կարևոր
2716 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-11 13:13
Քաղաքական

Երևանի և Բաքվի միջև լարվածության աճը բարդացնում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ աշխատանքը․ Օվերչուկ

Երևանի և Բաքվի միջև լարվածության աճը բարդացնում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ աշխատանքը․ Օվերչուկ

Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրացումը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։

«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, հետ է գցում, դանդաղեցնում է այն, և ժամանակ է անցնում, մինչև նորից վերադառնում ենք, նստում ենք և սկսում աշխատել», - Օվերչուկի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ բանակցությունները չեն դադարեցվել, շարունակվում են։

Օվերչուկի խոսքով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը տեղի կունենա, երբ դրա համար պայմաններ հասունանան։

Ավելի վաղ՝ աշխատանքային խմբի վերջին հանդիպումից հետո, ՌԴ փոխվարչապետը զգալի առաջընթաց էր արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։

Կողմերի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 2-ին։