կարևոր
3715 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-27 12:19
Քաղաքական

Ժամանակն է, որ Արցախի իշխանությունն ուղերձով դիմի թիվ 1 պատասխանատուին` Փաշինյանին. Մետաքսե Հակոբյան

Պետք է փաստենք, որ որևէ մեկ այլ առանձին պետության երաշխավորությունը չի կարող ապահովել արցախահայության անվտանգությունը ու իրավունքների պաշտպանությունը, եթե Արցախի անվտանգության թիվ մեկ և գլխավոր երաշխավոր Մայր Հայաստանը չէ։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Պետք է փաստել նաև, որ Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի հիմքում ընկած է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։ Առկա շրջափակումը ցայտուն կերպով հաստատեց մեր այն միտքը առ այն, որ այո՛, Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից։ Այս հարցը պետք է լուծել։ Այն իրականությունը, որում մենք բոլորս ենք չի կարող անհատի կամ քաղաքական ուժի հնարավորությունների տիրույթում լինել։ Քանզի այն հայրենիքի պետականության և ազգի գոյի պահպանման խնդիրն է։ Հայրենիքի, պետականության, ազգի գոյի պահպանումը, հենց այն գաղափարն է, որի շուրջ պիտի հավաքվենք ու համախմբվենք բոլորս։ Սա այն  գաղափարն է, առանց որի իրացման չեն կարող լինել երկու հայկական պետությունների իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, ազգը»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ժամանակն է, որ Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցները պարզ ու հասցեական ասեն, որ Հայաստանի իշխանությունը դադարել է իր հիմնական գործառույթը կատարելուց՝ պաշտպան լինելուց մեր երկրորդ հայկական հանրապետությանը, Արցախի հանրապետությանը․«Հայ ժողովուրդը պետք է ունենա հստակ գիտակցում առ այն, որ խոսքը հումանիտար ճգնաժամի մասին չէ, այլ պետականության, առանց որի, թուրքը նորանոր պահանջներ է դնելու, և երբ բարձր ամբիոններից պատասխանատուները, պետական այրերը, հայտարարում են ազգի ցեղասպանվելու վտանգի մասին, դա նույնն է, թե հայտարարում են, որ պարտված են և հրաժարվում են մեր պետականությունից։ Ժամանակն է, որ Արցախի իշխանությունները նույնպես սկսեն այդ մասին բացահայտ խոսել։ Շրջափակման մեջ արդեն 16-րդ օրը գտնվող Արցախի իշխանությունը ինքը պետք է սահմանի իր առաջնահերթությունները և անելիքները, նպատակները, և, ըստ այդմ, ուղղերձով դիմի համար մեկ պատասխանատուին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բոլոր հասարակական, քաղաքական ուժերին, Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին»,- ասաց նա։