կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-29 12:08
Հասարակություն

«Տաշիր»-ը և կառավարությունը հավասար պայմաններով փոխհատուցելու են էլեկտրաէներգիայի սակագնային տարբերությունը

«Տաշիր»-ը և կառավարությունը հավասար պայմաններով փոխհատուցելու են էլեկտրաէներգիայի սակագնային տարբերությունը

Կառավարության այսօրվա նիստում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով հաստատվում է, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և ՀՀ կառավարությունը հավասար պայմաններով փոխհատուցելու են էլեկտրաէներգիայի՝ նոր սակագնով հաշվարկված ծախսի տարբերությունը: Նախարարը տեղեկացրեց, որ 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ կառավարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սպառած էլեկտրաէներգիայի դիմաց՝ ամսական մինչև 250 կՎտժ. սպառում ունեցող բնակիչ սպառողների ու 0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում ամսական մինչև 500 կՎտժ. էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կվճարեն սուբսիդիաներ՝ 6,93 դրամի չափով:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2015 թվականի հունիսի 17-ի որոշմամբ՝ ս.թ. օգոստոսի 1-ից էլեկտրական էներգիայի սակագները բարձրացվեցին 6,93 դրամ/կՎտժ չափով: Սակագների բարձրացման վերաբերյալ որոշումը հասարակության լայն զանգվածների դժգոհության ալիք բարձրացրեց: Այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանը հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ առաջարկեց անցկացնել ուսումնասիրություն, որը կպատասխանի թե ինչքանո՞վ է հիմնավորված սակագնի բարձրացումը, և սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին: Իսկ մինչև խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը առաջարկեց փոխհատուցել սակագնի բարձրացումը:

Նշենք, որ ուսումնասիրություններն անցկացնում է էներգետիկայի բնագավառում ճանաչում ունեցող «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ընկերությունը, որի հետ կնքվեց պայմանագիր՝ աշխատանքները 3 փուլով իրականացնելու ժամանակացույցով: «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ընկերությունը ՀՀ կառավարությանն է ներկայացրել առաջին փուլի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որով հիմնավորված է համարել 2015 թվականի օգոստոսի 1-ից սակագների բարձրացման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: