Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հեռավար կամ «բանավոր պատերազմը» նոր թափով է բռնկվում, ինչի վառ ապացույցը ադրբեջանական կիսապաշտոնական աղբյուրների կողմից Իրանի թյուրքախոսներին տրամադրվող աջակցությունն է, որի նպատակը Իրանից Ատրպատականի թյուրքախոսների անջատումն է: Մասնավորապես, Սամարղանդում Թուրքական պետությունների կազմակերպության նիստի ժամանակ Ի. Ալիևը հանդես է եկել բացահայտ հակաիրանական հայտարարություններով, որոնցում նաև նշել է, որ ժամանակն է զբաղվելու թյուրքական պետությունների տարածքից դուրս գտնվող թյուրքալեզուների իրավունքների և անվտանգության պաշտպանությամբ ։ Ավելի ուշ «Նախիջևանի ժողովրդական շարժման» անունից նամակ է հրապարակվել, որով Իրանին կոչ էր արվում քայլեր ձեռնարկելու Նախիջևանն Իրանին կցելու համար ։ Այս նամակի հրապարակումից հետո Ադրբեջանի Հանրապետության անվտանգային ծառայությունները Թեհրանի հասցեին մի շարք մեղադրանքներ են հնչեցրել, ինչն էլ ավելի է սրել երկու պետությունների հարաբերությունները։
Հատկանշական է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվել էին դեռևս 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո։ Թեև Իրանը բազմիցս հայտնել է իր աջակցությունը 1990-ականներին երկու կողմերի միջև առաջին պատերազմում Ադրբեջանի կորցրած տարածքների վերադարձի հարցում, սակայն այժմ նա կարծես թե անհանգստացած է տարածաշրջանում Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներով և արտաքին ուժերի՝ Թուրքիայի և Իսրայելի, ինչպես նաև Արևմուտքի ու ԱՄՆ-ի դիրքերի հնարավոր ամրապնդմամբ:
Թեհրանն անհանգստացած է հատկապես Իսրայելի հետ Ադրբեջանի ակտիվ կապերով։ Իրանում այն կարծիքին են, որ Ադրբեջանի կառավարությունն իր տարածքները Իսրայելին որպես բազա է տրամադրել հակաիրանական գործողությունների համար: Իսրայելը, որն արդեն «անկայունության գոտի» է ստեղծել Իրանի շուրջ՝ իր կողմը գրավելով Քրդստանին, Արաբական Միացյալ Էմիրություններին և Բահրեյնին, ծրագրում է օգտագործել Ադրբեջանի տարածքը Իրանի հյուսիսային շրջաններն ապակայունացնելու համար, ուստի Իրանը հայտարարել է, որ իր համար անընդունելի է պետական սահմանների ցանկացած փոփոխություն։
Վերջին շրջանում իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրումը, ըստ երևույթին, կապված է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հուլիսյան հայտարարության հետ, որում հոգևոր առաջնորդը մտահոգություն էր հայտնում «Զանգեզուրի միջանցք» կոչվող ճանապարհի կառուցման առիթով: Այս ճանապարհը պետք է անցնի Իրանի հետ Հայաստանի սահմանով, ինչը, անշուշտ, հակասում է Իրանի շահերին ու հետաքրքրություններին: Ներկայումս Ադրբեջանն ու Հայաստանը բանակցում են ճանապարհի կարգավիճակի և դրա երկայնքով երթևեկության վերահսկողության ոլորտում լիազորությունների բաշխման հարցի շուրջ, սակայն Ադրբեջանը հաճախ է խոսում թյուրքական աշխարհի հետ կապվելու՝ միջանցքի առավելությունների մասին, ինչն Իրանին անհանգստացնում է պանթուրքիզմի տարածման առումով։ Բացի այդ՝ Ադրբեջանը պարբերաբար սպառնում է ուժով տիրել անհրաժեշտ տարածքին, եթե չկարողանա ստանալ Հայաստանի ցանկալի համաձայնությունը, իսկ հայ-ադրբեջանական հերթական պատերազմից, բնականաբար, անմասն չի մնա նաև Իրանը:
Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ «Զանգեզուրի միջանցքի»` որպես աշխարհաքաղաքական սպառնալիքի առումով Իրանի անհանգստությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով.
• Իրանը կարող է կորցնել Հայաստանի հետ սահմանային և ուղիղ տրանսպորտային կապը և որոշ չափով՝ ազդեցությունը Կովկասում:
• Իրանը տնտեսական կորուստներ կունենա, երբ դադարի կապող օղակ լինել Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչը կնվազեցնի նաև Թեհրանի ազդեցությունը Բաքվի վրա:
• Իրանը կարող է կորցնել առավելությունները՝ պայմանավորված Ասիայի և Եվրոպայի միջև երթուղու գործոնով:
• Զանգեզուրի երթուղու հեռանկարային օգտագործումը թուրքմենական գազը Թուրքիա և Եվրոպա տեղափոխելու համար կարող է նվազեցնել իրանական գազի պահանջարկը։
Իրանի քաղաքական շրջանակները պարբերաբար հայտարարում են, որ Իրանը դեմ չէ բուն ճանապարհի գոյությանը, սակայն միաժամանակ Թեհրանը հայտարարում է, որ Հարավային Կովկասում սահմանների փոփոխությունն անընդունելի է, իսկ հայ-իրանական սահմանը «կարմիր գիծ» է։ Թեհրանը Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցություն է հայտնում նաև այլ միջոցներով, որոնցից մեկը Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում իրանական հյուպատոսության բացումն էր: Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասել է, որ Թուրքիան Շուշիում հյուպատոսություն է բացելու։
Պետք է նաև նշել, որ վերջերս իրանական մամուլում մեծացել է հակաադրբեջանական հրապարակումների թիվը։ Մինչ Իրանի վերաբերյալ ադրբեջանական հրապարակումները որակվում են որպես անջատողական, ադրբեջանական լրատվամիջոցները վերակենդանացրել են «միասնական Ադրբեջանի» մասին խոսույթը և շրջանառության մեջ դրել կեղծ «Հարավային Ադրբեջան» տերմինը: Այսպես՝ «Caliber.az»-ում, որը կապված է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հետ, «Ժամանակը եկել է. Հարավային Ադրբեջանը պետք է անջատվի Իրանից» վերնագրով հոդված է տպագրվել (Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հովանավորվող անջատողական խմբավորումները «Հարավային Ադրբեջան» են անվանում Իրանի հյուսիսային նահանգները), իսկ հեռուստահաղորդավարուհին ողջունել է «Հարավային Ադրբեջանին»՝ հանելով հիջաբը Թավրիզի եղանակի տեսությունը ներկայացնելիս : Ավելի ուշ արդեն ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ առնչվող «Haqqin.az» կայքը հոդված է հրապարակել՝ «Հարավային Ադրբեջանը ձգտում է անկախության» վերնագրով։ Դրանում նշվում էր, որ Բաքուն պատրաստ է աջակցելու այդ գործընթացին: «Ադրբեջանական պետությունն ունի բավականաչափ մոբիլիզացիոն ուժ՝ պաշտպանելու իր հայրենակիցների իրավունքները» ,- գրում է հոդվածի անանուն հեղինակը:
Իրանական «Sahar TV»-ն, որը հեռարձակվում է ադրբեջաներեն, պատասխանել է հաղորդումներով, որոնցում պնդում են, որ Ադրբեջանը պատմականորեն Իրանի մաս է, և Նախիջևանի բնակիչները ցանկանում են միանալ Իրանին : Նոյեմբերի 18-ին Ադրբեջանն ավելի է զայրացրել Իրանին Թել Ավիվում դեսպանատուն բացելու որոշմամբ՝ ընդունված Իսրայելի հետ աճող պաշտպանական համագործակցության առիթով: Բաքուն դժվար թե կարողանար այսքան անտեսել Թեհրանի կարմիր գծերը՝ չիմանալով, որ թիկունքում լուրջ աջակցություն ունի։
Ինչ վերաբերում է ադրբեջանական սոցիալական ցանցերին, ապա դրանցում էլ հակաիրանական հռետորաբանության բուռն ալիք է նկատվում։ Մասնավորապես նշվում է, որ Իրանը կրկին Ադրբեջանը փոխանակեց Հայաստանի հետ և դրանով ցույց տվեց, որ ընտրել է այն քաղաքական վեկտորը, որով առաջնորդվում է Երևանը: Քաղաքական բոմոնդի գնահատականը, իհարկե, ավելի տարբերակված է, սակայն հակաիրանական հայտարարությունների ընդհանուր միտումը պահպանվում է: ԻԻՀ խորհրդարանում մի շարք պատգամավորներ էլ իրենց հերթին սպառնալից հայտարարություններ են հնչեցնում Ադրբեջանի Հանրապետության հասցեին:
Հակաիրանական հայտարարությունների առնչությամբ Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Ա. Ալիզադեն կանչվել է ԱԳՆ՝ ԱՀ որոշ պաշտոնյաների և ԶԼՄ-ների հակաիրանական հայտարարությունների վերաբերյալ բացատրություն տալու համար ։ Սրան հաջորդել է Իրանի պաշտոնական հայտարարությունը. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Ն. Քանանին պաշտոնական մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ նշել է, որ ԻԻՀ-ում ԱՀ դեսպան Ա. Ալիզադեն կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել ԻԻՀ խիստ բողոքի նոտան այդ երկրի ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ։ Բացի այդ՝ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ «Չհաշվարկված և սխալ հայտարարությունների կապակցությամբ ԻԻՀ լռությունը և փոխադարձ գործողությունների բացակայությունը պայմանավորված են նրանով, որ պաշտոնական Թեհրանը չի փորձում իր խնդիրները զգացական ոլորտում լուծել» ։
Պետք է նկատի ունենալ, որ Իրանի դեմ Բաքվի հարձակումները սկսվեցին երկրի ներսում բողոքի ցույցերի ժամանակ, երբ թվում էր, թե Իրանը խոցելի է դարձել: Հենց այս շրջանում է, որ Ադրբեջանը և Թուրքիան անջատողական տրամադրություններ են սերմանում թյուրքախոսների շրջանում՝ հույսը դնելով արևմտյան մամուլում շրջանառվող այն թեզի վրա, ըստ որի՝ Իրանում զանգվածային ցույցերի շարունակումը կարող է հանգեցնել իշխանափոխության կամ համակարգային փոփոխությունների: Փաստացի երկու երկրների թշնամական երկխոսությունն ուղեկցվում է նաև ռազմական սադրանքներով։ Հոկտեմբերի վերջին Իրանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին, որոնց ընթացքում վարժանքներ են կատարել Արաքս գետի վրայով (Ադրբեջանի և Իրանի սահմանի հիմնական հատվածն անցնում է Արաքս գետով) ։ Դրան հետևել են Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները երկրի հարավում՝ Իրանի սահմանի մերձակայքում ։
Ադրբեջանի հետ սահմանին իրանական զորավարժություններին արձագանքել է նաև Ի. Ալիևը՝ Շուշիում կայացած հանդիպման ժամանակ հայտարարելով, որ Ադրբեջանի հետ սահմանային հատվածում զորավարժություններ իրականացնող ուժերը պետք է հասկանան, որ Բաքվին վախեցնել չի հաջողվի ։ Նա նաև մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին:
Կողմերի փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները այն աստիճանի են հասել, որ վերջերս Իրանը Ադրբեջանին մեղադրեց երկրում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Այսպես՝ ԻԻՀ տեղեկատվության նախարարությունը Շիրազում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչների վերաբերյալ պաշտոնական զեկույց է հրապարակել, որի համաձայն՝ ահաբեկչության հիմնական կազմակերպիչը եղել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի։ Վերջինս ԻԻՀ է մուտք գործել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից և Իրանի ներսից համակարգել ահաբեկչական գործողությունը ։ Ադրբեջանի Հանրապետության ՊԱԾ-ն իր հերթին հայտարարել է Իրանի հետ կապված լրտեսական ցանցի բացահայտման և դրա անդամների ձերբակալության մասին: Հայտարարության մեջ նշվում էր, որ 5 անդամներից բաղկացած այդ ցանցը փորձել է Կասպից ծովում տեղակայված ԱՀ ռազմածովային ուժերի, այդ պետության նավթատար ուղիների ու նավթային ենթակառուցվածքների, ռազմական այլ օբյեկտների և «ազատագրված» տարածքների վերաբերյալ տեղեկատվություն հայթայթել ։
Ինչ վերաբերում է իրավիճակի հետագա զարգացմանը, ապա կարելի է կանխատեսել Հայաստանի և Իրանի փոխգործակցության էլ ավելի ամրապնդում, ինչին, ամենայն հավանականությամբ, լրջորեն չի խոչընդոտի Արևմուտքը, որն ավանդաբար թույլատրելի և ընդունելի էր համարում Հայաստանի ակտիվ կապերն Իրանի հետ։ Թվում է, թե նույնիսկ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա սրման դեպքում բանը չի հասնի բացահայտ զինված հակամարտության։ Նախ՝ դրա հասցրած վնասն ակնհայտորեն կգերազանցի այն օգուտները, որոնք կարող է ստանալ Իրանը, երկրորդ՝ Իրանը զբաղված է բողոքի մեծ ցույցերով, ուստի նրա առաջնորդների ուշադրությունը մոտ ապագայում կուղղվի հիմնականում ներքաղաքական խնդիրների կարգավորման վրա, և վերջապես՝ Ռուսաստանը, որին հաջողվել է լավ հարաբերություններ հաստատել ու պահպանել այս բոլոր երկրների հետ, կարող է կայունացնող գործոն դառնալ Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Նշված երկրներին ձեռնտու է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը, ինչն անհնար կլինի նոր լայնածավալ և երկարատև զինված հակամարտության պայմաններում, ինչն էլ իր հերթին չի ծառայի կողմերի շահերին։
Լիանա Պետրոսյան