կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-11 18:23
Աշխարհ

Ուկրաինական ճգնաժամը կարող է միջնորդավորված պատերազմի վերածվել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ. The Hill

Ուկրաինական ճգնաժամը կարող է միջնորդավորված պատերազմի վերածվել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ. The Hill

Նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային աջակցելու պարտավորությունը հանկարծակի բախվում է Մոսկվայի հետ ուղիղ առճակատումից խուսափելու նրա ցանկությանը, գրում է The Hill-ը։

«Հաղորդումն առ այն, որ նախագահը մեղադրել է բարձրագույն ռազմական եւ հետախուզական պաշտոնյաներին տեղեկատվության արտահոսքի մեջ այն մասին, թե ինչպես է ԱՄՆ հետախուզությունն օգնել Ուկրաինային սպանել ռուս բարձրաստիճան գեներալներին եւ խորտակել ռազմանավը, ընդգծում է վարչակազմի ուղերձների լարվածությունը եւ անհիմն լինելը:

«Նախագահը դժգոհ էր արտահոսքերից: Նրա կարծիքով՝ դա մեր դերի ուռճացում էր, ոչ ճշգրիտ հայտարարություն, ինչպես նաեւ՝ ուկրաինացիների դերի նսեմացում, եւ նա դա կառուցողական չի համարում»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Թոմաս Ֆրիդմանը The New York Times-ում հայտնել է, որ նախագահը զանգահարել է ազգային հետախուզության տնօրենին, ԿՀՎ-ի տնօրենին եւ պաշտպանության նախարարին՝ զգուշացնելու նրանց, որ այդպիսի «դատարկ խոսակցությունները» պետք է անհապաղ դադարեցվեն, «քանի դեռ չկանխամտածված պատերազմի չենք հասցրել Ռուսաստանի հետ»:

Վարչակազմն արդեն երկար ժամանակ քայլեր է ձեռնարկում Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը Մոսկվայի հետ ուղից հակամարտությունից տարանջատելու համար, նույնիսկ այն դեպքում, երբ ինքը՝ նախագահն է դուրս գալիս սահմաններից:

Բայդենը հաճախ դուրս էր գալիս իր պաշտոնական թեզերի շրջանակից՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ռազմական հանցագործ անվանելով, որը պետք է հրաժարվի իշխանությունից: Բայց նրա աշխատակիցներն արագորեն հարթում էին այդ մեկնաբանությունները:

Ուկրաինայի բազեական կողմնակիցները, ովքեր քննադատում են ԱՄՆ-ին վճռական եւ մահաբեր ռազմական օգնությունից զերծ մնալու համար, պաշտպանել են այն վարկածը, որ Միացյալ Նահանգները քայլեր է ձեռնարկում Մոսկվայի հետ ուղիղ հակամարտություն թույլ չտալու համար:

Բայց այդ դիրքորոշումն ավելի ու ավելի անհիմն է համարվում, քանի որ վարչակազմը կրկնապատկել է իր աջակցությունը՝ ավելի մեծ, ավելի հեռահար զենքեր ուղարկելով եւ Կոնգրեսից Ուկրաինայի համար լրացուցիչ 33 միլիարդ դոլար օգնություն խնդրելով:

Վարչակազմի պաշտոնյաները փոխել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարած նպատակներին ավելի ակտիվորեն աջակցելու իրենց հռետորաբանությունը, ով հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է հետ մղվի իր դիրքերից մինչեւ փետրվարի 24-ը։

«Վերջնական վիճակը պետք է որոշվի ուկրաինացիների կողմից՝ որպես ինքնիշխան անկախ երկիր, մենք կաջակցենք դրան, ինչպես Էլ որ նրանք որոշեն անել դա»,- ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Պետքարտուղարը նաեւ փորձել է պարզաբանել պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ի նպատակն է «թուլացնել Ռուսաստանը»: Այդ հայտարարությունը գրավել էր հանրության ուշադրությաը՝ որպես Մոսկվայի դեմ ուժեղացող հռետորաբանություն։

Բլինքենն ասել է, որ կարեւոր է, որպեսզի ԱՄՆ ռազմավարությունը «շատ առումներով ապահովի Ռուսաստանի մոտ արդյունավետ միջոցների բացակայությունը՝ Ուկրաինա կրկին ներխուժելու համար»:

Արտաքին քաղաքականության փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ն, պակաս զգուշավորություն ցուցաբերելով, վտանգում է ներքաշվել միջուկային զենք ունեցող Մոսկվայի հետ ձգձգվող կոնֆլիկտի մեջ։

«Կարծում եմ, որ շատ ավելի մեծ հանդուրժողականություն կա ռուսական էսկալացման ռիսկի նկատմամբ եւ կարծում եմ, որ դա կապված է նրա հետ, որ ռուսները ձախողեցին, եւ դա մեզ լրացուցիչ վստահություն տվեց այն հարցում, թե որքան հեռու մենք կարող ենք գնալ»,- ասել է Քուինսիի պատասխանատու կառավարման ինստիտուտի գործադիր փոխնախագահ Տրիտա Փարսին: 

Դրական մեսիջը, նրա խոսքով, այն է, որ նախագահը, ինչպես հաղորդվում է, զսպում է իր պաշտոնյաներին չափազանց անկեղծ արտահայտվել այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ն օգնեց մեղմել Ռուսաստանի հարձակումը: «Ես մի հետագիծ եմ տեսնում, որը, կարծում եմ, մտահոգիչ է,- հավելել է նա:- Պետք է ավելի շատ գիտակցել, թե որոնք են այդ ռիսկերը եւ ինչ ենք մենք անում՝ այդ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար»:

Ջոնս Հոփկինսի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Յուջին Ֆինքելն ասում է, որ Պուտինը վաղուց պատերազմն Ուկրաինայում որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ միջնորդավորված պայքար է համարել:

«Մենք այն փուլում չենք, երբ հռետորաբանությունն ինքն իրեն կարող է ավելի մեծ վնաս հասցնել,- ասել է Ֆինքելը՝ հավելելով, որ Բայդենի կողմից օրենքի ստորագրումը, որը թույլ կտա ԱՄՆ-ին ավելի արագ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, «ակնհայտորեն կարող է ազդել Ռուսաստանի վերաբերմունքի վրա»:

Ուկրաինայում Պուտինի կողմից միջուկային զենք օգտագործելու վտանգ գոյություն ունի, բայց այն փոքր է, թերեւս՝ առայժմ, կարծում է Սպառազինությունների վերահսկման ասոցիացիայի քաղաքականության ավագ վերլուծաբան Շենոն Բուգոսը:

Բուգոսը հավելել է, որ Ռուսաստանն իր շարժական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները չի տեղափոխել, ինչը կնշանակի, որ Կրեմլն անհապաղ միջուկային հարված է նախապատրաստում:

Կարեւոր մտահոգություն է առաջացնում այն՝ կկարողանա՞ն արդյոք ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կարող վերակենդանացնել կայունության ռազմավարության մասին երկխոսությունը, որը հիմք է Վաշինգտոնի եւ Մոսկվայի համար՝ հստակ շփում հաստատելու համար՝ միջուկային առճակատումից խուսափելու եւ սպառազինությունների վերահսկման խնդիրները լուծելու նպատակով:

Բուգոսն ասել է, որ վարչակազմը չի հայտնել, թե ինչ է անհրաժեշտ այդ քննարկումները վերսկսելու համար: «Հասկանալի էր, որ երկխոսությունը կասեցված է, բայց, միեւնույն ժամանակ, ես այն մոտակա շաբաթների կամ ամիսների ընթացքում վերսկսելու հնարավորություն եմ տեսնում, քանի որ կա մի հիմնարար սկզբունք՝ երկու երկրներն էլ չեն ցանկանում միջուկային պատերազմ սկսել»: