կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-02 17:31
Քաղաքական

Երասխում վերսկսված կրակոցները Հայաստանից մաքսիմալ շատ զիջումներ պոկելու համար են․ Ստեփան Դանիելյան

Երասխում վերսկսված կրակոցները Հայաստանից մաքսիմալ շատ զիջումներ պոկելու համար են․ Ստեփան Դանիելյան

Երասխում վերսկսված ադրբեջանական կրակոցները Հայաստանից մաքսիմալ շատ զիջումներ պոկելու համար են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով  հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից ադրբեջանցիների կրակոցների մասին, որից երեկ պայմանագրային զինծառայող է զոհվել։

«Հայաստանը ահավոր թուլացած վիճակում է և մաքսիմալ շատ զիջումներ պոկելու համար է՝ դա ակնհայտ է։ Զիջումների մասին Ադրբեջանը բացահայտ հայտարարում է՝ և՛ ճանապարհների հարց է, և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցն է, և՛ Սյունիքի ճանապարհի բացման խնդիրն է»,-ասաց նա։

Քանի որ Ադրբեջանը հիմա կիսաանկախ երկիր է, նկատեց քաղաքագետը, բնականաբար, փոխկապակցված են նաև Թուրքիայի խնդիրները՝ ինչ-որ կերպ, հնարավորինս մեղմ ձևակերպումով Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելը։

Եվ այս բոլոր պահանջները ներկայացնելու համար, քաղաքագետի գնահատմամբ, այժմ ամենահարմար պահն է․ զինվորների սպանությամբ, ճանապարհների փակելով ադրբեջանցիները փորձելու են աստիճանապար ստիպել, որ հայ հանրությունը պատրաստ լինի նման զիջումների։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Ադրբեջանում այժմ միայն նոյեմբերի 9-ից հետո գերի ընկած անձինք են, քաղաքագետը համարում է «դեմքը փրկելու խնդիր», քանի որ նաև ՌԴ նախագահի ստորագրությունն է եղել նոյեմբերի 9-ի հայտարարության տակ։

«Գերիների հարցը հեղինակության հարց է, և ինչ-որ ձևի ձևակերպում են գտել, որ նոյեմբերի 9-ից հետո գերեվարվածներին է վերաբերում, ինչի ուղղությամբ շարունակում են աշխատանք տանել․ այդ ամենը ակնհայտ է»,-ասաց Ստեփան Դանիելյանը։

Խաղաղության համաձայնագրին Լավրովի չանդրադառնալը քաղաքագետը բնական է համարում, որովհետև Ադրբեջանի պահանջն է, որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, իսկ եթե նման բան լինի, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ գործ ունի այնտեղ ռուսական զորքը։

«Եթե այնտեղ գործ չունի, ապա ողջ Հարավային Կովկասն անցնում է Թուրքիայի ազդեցության տակ՝ իր շատ լուրջ հետևանքներով Ռուսաստանի համար։ Դրա համար այստեղ Ռուսաստանի ու Հայաստանի կենսական շահերը համընկնում են»,-նշեց Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ անգամ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության չայցելելը Արցախ՝ Հանրապետության հռչակման միջոցառումներին մասնակցելու, ոչ միայն Հայաստանի որոշումն է, այլ նաև Ռուսաստանի հետ պայմանավորված որոշում է և նպատակ ունի չգրգռելու Ադրբեջանին։

«Դա պետք է ժամանակի մեջ դիտարկել, ոչ թե ստարատեգիայի մեջ, որովհետև հիմա Հայաստանը չափազանց թուլացած է և Ռուսաստանին նույնպես պետք է ժամանակ շահել, և չգրգռել, որ Ադրբեջանը այլ քայլերի չգնա»,-ասաց նա։

Որքա՞ն կարող է տևել ժամանակ շահելու փուլը՝ հարցին, Ստեփան Դանիելյանը պատասխանեց, որ դա կարող է տևել մինչև իրավիճակի լուրջ փոփոխություն տեղի ունենա։

«Որովհետև և՛ Միացյալ Նահանգներն են հայտարարում, որ Աֆղանստանից զորքը հանելը ոչ միայն Աֆղանստանին է վերաբերում, այլև ԱՄՆ-ը ընդհանրապես վերափոխում է այլ երկրներում զինված ներկայության իր քաղաքականությունը։ Այսինքն, ԱՄՆ-ը իր ակտիվ դերակատարությունը սահմանափակում է։ Սա նշանակում է, որ մյուս երկրների հետ հարաբերություններում էլ իրենց դերակատարությունը կնվազեցնեն։ Թուրքիայում էլ փոփոխություններ կարող են լինել՝ ընտրություններ են, էրդողանն է հիվանդ և այլն։ Այսինքն, ժամանակ շահել, մինչև նոր իրավիճակ ստեղծվի»,-պարզաբանեց Ստեփան Դանիելյանը։

Աննա Բալյան