Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԺԺԿ-ի (HDP) պատգամավոր Կարո Փայլանը օրինագիծ է ներկայացրել ԹԱՄԺ՝ ունեցվածքի հարկից տուժածներից ներողություն խնդրելու և նրանց կորուստները փոխհատուցելու համար։
Փայլանը իր առաջարկի նպատակը սահմանել է որպես «առաջարկ՝ պաշտոնապես ներողություն խնդրել մեր քաղաքացիներից, որոնց քաղաքացիական իրավունքները խախտվել և խտրականության են ենթարկվել 1942 թ․ ընդունված Ունեցվածքի հարկի մասին օրենքի հետևանքով, և փոխհատուցել այդ օրենքով պատճառված նյութական և բարոյական վնասը»:
Փայլանի առաջարկի հիմնավորումը հետեւյալն է.
«Ուղիղ 80 տարի առաջ՝ 1942 թ․ նոյեմբերի 11-ին, ԹԱՄԺ ներկայացված հարստության մասին օրենքը միաձայն ընդունվեց և հաջորդ օրը Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո ուժի մեջ մտավ։ Թղթի վրա հարկը հակադրվում էր «բարձր շահութաբերությանը, կուտակմանը և սև շուկային»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ծանր տնտեսական պայմաններում: Սակայն օրենքի իրական նպատակը մեր քրիստոնյա և հրեա քաղաքացիների տնտեսական հարստությունը խլելն էր։
Ըստ ժամանակաշրջանի Ստամբուլի գանձապահ Ֆաիք Օքթեի «Հարստության հարկի աղետը» գրքի՝ Անկարայից ուղարկված գաղտնի կնիքով նամակում ասվում է, որ «պատերազմի միջոցով ստացված արտակարգ եկամուտները հատկապես ձեռք են բերվել փոքրամասնությունների կողմից», և «այդ եկամուտները որոշելիս փոքրամասնությունները պետք է ցույց տրվեն առանձին աղյուսակով»։ Այդ աղյուսակներում հաշարկումը կատարվել էր մուսուլմանների համար՝ M, ոչ մուսուլմանների՝ G, կրոնափոխների՝ D և օտարերկրացիների համար՝ E տառերով: Այս աղյուսակներով աշխատող հանձնաժողովների կողմից սահմանված հարկերը որոշվում են ոչ թե ըստ հարկատուների ունեցվածքի, այլ, համաձայն ասեկոսե տեղեկություններին, կռահումների՝ մտերիմ հարաբերություններին և հանձնաժողովի անդամների անձնական շահերին համապատասխան։
Ի վերջո, ինչպես հայտնում է Օքթեն, վարչապետ Սարաչօղլուի հրամանով՝ «ոչ մուսուլմաններից տասն անգամ ավելի էր ունեցվածքի հարկ գանձվում, քան մյուսներից»։ Մինչդեռ ոչ մուսուլմանների ամենաաղքատ խավերի վրա որոշակի չափով հարկ էր կիրառվում, նույն մասնագիտական խմբի մուսուլմաններն ազատվում էին հարկերից: Արդյունքում, երբ 1944 թ․ օրենքը չեղարկվեց, ամբողջ Թուրքիայում Ունեցվածքի հարկի բեռը դրվեց ոչ մուսուլմանների վրա՝ մոտ 83 տոկոսով, մահմեդականների վրա՝ 7 տոկոսով, իսկ «կրոնափոխների և օտարերկրացիների» վրա՝ 10 տոկոսով:
Ունեցվածքի հարկի շրջանակներում հավաքված 315,000,000 թուրքական լիրայի 280,000,000-ը ստիպել են վճարել քրիստոնյա և հրեա քաղաքացիներին, որոնք նույնիսկ բնակչության մեկ տոկոսը չէին կազմում:
Այս շրջանում ոչ մուսուլմանների հարկային պարտքը մարելու համար վաճառքի հանված և բռնագրավման ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքը արագորեն վաճառվեց մեծավ մասամբ մահմեդական հարուստներին և պետական հաստատություններին: Միաժամանակ բռնագրավված իրերը վաճառվել են նաև աճուրդով։ Նրանք, ովքեր չկարողացան վճարել իրենց հարկային պարտքը, մոտավորապես 1400 ոչ մահմեդական հարկատուներ, ներառյալ իմ պապը, ուղարկվեցին աշխատանքային ճամբարներ Աշքալեում (Էրզրում) և Սիվրիհիսարում (Էսքիշեհիր) 1943 թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին։ Ինչպես հայտնում է Օքթեն, մուսուլման հարկատուները, ովքեր հիմնականում ոչ մուսուլմանների հետ իրենց գործընկերության պատճառով բարձր հարկեր ունեին և չէին կարող վճարել այդ գումարները, ազատվեցին ճամբարներ աքսորվելուց։ Ոչ մահմեդական հարկատուները մաքրում էին Աշքալեի Տրապիզոն-Իրան տարանցիկ մայրուղու ձյունը, Էրզրումում մաքրում էին քաղաքի փողոցները, Սիվրիհիսարում ճանապարհաշինության ժամանակ քարեր էին ջարդում։ Հարկադիր աշխատողներից 21-ը մահացան այս ճամբարներում։
«Այս օրենքը միաժամանակ հեղափոխության օրենք է։ Մենք մեր տնտեսական անկախությունը ձեռք բերելու հնարավորության առաջ ենք։ Մեր շուկայում գերիշխող օտարազգիներին վերացնելով՝ թուրքական շուկան կհանձնենք թուրքերի ձեռքը։ Այս օրենքը իր ողջ խստությամբ գործադրվելու է նրանց նկատմամբ, ովքեր օգտվելով այս երկրի ցուցաբերած հյուրընկալությունից՝ հարստացել են, սակայն այս վտանգված պահին ձեռնպահ են մնում նրա հանդեպ իրենց պարտքը կատարելուց»։
Արդեն 80 տարի է անցել այն ժամանակվա վարչապետ Շյուքրյու Սարաչօղլուի այս ռասիստական խոսքերից, որ ասվել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի մեր քրիստոնյա և հրեա հայրենակիցների վերաբերյալ։ Սակայն Սարաչօղլուի անունը դեռ շարունակում է իր տեղը գտնել կարեւոր հանրային տարածքների անվանումների մեջ։ Ունեցվածքի հարկի մասին խտրական օրենքի հետևանքով առաջացած ավերածությունները, որի ճարտարապետը նա էր, 80 տարի է, դեռ սպասում են հետաքննության և առերեսվելու:
Այն փաստը, որ յուրաքանչյուր չառերեսված հանցագործություն կրկնվում է, դրսևորվում է 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի վանդալիզմի մեջ, որը տեղի ունեցավ այս օրենքից 13 տարի անց, և դրանից հետո շարունակվող խտրական գործելաոճում։ Այս բոլոր իրադարձությունները պատճառ դարձան, որ քրիստոնեական և հրեական համայնքները, որոնք 20-րդ դարի սկզբին կազմում էին երկրի բնակչության 40 տոկոսը, այսօր բնակչության ընդամենը մեկ հազարերորդ մասը կազմեն։ Եվ այն փաստը, որ այս իրադարձությունների հետ դեռևս չեն առերեսվում, մնում է ամենամեծ խոչընդոտը կայուն սոցիալական խաղաղություն կառուցելու համար:
Այս պատճառներից ելնելով՝ ԹԱՄԺ-ի համար շատ կարևոր քայլ կլինի պատասխանատվություն ստանձնել անցյալի հետ առերեսվելու և պաշտոնապես ներողություն խնդրել մեր քաղաքացիներից, ովքեր զոհ են գնացել ԹԱՄԺ-ի կողմից 80 տարի առաջ հաստատված Ունեցվածքի հարկի մասին այս օրենքին»։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net/am