Փոխարժեքներ
25 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․
«Վերջին ամիսների իրադարձություններից մեկին օրերս անդրադարձավ նաև ՍիվիլՆեթը՝ փորձելով Արթիկի հրապարակում գտնվող 1941-1945թվականների Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի նախատեսվող ապամոնտաժումը և վերատեղադրումը ներկայացնել որպես համայնքի համար դրական ու անհրաժեշտ նախաձեռնություն։ Զարմանալի չէ նաև, որ այդ հոդվածի մեջ անուղղակի մեղադրանքներ հնչեցին հենց բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր բարձրաձայնել էին հուշարձանի պահպանման անհրաժեշտության մասին։ Այդպիսով, այդ գործընթացին դեմ արտահայտվողներին փորձ է արվում պիտակավորել՝ որպես իբր առաջընթացի «խանգարող» ուժ։
Պետք է նշեմ, որ Արթիկ համայնքի ղեկավարությունը պատրաստվում է հուշարձանն ապամոնտաժել և վերատեղադրել Անկախության փողոց 3/5 հասցեում(Լենինի նախկին հուշարձանի տարածք)։
Ես, այո՝ նորից ու նորից հաստատում եմ, որ Արթիկի համայնքապետարանն այս հարցում գործել է գաղտնագողի։ Եվ ի հավելումն այդ ամենի պետք է նշեմ, որ հուշարձանը վերջին տարիների ընթացքում որևէ անգամ չի վերանորոգվել, որևէ միջոց չի ձեռնարկվել այն պահպանելու կամ վերականգնելու ուղղությամբ։
Ու սա պարզապես տեխնիկական ապամոնտաժում չէ։
Սա ուղիղ հարված է մեր պատմական անցյալին, ազգային հիշողությանը, ռուս-հայկական դարավոր բարեկամությանը, որի խորհրդանիշներից է հենց այդ հուշարձանը։ Այսօր, երբ մեր պետական քաղաքականությունը ձգտում է մոռացության տալ և՛ Արցախը, և՛ ռազմակից դաշնակիցների հետ պատմական կապը, նման գործողությունները պատահական չեն։
Այս ամենը միայն տեղական նախաձեռնություն չէ։
Սա ապազգային իշխանությունների կողմից հստակ իրականացվող քաղաքականություն է, որի նպատակը պատմական հիշողության համակարգված մաշեցումն ու ապամոնտաժումն է՝ այդ թվում խորհրդանիշների, հուշարձանների, պատմության վերաձևման և ազգային ինքնության վերաշարադրության միջոցով։ Երբ մշակութային ժառանգությունն ու պատմական փաստերը խանգարում են նորացված իշխանական նարատիվին՝ դրանք պարզապես հեռացվում են։
Չնայած այն հանգամանքին, որ այսօրվա իշխանությունը փաստացիորեն դավաճանել է Արցախի Հանրապետությանը՝ հանձնելով ոչ միայն տարածքներ, այլ նաև մեր հազարավոր տարիների պատմամշակութային ժառանգություն` վայրենաբար վերաբերվող ադրբեջանական վերահսկողությանը, դժվար է որևէ այլ վերաբերմունք սպասել նման վարչակարգից նաև Հայաստանի ներսում՝ այդ թվում՝ Արթիկում։
Երբ հուշարձանները համարվում են բեռ կամ արգելք «զարգացման» համար, իսկ այդ մոտեցման քննադատությունը՝ չարամտություն կամ անհարկի հռետորաբանություն, ակնհայտ է դառնում, որ այստեղ մշակույթը չի արժևորվում՝ ոչ որպես ինքնության հիմք, ոչ էլ որպես հանրային հիշողության կրող։
Իսկ իրականում՝ խնդիրն ունի շատ պարզ և ողջամիտ լուծում։ Եթե համայնքի ղեկավարությունը մտահոգված է Արթիկում հանգստի գոտի ստեղծելու հարցով, ապա դա կարելի է անել նույն՝ «Բարեկամության» այգու տարածքում, տեղադրելով հրապարակի համար նածատեսված շատրվանը, կառուցելով բարեկարգ ուղիներ, նստարաններ և իրականում վերածելով այն արթիկցիների համար արժանապատիվ հանգստի վայրի։
Իսկ 1941-1945թվականների Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը՝ պետք է մնա իր տեղում։
Պատմական հիշողությունը չեն վերացնում։
Հուշարձանը պետք է անհապաղ վերանորոգել, տարածքը բարեկարգել և պահել արժանապատվորեն, ինչպես անում են այն իշխանությունները, որոնք հարգում են իրենց անցյալը։
Եվ վերջում՝ որևէ պաշտոնյա, թե համայնքային, թե հանրապետական մակարդակով, ով այս գործընթացին աջակցում է՝ իր ստորագրությամբ, թույլտվությամբ կամ անգործությամբ, ապագայում անպայման պատասխան է տալու։ Թե՛ քաղաքական, և թե՛ իրավական հարթակում։
Պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափելու։
Հ․Գ․
Ս/թ հուլիսի 3-ին տեղի ունեցած ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստի ընթացքում, մասնակիցներից մեկը հարց է բարձրացնում, թե ինչո՞վ է հիմնավորված, որ հուշարձանը ցանկանում են հրապարակից տեղափոխել։ Զեկուցողը պատասխանում է(մեջբերում եմ բառացի նիստի արձանագրությունից), Արթիկի գլխավոր հրապարակում հուշարձանն է, որտեղ առկա են քարեր զոհվածների անուններով, քարը հրապարակին ավելի տխուր տեսք է տալիս»։
Հարգելի՛ արթիկցիներ, հետևությունները թողնում եմ ձեզ։