Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աննկուն իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ապրիլի 3-ին «yerkir.am»-ում հրապարակված իր հոդվածն ամբողջությամբ նվիրել է իմ համեստ անձին ու իմ մեկնաբանություններին։ Իհարկե, իրեն բնորոշ մաղձով ու ատելությամբ լի արտահայտություններով, ինչից նա ակնհայտորեն անառողջ հաճույք է ստանում։ Վերջին տարիներին նա նույն ոճով «հաշիվ է մաքրել» (այլ կերպ արդեն չի էլ կարողանում) իր մի շարք հայտնի գործընկերների ու նախկին ընկերների հետ, որոնց տեսակետներն ու դիրքորոշումներն այլ են, քան իրենը:
Հիմա հերթը հասավ ինձ։ Երևի արհամարհեի, ինչպես վարվել եմ վերջին տարիներին՝ հանդիպելով մեր ընդհանուր ծանոթների ու գործընկերների մասին նրա անպարկեշտ, իսկ որոշ դեպքերում լկտի գրառումներին։ Արհամարհում էի, որովհետև նկատում էի, որ 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո Ավետիք Իշխանյանը դարձել է ոչ ադեկվատ, շուրջբոլորը թշնամի է փնտրում կամ իր ագրեսիան լիցքաթափելու համար ինչ-որ թիրախ ընտրում։ Այդպիսի մարդկանց սովորաբար շրջանցում են։
Այս անգամ ես չեմ շրջանցի և կպատասխանեմ։ Որովհետև այդ նույն ողբերգությունը նաև իմ անձնական ողբերգությունն է, բայց ես, ի տարբերություն նրա, թույլ չեմ տալիս ինձ՝ կորցնել ինքնատիրապետումս և հարձակվել մարդկանց վրա, միայն այն պատճառով, որ նրանք այլ կերպ են մտածում ու գործում։
Այժմ կետ առ կետ անդրադառնամ նախկին իրավապաշտպան (այսօրվա գործելաոճով նա դադարել է այդպիսին լինել՝ գոնե իմ համոզմամբ) Ավետիք Իշխանյանի 8 (իրականում 7) հարցերին ու թեզերին։
1. Այն պնդումը, թե ես անվերապահորեն ընդունում և հավատում եմ, ինչպես Իշխանյանն է սիրում արտահայտվել, «վարչապետ կոչեցյալին», պարզունակ սուտ է, որը նախկին իրավապաշտպանը հորինել է որպես իր անհիմն մեղադրանքների ելակետ։ Ես որևէ իշխանության անվերապահորեն չեմ ընդունել և չեմ հավատացել՝ սկսած 90-ականներից մինչ օրս, ինչը ցանկացած պահի կապացուցեմ բազմաթիվ քննադատական նյութերով։ Ու քանի որ նախկին իրավապաշտպանը հիշատակել է իմ «Մենախոսությունը», հղումներ տրամադրեմ վերջին հաղորդումներից մի քանիսին, որոնցում քննադատում եմ Փաշինյանին ու իր կառավարությանը։
https://a1plus.am/hy/article/448697
https://a1plus.am/hy/article/451332
Ավելի վաղ նկարահանվածներից ցանկացողներին կարող եմ լրացուցիչ հղումներ տրամադրել։ Իսկ տասնյակ նմանատիպ հայտարարությունների, հրապարակումների ու մեկնաբանությունների մասին էլ չեմ խոսում։
Իհարկե, Իշխանյանն այս ամենը կարող է քննադատություն չհամարել, քանի որ այնտեղ չի գտնի իր ականջներին հաճո պիտակավորումները՝ «դավաճան», «վիժվածք», «թուրք» և այլն։ Բայց նրա կարծիքն արդեն վաղուց ինձ համար որևէ արժեք չունի։ Իսկ հնարավոր հարցին՝ բա ինչո՞ւ ես արձագանքում, պատասխանեմ․ ուղղակի հերքում եմ իրականությանը չհամապատասխանող այն բնութագրումը, որը նա հրապարակավ՝ լրատվամիջոցով, հասցեագրել է ինձ։
2. Այն հարցին, թե ո՞ր ժողովուրդը կհանդուրժեր խայտառակ պարտության պատասխանատու (ես կավելացնեի՝ նաև մեղավոր) ղեկավարին, պատասխանս հետևյալն է։ Որպես կանոն, այդպիսի ղեկավարը պետք է հեռանար կամ վռնդվեր։ Բայց մեր իրավիճակում կարող էր հայտնվել և այլ ժողովուրդ, որը տեսնելով, որ պարտվածին հեռացնելուց հետո միակ իրական այլընտրանքը կմնա արյունալի դիկտատորը, որի օրոք մարդիկ արդեն ապրել են և չեն ուզում կրկին կյանքը վերածել դժոխքի, ստիպված գերադասեր այդ պարտվողին՝ հուսալով նաև, որ ապագայում ի հայտ կգա սրանցից լավ լիդեր։ Գուցեև սա պատրանք է։ Բայց ընտրությունն արված է, և դրա հետ պետք է հաշվի նստել, այլ ոչ թե այդպես մտածողներին «ժեխ» ու «բոմժ» անվանել։
3. Այս կետի հարցը ձևակերպելուց առաջ նախկին իրավապաշտպանը կրկնում է հին երգը, թե «խոշոր վերլուծաբանը» անվերապահորեն հավատում է «վարչապետ կոչեցյալին», ուստի չմանրանանք ու հղում կատարենք առաջին կետին, որտեղ ամեն ինչ բացատրված է։ Քանի որ Իշխանյանը հետաքրքրվում է՝ դյուրահավա՞տ է արդյոք Աշոտ Մելիքյանը, հանգստացնեմ՝ ոչ։ Իսկ ինչ վերաբերում է 5-րդ շարասյան անդամներին բացահայտելուն, ապա ես ոչ թե անհամբեր սպասում եմ, այլ իմ հաղորդման մեջ պահանջում եմ դա անել, եթե այդպիսի շարասյուն եղել է։
5․ Քանի որ Իշխանյանը 3-րդ կետից թռել է 5-րդ, ես էլ պաշտպանեմ նրա համարակալումը, որ ոչինչ չխառնվի։ Այս կետում նա խիստ նեղվել է, որ ես ընդդիմության իր սրտամոտ հատվածին կոչել եմ «արմատական» ու հետաքրքրվում է, թե էլ ինչպիսի՞ն պետք է լինի ընդդիմությունը։ Ու քանի որ այստեղ արդեն ի դեմս Աշոտ Մելիքյանի տեսնում է «խոշոր քաղաքագետի», այստեղ էլ չմանրանանք ու ժամանակ չկորցնենք նախկին իրավապաշտպանի համար «լիկբեզ» անցկացնելու վրա։ Ուղղակի նրան հիշեցնեմ, որ անցյալում որոշ մեր զրույցներում հումորի և երգիծանքի առարկա էր դառնում «գրպանային ընդդիմությունը»։
6. Ավետիք Իշխանյանը փորձ է արել մանիպուլացնել իմ խոսքերը։ Տվյալ դրվագում՝ 2022 թվականի սեպտեմբերյան պարտության համար ես չեմ մեղադրում ընդդիմությանը։ Այս պատմությունն իր պատճառները, պատասխանատուներն ու մեղավորներն ունի։ Բայց ես պնդում եմ՝ երբ երկիրը մի քանի ուղղություններով ագրեսիայի է ենթարկվել և առաջնագծում արյունալի մարտեր են գնում, ճիշտ այդ պահին Երևանում հակաիշխանական բազմահազարանոց ցույց անցկացնելը մեկին մեկ համընկնում է 5-րդ շարասյան գործելակերպին ու առաքելությանը՝ ուղղված ներսից պետության դիմադրողականության թուլացմանը։ Նախկին իրավապաշտպանը հավաստիացնում է՝ ինքնաբուխ էր, ընդդիմությունն էլ անակնկալի եկավ։ Այստեղ դասականը կբացականչեր․ «Իյա, իրո՞ք»։ Եթե Իշխանյանը մոռացել է, հիշեցնենք, թե ինչ ոգևորությամբ էին ընդդիմության հայտնի գործիչներն ուղղորդում ու քաջալերում ցուցարարներին։ Իսկ երկրի ճակատագիրը, որով, ըստ Ավետիքի, մտահոգված էին այդ մարդիկ, այդ պահին վճռվում էր ռազմի դաշտում, այլ ոչ Երևանի կենտրոնում, և պետք էր ջարդել ագրեսորին, այլ ոչ թե ԱԺ տարածքի ճաղերը։
7. Այս կետով Իշխանյանը՝ անվերապահորեն արդարացնելով ռազմական հեղաշրջումն առհասարակ և, մասնավորապես, դրա փորձը Հայաստանում, վերջնականապես պատռեց իրավապաշտպանի իր նախկին դիմակը և բացեց իրական դեմքը։ Այստեղ նա ինձ ճիշտ է հասկացել․ ես սկզբունքորեն դեմ եմ ռազմական հեղաշրջումներին, իսկ մեր երկրում պատրաստ եմ կյանքի գնով պայքարել դրա դեմ։ Եվ այստեղ էլ եմ պնդում՝ հատկապես պատերազմի ժամանակ զինվորականների կողմից երկրում հեղաշրջման իրականացումը կամ դրա փորձը (լինի ընդդիմության հետ թե առանձին) լիովին համապատասխանում է 5-րդ շարասյան գործառույթներին և առաքելությանը։ Փաստորեն, հիմքեր կան ենթադրելու՝ երբ 44-օրյայի թեժ օրերին Իշխանյանի փեսա Վազգեն Մանուկյանը «17+»-ի անունից կոչ էր անում «կայծակնային արագությամբ» հեղաշրջում անել, սրանք այդ գործում «ընտանեկան կապալ» էին ստեղծել։ Իսկ ամենազավեշալին այն է, որ Իշխանյանն իր ակնածանքն է արտահայտում ու որպես պանծալի օրինակ է բերում ադրբեջանցի գնդապետ Սուրատ Հուսեյնովին, որը 1993թ. իրականացված հեղաշրջմամբ հեռացնելով Էլչիբեյին և բերելով Հեյդար Ալիևին, իբր փրկեց Ադրբեջանը հետագա պարտություններից։ Բայց Իշխանյանը նախ մոռանում է, որ այդ հեղաշրջումից հետո էլ Հայկական բանակը շարունակեց իր հաղթարշավը մինչև 1994թ․ մայիս, երբ հրադադարի մասին համաձայնագիր կնքվեց։ Բացի այդ, նա չի պատմում, թե ինչով ավարտվեց այդ պատմությունը։ Մինչդեռ՝ Հուսեյնովն արդեն Ալիևի կողմից մեղադրվեց նոր հեղաշրջման մեջ, պաշտոնանկ արվեց, փախավ Ռուսաստան, հետո արտահանձվեց Ադրբեջանին և դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Այ, այսպիսին է Իշխանյանի հերոսը։
8. Կարծում եմ, կարելի է լուրջ չվերաբերվել Իշխանյանի մտավարժանքներին 2018թ. հեղափոխությունը թուրք-ադրբեջանական փողերով իրականացվելու մասին, կամ՝ թե ում են ձեռնտու իմ ելույթները։ Այդպիսի տրամաբանությամբ ես, օրինակ, կարող եմ ոմանց համոզել, որ Իշխանյանը կաթոլիկ կարդինալ է։ Մանավանդ, որ նրան այդպիսի հագուստով բազմաթիվ տեսնողներ են եղել։ Լուրջ։ Երբ նա մարդու իրավունքների թեմաներով թրենինգներ էր անցկացնում։ Ասում են, շատ զվարճալի էր…
Իշխանյանի ամփոփման ամփոփում
Ինչպես և նախկին այլ գործընկերների հետ «հաշիվ մաքրելիս», իմ դեպքում էլ Իշխանյանն անկեղծանում ու նշում է, որ հեղափոխությունից առաջ ինձ հետ ունեցել է «ջերմ, ընկերական հարաբերություններ»: Առաջին իր հիասթափությունը եղել 2021-ին, երբ լսել է հունիսին կայացած ընտրությունների մասին իմ գնահատականը, որը սկզբունքորեն այլ էր, քան իրենը։ Իսկ բաժակի վերջին կաթիլը լցվել է, երբ լսել է իմ «Մենախոսություն»-ներից մեկը։
Հիմա օգնեմ Իշխանյանին էլ ավելի հիասթափվել ինձանից։ Նախ՝ ես երբեք մեր հարաբերությունները չեմ համարել ջերմ ու ընկերական։ Ընդամենը դրանք եղել են փոխհարգալից և գործընկերային, ոչ ավելին։ Ջերմ ու ընկերական հարաբերությունների համար Իշխանյանը չափազանց մեծամիտ է, ինքնասիրահարված, իր կարծիքը վերին ատյանի ճշմարտություն համարող։ Դա վանող է և որոշակի հեռավորություն պահանջող։ Բայց սա մի կողմ թողնենք։
Ինչ վերաբերում է ընտրությունների վերաբերյալ իմ գնահատականին, ապա ամեն ինչ պարզվում է համեմատության մեջ։ Հիմա էլ եմ պնդում. 2020 և 2021թթ. ընտրություններն անցան առանց վերջին տասնամյակների չարիքներից մեկի՝ ընտրակաշառքի տոտալ բաժանման, ինչը իշխանության յուրացման գլխավոր գործիքներից էր, չկային քվեաթերթիկների լցոնումներ հօգուտ կառավարող ուժի, չկար թվերի նկարչություն, չկային դեպքեր, երբ քվեարկված թերթիկներով լի տուփերը գողացվում կամ ուղղակի փոխարինվում էին այլ տուփերով, որոնք պարունակում էին «քվեարկության» այլ արդյունքներ։ Այս ամենը չնկատելը և անցած ընտրությունները ֆարս անվանելն առնվազն փարիսեցիություն է։ Իսկ Իշխանյանի մատնանշած խախտումների գոնե մի մասը խիստ վիճելի է։
Այդուհանդերձ, եթե մեր գնահատականներն ու տեսակետները տրամագծորեն տարբերվում են, արժե՞ արդյոք դա տեղափոխել անձնական դաշտ և սին ճիգեր գործադրել նսեմացնելու մի մարդու, որի հետ իբր «ջերմ հարաբերություններ» ես ունեցել։ Առողջ դատողություն ունեցողի համար դա մերժելի է, բայց ոչ Իշխանյանի։ Այո, 2 տարի կոմունիստ եմ եղել և տոմսս վայր եմ դրել Ղարաբաղյան շարժումն սկսելուն պես, ինչպես հազարավոր կոմունիստներ։ Հետո՞ ինչ։ Այո, «Լենինյան ուղիով» ամսագրում եմ աշխատել, սեփական մաշկիս վրա զգացել եմ գրաքննությունը, դրա համար էլ ցայսօր պայքարում եմ դրա դեմ։ Սովետական տարիներին նույնիսկ «Ոզնի» երգիծական պարբերականն էր կոմկուսի վերահսկողության տակ։ Իշխանյանը դրա մասին չգիտի՞, թե՞ միամիտ է ձևանում։
Ի դեպ, երևի Ավետիքը «մոռացել է» ինձ նաև «սորոսական» ու «գրանտակեր» անվանել։ Բայց դրան լուրջ բացատրություն կա․ նա «Բաց հասարակության հիմնադրամների» վաղեմի և կարկառուն դրամաշնորհառուներից է։ Իհարկե, դա նորմալ երևույթ է։ Բայց աննորմալ է, երբ շարունակելով գրանտ ստանալ՝ Իշխանյանը հետպատերազմյան շրջանում այսպես կոչված «ազգայնականներով» (սա իմ բնորոշումը չէ, սա իրենց ինքնանույնականացումն է) լի հավաքներին լուռումունջ լսում էր մեղադրանքները, թե պարտության մեղավորները «սորոսականներն» են, նրանք կործանում են ազգն ու պետությունը, նրանց պետք է ոչնչացնել, և նույնիսկ չէր փորձում հակադարձել։ Մինչդեռ՝ կարող էր չէ՞ ասել․ «Սպասեք, ես էլ եմ օգտվում Սորոսի հիմնադրամից, որտե՞ղ եք տեսել իմ ազգադավ գործունեությունը»։ (Ինչպես ճշտեցի, դա այն ժամանակ էր, երբ գործում էր 2020-2021թթ․ մի ծրագրի իրականացման համար հիմնադրամից ստացած այս գրանտը՝ https://www.osf.am/hy/about-company-hy/grants-lists-hy/?grant_year=2020)։ Բարոյազրկվածության լուրջ դրսևորում…
Հեռուստատեսությամբ դիտելով այդ դրվագները, մտածում էի՝ մարդ է՞լ տարիներ շարունակ հարգված իրավապաշտպան լինի ու այսքան թշվառ դառնա։
Աշոտ Մելիքյան