Փոխարժեքներ
25 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Իսրայելական ռազմական օդանավերն օգոստոսի 25-ին հարվածել են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի «Նասեր» բժշկական համալիրին, որի հետևանքով առնվազն 15 զոհ է գրանցվել, վիրավորվել են տասնյակ մարդիկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Զոհերի շարքում են 4 լրագրող, այդ թվում՝ Al Jazeera-ի օպերատոր Մոհամմեդ Սալաման և Reuters-ի օպերատոր Հուսամ ալ-Մասրին։ Associated Press-ի պաշտոնյան հաստատել է, որ առավոտյան «Նասեր» բժշկական համալիրի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհված չորս լրագրողներից մեկը՝ Մարիամ Աբու Դաքքան է, որն աշխատում էր գործակալության համար։
Տեղեկությունների համաձայն՝ ռմբակոծությունն ուղղակիորեն ուղղված է եղել հիվանդանոցի չորրորդ հարկին, որին հաջորդել է համալիրի տարածքում գտնվող «Յասին» շենքի վրա երկրորդ հարձակումը։
Գազայի կառավարության վիճակագրության համաձայն՝ իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհված լրագրողների թիվը հասել է 244 -ի։
Իսրայելի զինված ուժերը և վարչապետի գրասենյակը դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել հարվածների վերաբերյալ։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 62622 հազարի, վիրավորվել է 157673 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250-ը։