրջանում մեսխեթցի թուրքերի բնակեցման հնարավորությունը։ Խաինդրավայի խոսքով՝ երկրի ղեկավարությունը ողջունում է բոլոր այն մարդկանց վերադարձը, որոնք ամբողջ Վրաստանն են համարում իրենց հայրենիքը, այլ ոչ թե նրա առանձին վերցրած շրջանը24։

Ակնհայտորեն, խնդրի վերաբերյալ այս տեսակետը աջակցություն չգտավ Վրաստան վերադառնալու մտադրություն ունեցող մեսխեթցի թուրքերի մեծամասնության մեջ։ Հետաքրքիր են Թուրքիայից «Մեսխեթցի թուրքերի միությունների ֆեդերացիայի» նախագահ Օսման Չելիքի, «Վաթան» (vatan-հայրենիք) կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղի նախագահ Իբրահիմ Բուրխանովի, ինչպես նաև Ինգուշեթիայում թուրք մեսխեթցիներին ներկայացնող Քամալ Ամրիևի հայտարարությունները։ Օսման Չելիքը ասաց հետևյալը. «Մենք ցանկանում ենք վերադառնալ Ահըսկայի (Ախալցխա) հողեր: Մեր ժողովուրդը չի գնա այլ շրջաններ: Մենք տեղյակ ենք, որ վերադարձին դեմ է տեղի հայ բնակչությունը: Ես կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունները պետք է աշխատեն այդ ուղղությամբ»25։ Նույնաբովանդակ էին նաև մյուսների հայտարարությունները: Բոլորը միակարծիք էին կոնկրետ Սամցխեի շրջան վերադառնալու հարցում:

Թուրքիայի կառավարությունը 1990-ական թվականների երկրորդ կեսին սկսեց ավելի ակտիվ աջակցել Սամցխե-Ջավախեթի վերադառնալու պահանջով հանդես եկող կազմակերպություններին։ Այս կազմակերպություններից Անկարայի աջակցությունը ստացան Թուրքիա տեղափոխվելու և բացառապես Սամցխե-Ջավախեթի վերադառնալու կոչ անող կազմակերպությունները։ Թուրքիան նաև փորձեց քայլեր ձեռնարկել իրարից անկախ կազմակերպություններին համախմբելու և ավելի արդյունավետ գործելու ուղղությամբ։ Այդ նպատակով 2003 թ. օգոստոսին Թուրքիայում գործող մեսխեթցի թուրքերի շուրջ 20 կազմակերպություններից ինը ձևավորեց «Ահըսկա թուրքերի կազմակերպությունների միությունը»26։

Անկարան, անտարակույս, պնդելու է իր դիրքորոշումը Սամցխե-Ջավախքի սահմանամերձ շրջաններ թուրք մեսխեթցիների վերադարձի հարցում, քանի որ դրա շնորհիվ Վրաստանի հարավում, հաշվի առնելով նաև Քվեմո-Քարթլիի (Մարնեուլի) ադրբեջանաբնակ շրջանը, կձևավորվի թյուրքական գոտի, որը կկապի Թուրքիան Ադրբեջանի հետ, իսկ այնտեղից էլ՝ Միջին Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ։ Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հետ կապված խոսակցությունները նույնպես հարկավոր է դիտարկել նույն քաղաքական համատեքստում, այսինքն՝ նպատակը Հայաստանի դեմոգրաֆիկ կազմի փոփոխությունն է և Անկարայի քաղաքականությանը լոյալ տրամադրված բնակչության թվաքանակի աճը: Թուրքիան շահարկելով թյուրք փոքրամասնությունների խնդիրը՝ դեմոգրաֆիկ ականներ է տեղադրում իր ազգային շահերի գոտու ողջ պարագծով և ցանկացած ժամանակ սադրանքների միջոցով կարող է պայթյունավտանգ դարձնել այդ ականները՝ ռազմական ինտերվենցիա իրականացնելու համար: Արդեն անդրադարձել ենք այն խնդրին, թե ինչպես է Անկարան իրեն դրսևորում իր ցեղակիցների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու պատրվակի ներքո: Թուրքիան իրականացնում է հստակ և նպատակաուղղված քաղաքականություն, որի սլաքները ուղղված են գլխավորապես Հայաստանի դեմ: Իսկ Հայաստանին որպես գործոն չեզոքացնելուց հետո հերթը կհասնի (կարող ենք ասել՝ արդեն հասել է) Վրաստանին, քանի որ Հայաստանը միակ պատնեշն է Հարավային Կովկասի թյուրքացման ճանապարհին:

__________________________

Հղումներ

1․ https://www.dailysabah.com/politics/diplomacy/turkey-marks-77th-anniversary-of-deportation-of-ahiska-turks։
2․ Տե՛ս նույն տեղում։
3․ Ս.Մուրադյան, « Թուրքը ոչ միայն յաթաղանով, այլև փափուկ ուժի միջոցով՝ բամբակով է վիզ կտրում», Երկիր օրաթերթ, 10-11-2022 https://www.yerkir.am/public/hy/article/2022/11/10/2740։
4․ http://www.armeniansgenocide-am.armin.am/am/Encyclopedia_Of_armenian_genocide_Azgayin_uxt։
5․ https://www.aa.com.tr/tr/turkiye/cumhurbaskanligi-sozcusu-kalin-turkiyenin-guvenligi-misak-i-milli-sinirlarinin-otesinde-baslar/1686836։
6․ https://www.ozgidais.org.tr/makale/674/turkiye-osmanli-topraklarina-geri-donuyor։
7․ Հայ քաղաքական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը 1924թ. հրատարակած իր «Հայ-թուրքական կնճիռը» աշխատությունում գրում էր հետևյալը պանթյուրքիզմի մասին. «Նրանք ռուսին համարում էին իրենց մահացու թշնամի, որովհետև նա իր ծոցում ուներ 26 միլիոնից ավելի իրենց ցեղակից հպատակներ, որոնք գլխավորապես ապրում էին Տաճկաստան սահմանամերձ վայրերում, ինչպես, օրինակ, Պարսկաստանի Ատրպատականը և Անդրկովկասի Ադրբեջանն էր։ Այդ երկրամասերի բնակչության ճնշող մեծամասնությունը ցեղակից թաթարներ էին, և եթե նրանց մեջտեղը չլինեին հայերը, վրացիները, քրդերը և պարսիկները, այն ժամանակ Պոլսից մինչև Չինական պատերը նրանք կունենային կրոնով իսլամ ու ցեղակից միապաղաղ ազգություն։ Երբ իրագործվի այդ միությունը, մյուս իսլամներն էլ պիտի համախմբվեն և ենթարկվեն այդ միության, և մոտիկ ապագայում, ինչպես Լենկթեմուրի ժամանակները, այդ հսկա ուժը տեր և տիրական պիտի դառնա ամբողջ Արևելքին»:
8․ Նեոօսմանիզմ, թուրքերեն՝ Yeni Osmanlıcılık. քաղաքական գաղափարախոսություն Թուրքիայում, որի բովանդակությունը կայանում է նախկին Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող երկրներում քաղաքական ազդեցության մեծացման մեջ, որի իրավահաջորդը ժամանակակից Թուրքիան է։ Վերջերս փորձ է արվում Թուրքիայի սահմաններում նույնպես վերականգնել նեոօսմանիզմ հասկացությունը՝ Օսմանյան կայսրության մշակույթին և ավանդույթներին համահունչ։
9․ https://www.dw.com/en/turkmens-an-ethnic-group-at-the-center-of-the-syrian-conflict/a-18876277։
10․ https://today.lorientlejour.com/article/1207121/the-turkmen-their-heart-in-syria-their-mind-in-turkey.html։
1․1 https://www.bbc.com/news/world-middle-east-34910389։
12․ https://www.aljazeera.com.tr/haber-analiz/kibris-sorunu-ve-turkiyeli-gocmenler, տե՛ս նաև https://www.kibrispostasi.com/c35-KIBRIS_HABERLERI/n91101-turkiyelikibrisli-tartismasi-kimliksiz-kibrislilar։
13․ Арис Казинян, Грузия и американо-турецкий проект по возвращению турок-месхетинцев: история и реальность https://regnum.ru/news/polit/671851.html։
14․ Տե՛ս նույն տեղում։
15․ Арис Казинян նշվ․ աշխ․, տե՛ս նաև Կ. Գալոյան «Մեսխեթցի թուրքերի հիմնախնդիրը Թուրքիայի քաղաքականության համատեքստում», http://geopolitika.am/dir/wp-content/blogs.dir/1/files/2019.3_41_45.pdf։
16․ Տե՛ս Арис Казинян, նշվ․ աշխ․,։
17․ Stephen F. Jones. Meskhetians: Muslim Georgians or Meskhetian Turks? A Community without a Homeland https://www.jstor.org/stable/45411878։
18․ Б. Маилян, Между Грузией и Турцией: особенности ирредентизма в Аджарии и Самцхе-Месхетии։
19․ Տե՛ս ․ Տե՛ս Арис Казинян, նշվ․ աշխ․,։
20․ Տե՛ս Կ. Գալոյան նշվ․ աշխ․, տե՛ս նաև Докладная записка наркома внутренних дел Л.П. Берии И.В. Сталину, В.М. Молотову, Г.М. Маленкову о проведении операции по переселению турок, курдов и хемшинов из пограничных районов Грузинской ССР / Архив Александра Н. Яковлева – www.alexanderyakovlev.org/fond /issues-doc/1022541 (07.01.2019)։
21․ Տե՛ս Арис Казинян, նշվ․ աշխ․։
22․ Նույն տեղում։
23․ Տե՛ս Կ. Գալոյան, նշվ․ աշխ․։
24․ Տե՛ս Арис Казинян, նշվ․ աշխ․։
25․ Նույն տեղում։
26․ Տե՛ս Կ. Գալոյան, նշվ․ աշխ․։

Սաբինա Մուրադյան
Թուրքագետ

«Դրօշակ» թիվ 2, 2023թ