կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-25 13:39
Առանց Կատեգորիա

Համայնքային ընտրությունների թշվառությունը

Համայնքային ընտրությունների թշվառությունը

Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վաղուց արդեն վերածվել են դեկորացիայի, որը լուծում է միայն ժամանակավոր ինչ-որ ինտրիգներով, աժիոտաժով համայնքների ներքին տաղտկալի առօրյան փոխելու, բնակչությանը որոշ ժամանակ խոսելու, քննարկելու թեմա տալու խնդիր: ՏԻՄ ընտրություններից վաղուց լճացած կոմունիզմի հոտ է գալիս, որովհետև միայն այդպիսի հոտ ունեցող ընտրությունների դեպքում է ընտրողը մտնում քվեախցիկ՝ նախապես իմանալով՝ ով է ընտրվելու:

 

Արտաշատի քաղաքապետի ընտրություններում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, մնաց միակ առաջադրված թեկնածուն. առաջադրված մյուս մրցակից թեկնածուներն ինքնաբացարկ հայտնեցին: Վերջինը դա արեց Հովհաննես Ղազարյանը, ում մասնակցությունը, հաշվի առնելով այս երկու ընտանիքների միջև լարված հարաբերությունները, խոստանում էր քիչ թե շատ մրցակցային ընտրություններ ապահովել, որը, փաստորեն, չի լինի: Եվ հիմա, եթե նույնիսկ միայն Արգամի ընտանիքն էլ մասնակցի ընտրություններին ու քվեարկի նրա օգտին, վարչապետի որդին կհամարվի ընտրված, ինչը նշանակում է, որ որդուն քաղաքապետ դարձնելու համար վարչապետը պետք է սպասի միայն ընտրություններ կոչված ֆորմալ միջոցառման ավարտին:

 

Այսպիսով` քաղաքապետի երիտասարդ թեկնածուին հաղթանակը տրվում է ամենահեշտ ձևով, այլ կերպ ասած՝ քաղաքապետի աթոռը սկուտեղի վրա մատուցվում է վարչապետի որդուն: Եվ հիմա, հավանաբար, Արգամ Աբրահամյանը նեղություն չի էլ կրի՝ նախընտրական ծրագիրը ներկայացնելու, ընտրողներին հանդիպելու, ինչ-որ բաներում համոզելու կամ հավատացնելու վրա ջանք գործադրելու համար:

 

Դժվար է ասել՝ ինչը ստիպեց Արգամ Աբրահամյանի երկու մրցակիցներին հանել իրենց թեկնածությունը: Համենայն դեպս, զուտ արտաքուստ, տպավորություն չկա, թե նրանց նկատմամբ ինչ-որ անձնական կամ քաղաքական ճնշումներ են գործադրվել: Ամենայն հավանականությամբ, նրանք թեկնածությունները հանել են՝ համոզված լինելով, որ ցանկացած դեպքում, անկախ ընտրությունների իրական արդյունքներից, քաղաքապետի աթոռը զբաղեցնելու է վարչապետի որդին, հետևաբար, անիմաստ են համարել մասնակցել այդ նշանակումն անուղղակիորեն լեգիտիմացնող «միջոցառման»: Նման պարտությունը հնարավոր է այն դեպքում, երբ ոչ միայն չկա հանրային հավատ ընտրական համակարգի նկատմամբ, այլև բովանդակային առումով չկա նման համակարգ` ընդհանրապես:

 

Քաղաքական մյուս ուժերին ՏԻՄ ընտրությունները չեն հետաքրքրում՝ առաջին հերթին հաղթելու շանս չտեսնելու և ավելորդ մասնակցությամբ սեփական թուլությունը, սեփական պարտությունը չխոստովանելու համար: Իսկ դա գալիս է նրանից, որ այս խժռող համակարգն անգործունակ դարձնելու բանաձևը, մեխանիզմը նրանք չեն կարողանում գտնել: Եվ պատահական չէ, որ ընտրություններին հիմնականում մասնակցում են ոչ թե առաջադրումների, այլ ինքնաառաջադրումների մակարդակով:

 

Այդ հանգամանքը համայնքային նշանակության ընտրությունները, քվեարկությունները զրկել է քաղաքական բովանդակությունից, և դրանք գրեթե ամբողջությամբ հանձնվել են իշխանության լիակատար հայեցողությանը: Վերջինս էլ իրեն հանձնված «սեփականության» հետ վարվում է սրտի ուզած ձևով` ընտրությունները դարձնելով միջխմբակային կամ միջանձնային ներքին հարաբերությունների ճշգրտման, փոխադարձ ժեստեր անելու հարթակ:

 

Այդ ընտրություններն իմաստազրկված են նաև ընտրողների, համայնքների բնակչության համար: Բայց այս դեպքում հարցը միայն ընտրական համակարգի նկատմամբ հավատի բացակայությունը չէ, այլ այդ պայմաններում նվազագույն «շահույթ» ստանալու ակնկալիքը: Խոսքը բացարձակապես ընտրակաշառքների մասին չէ: Արգամ Աբրահամյանը, օրինակ, նույնիսկ դրան ապավինելու կարիքը չունի: Միակ թեկնածուն լինելու հանգամանքը նրան ազատում է «ավելորդ ծախսից», որովհետև կարող է հաղթել նույնիսկ նվազագույն «կողմ» քվեարկության արդյունքներով: Ընտրողների, տվյալ դեպքում` արտաշատցիների հիմնական ակնկալիքն այն է, որ քաղաքապետ է դառնում վարչապետի որդին, և թեկուզ նրա չտապալման համար թե' ֆինանսական և թե' վարչական` գործնականում անսահմանափակ լծակներով օժտված վարչապետը՝ իշխանության երրորդ դեմքը, լավից վատից «տիրություն կանի» քաղաքին և բնակիչներին:

 

Սա սնվում է այն մտածողությունից, որ գուցե վարչապետի որդու` այսպիսի ընտրությունն ավելի ձեռնտու է, քան եթե քաղաքապետ դառնար լեգիտիմ, բայց «թափ չունեցող», հայկական ձևերով հարցեր լուծելու ունակություն ու հնարավորություն չունեցող, դատարկ կամ կիսադատարկ գրպանով, խելոք դեմքով ինչ-որ մեկը:

 

Այսպիսով` ընտրողների մեծամասնությունն իր այս չարդարացվող ակնկալիքներով, քաղաքական դաշտն` իր այս անտարբերությամբ, անգամ` ընտրություններին չմասնակցելով, միևնույն է, ապահովելու են Արգամ Աբրահամյանի, նույնն է, թե իշխանության հերթական հաղթանակը: Իսկ թե իր քաղաքական ազդեցությունը պահպանելու, ընտրությունից ընտրություն վերարտադրվելու համար դա ի՞նչ ռեսուրս է տալիս իշխանությանը, թերևս ավելորդ բացատրությունների կարիք չկա:

 

Գևորգ Աղաբաբյան