Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017-ի նոյեմբերի 15-ին ԱԺ-ն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր տարկետման իրավունքի սահմանափակում։ Ասպիրանտուրայում սովորողների տարկետումը, ըստ նախագծի, պահպանվում է մինչև 2020թ.։
Նախքան օրենքի ընդունումն էլ նշվում էր, որ մի շարք մասնագիտությունների գծով կլինեն բացառություններ:
ՀՀ մշակույթի նախարարի N 313-Ա հրամանով՝ սահմանվել է մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մշակույթի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառների մասնագետներ:
Ըստ այդմ՝ հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից՝ Նազենի Ղարիբյան /հանձնաժողովի նախագահ/, Հայկազ Խեչումյան /քարտուղար/, Գաբրիել Բալայան, Նորիկ Սմբատյան, Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Դիվանյան, Վիլեն Գալստյան, Էդուարդ Թադևոսյան, Արմեն Բաբախանյան, Անետա Երզնկյան, Արմեն Հյուսնունց:
Ի դեպ, հանձնաժողովի անդամները ներկայացված դիմումները և փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բաց քվեարկում են:
Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները, կամ էլ՝ նրա կողմից նշված որևէ անձ: Բացի այդ՝ հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ ու լրագրողներ: Հանձնաժողովի նիuտերը կարձանագրվեն և կտեսաձայնագրվեն:
Ի դեպ, ՀՀ կառավարության ապրիլի 12-ի N 457-Ն որոշման համաձայն՝ հաստատվել էին տարկետում ստանալու պայմանները: Ըստ այդմ՝ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում՝
1) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն մեկ նախագծի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթող կամ մրցանակակիր դարձած ու մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները.
2) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն երկու նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները.
3) միջազգային հեղինակավոր հարթակներում (բեմերում) և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:
Նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն կառավարության որոշմամբ տարկետում տրվում է երկու տարի ժամկետով: Սակայն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն կրկին անգամ կարող է տրվել տարկետում:
Հայտնի է նաև, թե կատարողական արվեստի բնագավառում որ նախագծեր են համարվում «միջազգային հեղինակավոր»: