կարևոր
661 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-18 12:55
Հասարակություն

Փաշինյան, դուք համաձայնվել եք դառնալ տիկնիկ նրանց ձեռքում, ովքեր ատում են Հայաստանը և ձգտում են նրա ոչնչացմանը. Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը՝ բյուջեի 2024թ․ կատարողականի վերաբերյալ ներկայացնում ենք ստորև։

Սիրելի հայրենակիցներ: Կառավարությունը ներկայացնում է «Ինչպես ավելի արագ ոչնչացնել Հայաստանը» ծրագրի բյուջեի 2024թ. կատարողականը:

Եվ այս ամենը սկսում են մեծարգո, մեծարգոյով:

Ի՞նչ մեծարգո: Այն ամենը, որ անում է այս իշխանությունը մեր երկրի հետ, ընդհանրապես հարգանքի արժանի չէ: Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ նրանց թուլությունն ու անկայունությունը ինչպե՞ս կարող են արժանանալ հարգանքի:

Իսկ կարող է՞ ձեր ասած մեծ արգոն արգո բառի մյուս իմաստով է՝ որևէ ենթամշակութի ծածկալեզու, գողալեզու: Դե ըտենց ասեք, հասկանանք: Հատկապես կառավարության ղեկավարի ու նրա կնոջ օգտագործած բառապաշարի համատեքստում:

Այժմ բյուջեի մասին:

Բյուջեի կատարողականը այն մասին է, թե ինչպես եք ձեր մեծամասնությամբ երկիրը միտումնավոր տանում անդունդ:

Դուք իշխանության ձեր ճանապարհը անցել եք ոչ թե ազնվությամբ ու սկզբունքներով, այլ ձեր ընտրողներին դավաճանելով, բոլոր տրված խոստումների՝ նենգ խախտումով։ Դուք համաձայնել եք պաշտոնի դիմաց դառնալ տիկնիկ նրանց ձեռքում, ովքեր ատում են Հայաստանը և ձգտում են նրա ոչնչացմանը։ Դուք ամենավատ մղձավանջն եք բոլոր նրանց համար, ովքեր հավատացել են ձեր կեղծ խոսքերին:

Դուք պարզապես չեք կրկնապատկել մեր երկրի արտաքին պարտքը։ Դուք զրոյացրել եք մեր երեխաների ապագան՝ նրանց դնելով տասնամյակներ շարունակվող պարտքային ստրկության մեջ, որտեղից շատ դժվար է դուրս գալը։

Դուք հանգիստ հաշտվում եք միլիոնների հասնող կոռուպցիոն գործարքների հետ, որ ծաղկում ու բազմանում է ձեր իշխանության օրոք:

Դուք խաղում եք նոր հարկերի ներդրման ու գոյություն ունեցող  հարկերի բարձրացման քաղաքականությամբ։

 Սա պարզապես նախընտրական խոստումների խախտում չէ։ Սա արհամարհանք է բոլոր նրանց հանդեպ, ովքեր հավատացին ձեր սուտ խոսքերին։ Սա ժողովրդի թալան է՝ իրականացված պետական կառավարման դիմակի ներքո։ Սա պարզապես սխալ չէ։ Սա սեփական երկրի տնտեսական սպանություն է։

Դուք ընտրություններից առաջ մի բան էիք խոստանում, իսկ իշխանության գալուց հետո արեցիք ճիշտ հակառակը։

Ասածիս հիմնավորումը սկսեմ ժողովրդագրությունից:

Հաստատել եք «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ. ռազմավարությունը»:

Ռազմավարության գերակայություններ եք հայտարարել

Ծնելիության մակարդակի  աճը

Մահացածության մակարդակի նվազեցումը

Սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ակտիվ ներգրավում

Թիրախավորված միգրացիայի ապահովում:

Իսկ ի՞նչ եք արել այս ուղղություններով:

Ասեմ. ամեն ինչ, որ հայը արտագաղթի Հայաստանից:

Եվ դա անում եք հանրային կյանքի բոլոր ոլորտներում ձեր քաղաքականությամբ:

Կրթության ոլորտ – նորից 300 դպրոց, 500 մանկապարտեզ: Մինչև հիմա կառուցվել, հիմնանորոգվել, վերանորոգվել է ընդամենը 40 դպրոց, ասել է թե ծրագրային ձեր խոստման 13%-ը և հաստատվել է 300 դպրոցների ցանկը: Միայն կատարողականի այս նախադասությունը արդեն հերիք է, որ ՔՊ պատգամավորները հասկանային, որ կառավարությունը իրենց ծաղրում է:

Բայց ամբողջ թիմով ինձ հակադարձման մի հետաքրքիր բանաձև եք մշակել:

Մինչև 2026թ. գարուն կսարքե՛նք, էլի:

Ախր հարցը միայն ծրագրում գրած ձեր խոստումը չի: Որևէ մեկդ նայել ե՞ք, թե ինչ է գրված ձեր կողից հաստատված «ՀՀ Կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիր» - օրենքից բխող գործողությունների ծրագրում: Ասեմ.

Հիմնանորոգված/ վերանորոգված հանրակրթական հաստատությունների թիվը հասցված է՝

 2023 թ.- 92

2024 թ.- 185

Միչև 2026 թ.- 300

Լսում ե՞ք, …սա օրենքի պահանջ է:

Փաստորեն 2023, 2024, արդեն 2025թթ օրենքի պահանջը չեք կատարել, իսկ տ-ն նախարարը ինձ է ասում, հանգիստ եղեք, մինչև 2026թ գարուն կկառուցենք: Լսեք, օրենքի պահանջի չկատարման համար դուք պետք է անհանգստանաք, ոչ թե ես:

Նույն պատկերն է նաև 500 մանկապարտեզներւի հարցում:

Հաջորդը. Խոստացել եք ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների մասնաբաժինը հասցնել

Մինչև 2026 թ. - 60%

Իսկ իրականում այսօրվա դրությամբ  ուսուցիչների միայն 20%-ն է կամավոր ատեստավորման արդյունքում ունեցել բարձրացված դրույքաչափով աշխատավարձ, 1 տարվա մեջ՝ 5%: Այս տեմպերով մեզ դեռ 16 տարի էլ պետք է:

Եվ ընդհանրապես փորձեք անցնել այդ օրենքի գործողությունների ծրագրի տողերով:

Եթե կգտնեք առնվազն 30% խոստումների կատարում, ապա ինչպես ասում են, հալալա ձեզ:

Հաջորդը.

Շրջանառության մեջ եք դրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծ, որի կիրարկումից 3 տարի անց որպես արդյունք կունենանք փակված մարզային բուհեր:

Ովքեր կփորձեն հակադարձել, առաջարկում եմ նորից կարդալ կամ լսել այդ թեմայով իմ հիմնավորումները:

Բա սա  մարզերից երիտասարդների  կամ մայրաքաղաք, կամ այլ երկիր արտագաղթի ապահովում չէ, ի՞նչ է:

Խոսեմ առողջապահության ոլորտից։

Ըստ ՔՊ խոստումների. դեռևս 2024թ-ի առողջության համապարփակ ապահովագրության համակարգը  պետք է փուլ առ փուլ կյանքի կոչվեր:

Դա չեղավ և այն հարցիս, թե երբ վերջապես կներդրվի համակարգը, նախարարը տալիս է փայլուն պատասխան.

Հենց որ քննարկումները, նախապատրաստական աշխատանքները ավարտվեն ու մտնի ԱԺ, ԱԺ-ն էլ հաստատի, այ դրանից 6 ամիս հետո:

Հրաշալի պատասխան:

Կարճ ասած, սիրելի հայրենակիցներ, այդ համակարգի ներդրման խոստումն էլ մնաց օդում կախված:

Հաջորդը. Նորից շաքարային դիաբետի կանխարգելման և բուժման ծառայությունների մասին:

Եվ ես ձեզ նորից եմ հիշեցնում 31 ներզատաբանների դիմումի մասին, ովքեր ահազանգել են նախարարության կողմից դանիական ինսուլինը լեհական Գենսուլինով փոխարինման հնարավոր բացասական հետևանքների մասին:

Բժիշկները նշել էին նաև, որ  նոր ինսուլինի ոչ բավարար էֆեկտիվությունը բերելու է չափաբաժինների ավելացման, հետևաբար նաև գնումների ծավալի աճի, որն էլ իր հերթին՝ բյուջեի միջոցների անտեղի վատնումների, քանի որ գնային տարբերությունը մեկ չափաբաժնի հաշվով չնչին է եղել:

Հիմա սա գնային սխալ քաղաքականություն է՞, թե՞ մտածված:

Իսկ եթե հաշվի առնենք, որ շաքարային դիաբետը կարող է ուղեկցվել տարբեր օրգանների՝ աչքերի, երիկամների, նյարդերի, սրտի, արյունատար անոթների ախտահարումով և այլն, որոնք իրենց հերթին հանգեցնում են հիվանդացության և հաշմանդամության աճին, ապա ակընհայտ է արդյունքում առողջապահական ծախսերի զգալի  ավելացումը:

Լուրջ խնդիրներ կան նաև մանկական էնդոկրինոլոգիայի մասով, որոնց վերաբերյալ մանրամասն քննարկել ենք հանձնաժողովում և որոնց անդրադարձը օրվա հրամայական է:

Դեղերի հասանելիության ապահովման համատեքստում ինչ ունենք.

Լուրջ հիմնախնդիր է ՀՀ-ում գրանցված դեղերի քիչ քանակը: Միջազգային չափանիշներով  մեր երկրի բնակչության համար առձնվազն 7000-8000 անուն դեղ պետք է գրանցված լինի, իսկ ունենք դրանից շատ քիչ, գրեթե կեսի չափով:

Մեկ այլ իրավիճակ. Օնկոլոգիայի ոլորտում մեծ կիրառություն ունեցող հերցեպտինը պետությունը գնում է կոնկրետ կազմակերպությունից 340.000 դրամով,  սակայն գնված քանակը չի բավարարում և հիվանդները ձեռք են բերում դեղը Մոսկվայից 160-170000 դրամով: Հարց է առաջանում, էդ ի՞նչ գնային քաղաքականություն է վարում ԱՆ-ն, եթե գների նման տարբերություն կա:

Հիմա սա գնային սխալ քաղաքականություն է՞, թե մտածված, որը համ էլ նպաստելու է արտագաղթի տեմպերի ավելացմանը:

Այժմ ներգաղթի մասին.

Օրվա իշխանությունները Ձեզ խոստանում են խաղաղության համաձայնագիր, ինչը կլինի իրենց ձեռքին մի հաղթաթուղթ առաջիկա ընտրություններում ձեզնից քվե կորզելու և վերարտադրվելու համար:

Իրականում այդ համաձայնագիրը մեր երկիրը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու մասին է:

Մի կողմից համաձայնագրի ստորագրման դիմաց Ալիևը պահանջում է 300.000 ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում և ոչ միայն: Նրանց անվտանգությունն ապահովելու համար նա պահանջում է, որ մեր երկրում տեղակայվեն 3-րդ կողմի զինված ուժեր, այնպիսիք, որին վստահեն ադրբեջանցիները:

Պարզ է, չէ՞, թե ինչ 3-րդ կողմի մասին է խոսքը:

Մյուս կողմից նկոլիզմի 2-րդ թեզը հնչում է այսպես.

ժողովուրդը պետականակերտ ինստիտուտն է, իշխանության աղբյուրը և գերագույն կրողը:

Եվ ավելացվում է. Հայաստանի ժողովրդի մաս են նաև այլ ազգի ներկայացուցիչ ՀՀ քաղաքացիները:

Ի լրումն դրան  Արսեն Թորոսյանը խոսում է երկրում ժողովրդագրական լուրջ մարտահրավերների մասին և ասում.

Ժողովրդագրությունը կարող ենք բարելավել միայն ներգաղթով, ուրիշ տարբերակ չկա: Մեզ պետք են շատ մարդիկ, որ գան Հայաստան: Ակնհայտ է նաև, որ այդ շատ մարդիկ հայեր չեն լինելու:

Ինչու՞ չեք խոսում օրեցօր աճող արտագաղթի տեմպերի նվազեցման, մահացածության աճի կանխման անհրաժեշտության մասին, թե դա ձեզ ձեռք չի տալիս, և վերջապես ինչու չեք խոսում ծնելության աճի անհրաժեշտության մասին:

Միգուցե շեշտը դրվում է հենց ներգաղթի ապահովման վրա, որովհետև դա կնպաստի Ալիևի պահանջի կատարմա՞նը:

Սիրելի հայրենակիցներ, եթե փորձենք հաշվել, թե ինչքան ժամանակ է պետք 300.000 ադրբեջանցիներին՝ դառնալու մեր երկրում ընտրողների ցուցակի կրիտիկական զանգված, ընտրությունների արդյունքի վրա էապես ազդող ուժ, ապա կտեսնենք, որ շատ կարճ ժամանակում նրանք կարող են հասնել այդ արդյունքին:

Փաստորեն ՔՊ-ն առաջարկում է «Ադրբեջանցիները ներգաղթում են, իսկ հայերը՝ արտագաղթում» բանաձևը:

Բա երկիրը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելն էլ ո՞նց է լինում:

Սա խաղաղության համաձայնագիր չէ, սա ցեղասպանություն իրականացրած ազգի ներկայացուցիչներով մեր երկիրը բնակեցնելու արդյունքում երկիրը թշնամուն հանձնելու ծրագիր է:

Սա ձեր իշխանությունը երկարացնելու ծրագրի բյուջեի կատարողական է:

Դուք ի վիճակի եք պատասխանելու միայն 1 հարցի.

Ինչպե՞ս ավելի արագ կործանել Հայաստանը:

Եվ ես միշտ ասել ու կրկնում եմ.

Դուք պարզապես սխալ չեք գործել, դուք գիտակցաբար եք երկիրը հասցրել այս վիճակի:

Եվ վերջում. Դադարեցրեք ձեր կեղտոտ արշավը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ: Առաքելական եկեղեցու հետևորդները դա ձեզ երբե՛ք չեն ների:

Ձեզ հանդուրժելու ժամանակն այլևս անցել է: Երկրի փրկությունն ու ապագան գտնվում են նրանց ձեռքերում: Նրանք գալիս են ու գալու են՝ իրենց ձևով մասնակցելու երկրի փրկության գործին:

Այս ճշմարտությունը ձեր դատավճիռն է:

Հա՛յր մեր, որ յերկինս ես: Փրկեա զմեզ այս չարիքից, զի քո է արքայություն, և զորություն, և փառք հավիտյանս: Ամե՛ն: