կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-30 12:40
Քաղաքական

Կառավարությունը բավական համարձակ փոփոխությունների է գնացել. Աղվան Վարդանյան

Կառավարությունը բավական համարձակ փոփոխությունների է գնացել. Աղվան Վարդանյան

Այս և եկող տարիները լինելու են, ինչպես կառավարությունն է հավաստիացնում և ինչի հետ ինքս էլ համամիտ եմ, տնտեսական իրավիճակը կայունացնող տարիներ, և հիմք պետք է ստեղծվի հետագա՝ ավելի զարգացման ու տնտեսական այնպիսի աճի համար, որոնք հնարավորություն կտան նաև մեր հիմնարար խնդիրներին մոտենալ՝ աշխատավարձեր, թոշակներ. ԱԺ ճեպազրույցի ժամին նման կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ըստ պատգամավորի` կառավարությունը բավական համարձակ փոփոխությունների է գնացել: Նրա խոսքով՝ ԱԺ նոր կանոնակարգը հնարավորություն է տվել իրականացնելու ոլորտային քննարկումներ մինչև ԱԺ հանձնաժողովներում  բյուջետային քննարկումները: «Օրինակ` մեր հանձնաժողովը՝ առողջապահության և սոցիալական հարցերի, երկու առանձին նիստ է նվիրել 2018-ի առողջապահության և սոցիալական ոլորտի բյուջեի քննարկմանը: Ինձ համար վերջին տարիների բյուջեի հիմնական ցուցանիշը եղել է ընթացիկ ծախսերի և կապիտալ ծախսերի հարաբերակցությունը: Ցավոք, վերջին տարիներին մենք անընդհատ կապիտալ ծախսերի շատ փոքր չափաբաժին էինք ունենում և ընթացիկ ծախսերի կայուն իրավիճակ: Եկող տարի նախատեսվում է 100 միլիարդով ավելացնել բյուջեն, որի 70 տոկոսը գնալու է դեպի  կապիտալ ծախսեր, իսկ առանց կապիտալ ծախսերի իրականացման, կապիտալ ներդրումների զարգացում ակնկալել հնարավոր չէ»,- ասաց Վարդանյանը:

Հարցին, թե հաջորդ տարի աշխատավարձերի բարձրացում չպե՞տք է ակնկալենք, նա պատասխանեց, որ բյուջեում նման բան նախատեսված չէ: «Նախ` անհրաժեշտ է տնտեսական իրավիճակը կայունացնել: Աշխատավարձի բարձրացման մասին հնարավոր է խոսել  գոնե 5 տոկոս աճի պայմաններում: Եկող տարի նախատեսում ենք 4,5 տոկոս աճ, բայց մենք այնպիսի դիրքերում ենք, որ առնվազն անհրաժեշտ է նախ որոշակի կայունացում, ճանապարհի շարունակությունը տեսնել, որ նաև մտածենք այդ մասին: Երբ ես ասում եմ, որ ինձ համար կարևորը կապիտալ և ընթացիկ ծախսերի հարաբերակցությունն է, իսկ կապիտալ ծախսերը մեր աշխատավարձերն են, թոշակները, որոնք գրեթե նույնական են, այս է, որ կարևոր է տեսնել կառավարության գործունեության մեջ՝ իբրև հիմնական փոփոխություն»,- ասաց պատգամավորը:

Խոսելով առողջապահական ոլորտում իրականացվող փոփոխությունների մասին՝ Վարդանյանը նշեց, որ ոլորտի բարեփոխումներն իրեն հույս են ներշնչում, որ իսկապես ունենալու ենք քաղաքացու շահերից ելնող դրական միտումներ, որոնք արդեն, կարծես, առկա են: Նույնը, ըստ պատգամավորի, նաև սոցիալական ոլորտում է: «Այստեղ մեկ ուրիշ խնդիր ունենք՝ բացի ֆինանսական հնարավորությունների մեծացումից, գաղտնիք չէ, որ առողջապահական համակարգում ոչ միայն պետբյուջեի միջոցներն են, այլ նաև «սև փողերը»: Այս բարեփոխումներն իսկապես քաղաքացիների վիճակի բարելավմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելուն են ուղղված, որը շատ կարևոր է»,- ասաց Վարդանյանը: