Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթանակ տարավ «Վրացական երազանքը»` ստանալով ընտրողների ձայների 48 տոկոսը: Հայազգի պատգամավորների ընդհանուր թիվը խորհրդարանում մնաց նույնը՝ 3 պատգամավոր, բոլորն էլ` «Վրացական երազանքից»:
Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ նախորդ ընտրություններից այս մեկը տարբերվում է նրանով, որ այս անգամ երկուսի փոխարեն պատգամավորներից միայն մեկն է ընտրվել մեծամասնական ընտրական համակարգով, քանի որ Սամցխե-Ջավախքի հայաբնակ շրջանների տարածքում ձևավորվել էր միայն մեկ ընտրատարածք, որտեղ հայ ազգաբնակչությունը մեծամասնություն էր կազմում:
«Այս իրավիճակն ունի մի քանի բացատրություն: Ինչո՞ւ ընտրատարածքների աշխարհագրության փոփոխությունը դասավորվեց ոչ ի նպաստ ջավախահայության: Պատմությունը միշտ ցույց է տվել ու հիմա էլ կարելի է վստահաբար պնդել, որ ցանկացած հասարակության մեջ հայության դիրքերի թուլացումը հետևանք է առաջին հերթին ամուր հայկական համայնք չունենալու:
Երբ չկա մեկ միասնական տեսակետ, մեկ միասնական, միևնույն ժամանակ իրատեսական քաղաքական օրակարգ, խնդիրների լուծմանն ուղղված միասնական գործունեության ծրագիր ու առաջնորդող ուժ, բնական է, որ հայության շահերը անտեսվելու են: Ու այստեղ խնդիրը Վրաստանի կամ վրացիների լավ ու վատ լինելու մեջ չէ: Դա՝ որպես մտածողության տիպ, սխալ է: Պետք է խնդրին նայել սխեմատիկորեն՝ կա պետություն, որի ներսում հասարակական-սոցիալական մեկ խումբը, տվյալ դեպքում ջավախահայությունը, ի զորու չէ իրականացնել ազդեցիկ լոբբինգ»,- ասաց քաղաքագետը:
«Երկրորդ՝ այն ընտրատարածքներում, որտեղ հայությունը փոքրամասնություն է կազմում, մաթեմատիկորեն անիրատեսական է, որ ընտրվի ազգությամբ հայ պատգամավոր ու սա հետևանք է այն բանի, որ հայ քաղաքական գործիչը վրացի բնակչի մոտ չի ասոցացվում Վրաստան պետության համար մտահոգ մարդու կերպարի հետ: Արդյունքում վրացի ընտրողը հայազգի թեկնածուի օգտին երբեք չի քվեարկի:
Իսկ սրա պատճառը երկուսն են՝ առաջին՝ մտածողության խնդիր, այսինքն հայ թեկնածուն, իրոք, Վրաստանը չի դիտարկում որպես իր պետություն: Երկրորդ՝ գրագիտության խնդիր, այսինքն՝ ջավախահայ թեկնածուն ըստ պատշաճի չի տիրապետում վրացերենին, որը թե իրեն կօգնի հետագայում խորհրդարանական գործունեություն ծավալելու համար, թե վստահություն կառաջացնի ազգությամբ վրացի ընտրողի մոտ»,- հավելեց վերջինս:
Ըստ Պետրոսյանի, այս հանգամանքները ցույց են տալիս, որ այն քաղաքականությունը որ վարում է Հայաստանը Վրաստանի հետ հարաբերություններում ու ջավախահայության էլիտան՝ Սամցխե-Ջավախքում, անարդյունավետ է:
«Այսինքն, երբ ջավախահայ գործիչների հետ շփումներում բազմիցս լսում ենք Ջավախքում տարբեր սոցիալական, հասարակական, մշակութային ծրագրերի մասին, որոնք արդյունքում նպաստելու են հայապահպանությանը, դա իրավիճակի պահանջներին, փաստորեն, չի համապատասխանում:
Քանի դեռ չի լուծվել ջավախահայության կրթության խնդիրը, չի կարող լուծվել որևէ այլ ծանրակշիռ խնդիր: Այդ թվում հայապահպանության խնդիրը, որի գոյությունը Սամցխե-Ջավախքում դեռ պետք է ապացուցել: Կա ջավախահայության սոցիալական, տնտեսական, մշակութային խնդիրներ բայց արդյո՞ք կա ջավախահայության ինքնության պահպանման խնդիր,- նշում է քաղաքագետը:
Ըստ Պետրոսյանի, ջավախահայության համար թիվ մեկ գործընկերը պետք է լինի Վրաստան պետությունը, իսկ դրան հասնելու համար հարկավոր է ունենալ գրագետ ջավախահայ էլիտա՝ պատրաստ աշխատել պետության հետ, աշխատել պետության կառավարման համակարգում:
«Երբ այս խնդիրը մոտ կլինի լուծման, գոյություն կունենա սերտ հարաբերություններ ջավախահայության ու Վրաստանի մնացած պետական բաղադրիչների միջև, այդ ժամանակ էլ հնարավոր է առաջանա հայապահպանության խնդիր»,- հավելեց նա: