Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս ԵՊՀ-ում տեղի ունեցած իրական մի դեպք ինձ ստիպեց ևս մեկ անգամ անդրադառնալ մեր հասարակության գլխավոր աղետներից մեկի՝ այսպես կոչված, մտավորականության մի մասի պահվածքին, որն այլ կերպ քան ամոթալի որակել ուղղակի հնարավոր չէ: «Ինչո՞ւ ես համարձակ»,- այս հարցն ինձ ուղղեց ԵՊՀ երկարամյա պրոֆեսորներից մեկը: Իմ ապշած հայացքին ի պատասխան՝ նա շարունակեց, թե պետք չէ համարձակ խոսել, քննադատել իշխանությանը, պետք է զգույշ լինել, «զբաղվել քո գործով», չզբաղվել քաղաքականությամբ և այլն և այլն:
Այս ամենն ասելիս՝ նա դրանք զուգակցում էր զգուշության վիզուալ պատկերավորումներով և իմ աչքի առաջ կուչ էր գալիս, փոքրանում, երկտակվում, կռանում, ծալվում և այլն: Վերջում էլ ասաց, որ վախենում է ինձ համար, որ համարձակ խոսելու պատճառով «ինձ հետ հանկարծ մի բան չլինի»: Ես դժվարությամբ ինձ զսպեցի և չասացի, որ ինձ համար վախենալ պետք չէ, բայց ահա ես վախենում եմ ոչ թե իր համար, այլ իրենից, իր տեսակից, քանի որ նրանք շատ են, չափից ավելի շատ են և մեծագույն անարդարության հետևանքով այդ հարմարվող, զգույշ, քծնող, ստրկամիտ հատվածին, չգիտես ինչու, ընդունված է անվանել մտավորականություն:
Մտավորական տերմինը ենթադրում է, որ ունենալով ավելի բարձր կրթական մակարդակ, գիտելիքների և իմացության պաշար՝ այդ մարդիկ չպետք է վախենան հավատարիմ մնալ միայն օբյեկտիվությանը և սխալներ, թերացումներ, անընդունելի պահվածք տեսնելու դեպքում այդ մասին պետք է բարձրաձայնեն, քննադատեն, սաստեն, զգոնության կոչ անեն և նաև այն դեպքերում, երբ այդ սխալներն արվում են պահի իշխանության կողմից: Եթե կարճ, ապա սա է մտավորականության հիմնական հասարակական գործառույթը: Սակայն մեզանում և՛ խորհրդային շրջանում, և՛ անկախության առաջին տարիներին, և՛ հիմա այս հարցի հետ կապված առկա է խնդիր, քանի որ մտավորականություն կոչվող շերտի ոչ բոլոր ներկայացուցիչներն են այդ վերը նշված պահվածքի կրող: Խնդիրն էլ ավելի է սրվում և վերածվում ճգնաժամի, երբ տվյալ պահի մտավորականության շարքերում այս պահվածքի կրողները կամ հասնում են կրիտիկական նվազագույնի, կամ ուղղակի չեն լինում: Հիմա Հայաստանում կարծում եմ այդպիսի վիճակ է և իրական մտավորականության թիվը կրիտիկական նվազագույնից էլ ներքև է ու դա տեսանելի է:
Սակայն սրան զուգահեռ մտավորականության շերտի մեջ նոմինալ ներկայություն ունեցող անձանց մի հոծ բազմություն կա՝ «մտավորականություն», որն այսօր էլ շարունակում է «հերոսաբար» խուսափել մեր երկրի առջև ծառացած գոյութենաբանական խնդիրներին անդրադառնալուց և ամեն ինչ անել ժամանակի իշխանությունների հանդեպ հարմարվողական կեցվածք դրսևորելու, իսկ հնարավորության դեպքում քծնելու համար: Եվ այսօր Հայաստանի բուհերում, հանրային կյանքում, մամուլում կարելի է հանդիպել դեմքի վեհ, վերերկրային և անհաղորդ «մտավորականական» հայացքով տարբեր տարիքի տղամարդկանց ու կանանց, որոնց դեմքերի վրա բազում կնճիռներ կան ձևավորված, որոնք սակայն ոչ այնքան տարիքի բերած կնճիռներ են, որքան տարիների քծնալից կենցաղի: Իրենց իրոք մտավորականի տեղ դրած կամ դրան հավատացած «համարձակ» կերպարներ, որոնք համարձակ են միայն մեկ հարցում՝ քծնել ժամանակի իշխանությանը՝ անկախ նրանից, թե դրանք ինչ են անում, ինչ են ասում, ինչ գաղափարախոսության կրող են: Դեմքի մտահոգ և խորիմաստ արտահայտությամբ, որը միտված է զուտ քողարկելու նրանց դեմքին դաջված հարմարվողականության և քծնանքի անզուսպ կիրքը, այդ «մտավորականները» հայտնվում են պաշտոնական միջոցառումներին, լռում կործանվող երկրի իրական խնդիրների մասին և իրենք իրենց համոզում են, թե լռելով ու հարմարվելով նրանք սատարում են պետականությանը: Ո՛չ, պարոնայք և տիկնայք, դուք ուղղակի սովորության համաձայն հարմարվում եք և քծնում:
Ոչ հարգելի «մտավորականներ», այստեղ խնդիրը ոչ այնքան այս կամ այն իշխանություններին գովելը կամ քննադատելն է, որքան այն, որ դուք գովում եք բոլոր ժամանակների և բոլոր իշխանություններին. ձեր մեջ կան անգամ մարդիկ, ովքեր գովել են Բրեժնևի, Գորբաչովի, հետո հերթով ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների իշխանություններին: Հիշո՞ւմ եք «Ոսկե հորթը» ֆիլմից մի դրվագ, երբ կերպարներից մեկը ասում էր. «Ես նստել եմ դեռ Ալեքսանդր Ազատարարի օրոք, Նիկոլայ Երկրորդի օրոք...»: Հիմա դուք կարող եք հանգիստ ինքներդ ձեզ ասել. «ես քծնել եմ դեռ Կարեն Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք»: «Մտավորականության» այդ տեսակը անցումային կամ անորոշ ժամանակներում լռում է և սկսում կամուրջներ փնտրել բոլոր կողմերի հետ սպասելով, թե ով է հաղթելու և դառնալու իշխանություն, որպեսզի դեմքի վերերկրային հայացքով կրկին լծվի իր սիրելի գործին՝ քծնելուն: Նման պահվածքի ավելի գռեհիկ բնութագրումը ժողովրդական բանահյուսությունն է տվել՝ «ով էշ՝ մենք փալան»: Եվ ահա այդ «փալանները», ցավոք սրտի, պետք են գալիս բոլոր իշխանություններին և դա հենց այդ իշխանությունների ինքախաբեության, իրականությունից կտրվելու ամենակարճ և հաստատուն ճանապարհն է:
Այդ քծնող «մտավորականները» իրոք վտանգավոր են մեր հասարակության, մեր պետության և հատկապես մեր երիտասարդ սերնդի համար, քանի որ նրանք խրախուսում են, քարոզում են երիտասարդներին չմտածել, առողջ չդատել այլ միայն ու միայն հարմարվել: Սա հատկապես տեսանելի է բուհական համակարգում աշխատող «մտավորականների» պարագայում, սակայն, միևնույնն է, այդ մոտեցումը չի կարողանալու երիտասարդների շրջանում մեծ և էական հաջողություն գրանցել: Առանձին և լրջագույն աղետ է «մտավորականության» այն շերտը, որը Հայաստանի այս պահի իշխանություններին և նրանց պետականաքանդ քայլերը սատարում է ելնելով գաղափարական համոզմունքներից և կրկնում «30 տարի առաջ էր Արցախը տրված», «թող գնան Լաչինի միջանցքում միտինգ անեն» և այլ նմանատիպ «ինտելեկտը վիրավորող» արտահայտություններ, որոնցով լցված է համացանցի միաբջիջ մտածողության և ֆեյքային սեգմենտը: Միակ տարբերությունը այն է, որ այդ «մտավորականները» նման մտքեր արտաբերում են առավել գրագետ հայերեն, իսկ սոցցանցերում գրելիս պահպանում են ուղղագրական և կետադրական կանոնները:
Ներկա իշխանություններ, չգիտեմ դեռ ինչքան կտևի ձեր պետականաքանդ իշխանությունը, սակայն փաստ է, որ դուք ի վիճակի չեք լուծել ո՛չ Արցախի հարցը, ո՛չ վերականգնել Հայաստանի սուբյեկտայնությունը, միջազգային վարկը, գործոն լինելու հանգամանքը և այլն: Ձեր անխուսափելի հեռացումից առաջ գոնե մի պահ սթափվեք և գիտակցեք, որ դարձել եք նախկինում ձեր իսկ կողմից քննադատված «մտավորականների» սիրելին և ձեր սերը փոխադարձ է: Գոնե դադարեցրե՛ք խրախուսել այդ «մտավորականներին», մի՛ խորացեք ինքնախաբեության ճահճուտում, անջատե՛ք քծնելու «մշտական քարտ» ունեցողների սնուցման աղբյուրը, մի՛ հավատացեք ձեզ Սոկրատ ասողներին, քանի որ դուք Սոկրատ իհարկե չեք, ընդհանրապես չեք:
Ռուբեն Մելքոնյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր