Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մաքսային միության անդամակցության կապակցությամբ սպասվող գնաճի այն մեկնաբանությունները, որ տրվում են մամուլով, ոչ միտումնավոր, այլ բազմաթիվ խնդիրներով պայմանավորված, չեն համապատասխանում իրողությանը. Լրագրողներին այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
«Այն գնահատականները, որ մենք տալիս ենք, թե ապրանքների քանի տոկոսն են թանկանալու ՄՄ մտնելուց հետո, պետք է միշտ իմանանք, որ երբ տոկոսային հարաբերությամբ ասում ենք, որ 11 հազար ապրանքատեսակների 60 տոկոսը Մաքսային միությունում ավելի բարձր մաքսատուրք ունեն, քան ՀՀ-ում, 3 իմաստներով չի նշանակում, թե այդ 60 տոկոս ապրանքները թանկանալու են»,- նշեց նախարարը:
Այնուհետեւ նա պարզաբանեց, թե որոնք են այդ 3 իմաստները. Ըստ այդմ` առաջինը Վահրամ Ավանեսյանը նշեց, թե ապրանքներից ոչ բոլորն են, որոնց մաքսատուրքերը փոխվելու են` այն ապրանքները, որոնց ներկրումը ՀՀ կատարվում է այն երկրներից, որոնց հետ մենք ունենք ազատ առևտրի համաձայնագրեր, իսկ դրանք բոլորը ԱՊՀ երկրներն են` ներառյալ Վրաստանը, իսկ ՄՄ մտնելուց հետո կմիանան նաև այլ երկրներ, ինչպես Սերբիան է, որն ունի ազտա առևտրի համաձայնագիր ՄՄ-ի հետ, այս երկրներից ապրանքների ներկրման դեպքում մաքսատուրքերը որոնք 0 էին` կմնան 0: Եվ այդ 60 տոկոս ապրանքների մեջ, ասաց նախարարը, մտնում են նաեւ այդ ապրանքները:
Երկրորդը` Վահրամ Ավանեսյանի մեկնաբանությամբ, երբ նշվում է 11 հազար ապրանքնատեսակի մասին, ապա պետք է իմանալ, որ ՀՀ-ում բոլոր 11 հազար դասակարգիչներով ապրանքներ չեն ներմուծվում` ապրանքախմբերի ընդամենը 10-12 տոկոսը կազմում են Հայաստան ներմուծվող ապրանքների 90-95 տոկոսը:
«Դրա համար այդ 60 տոկոսը ընդհանուր առմամբ է նշվում` շատ ապրանքատեսակներ կան, որոնցով մենք ունենք 0 ներմուծում, ու այդ 0-ն ինչքան էլ բարձր մաքսատուրքով բազմապատկես, արդյունքը կստացվի 0»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:
Նախարարի ներկայացրած երրորդ պատճառը վերաբերում է հանգամանքին, որ ՀՀ-ն պատրաստվում է ՄՄ ներկայացնել այն ապրանքների խումբը, որոնք մեր երկրի համար ունեն սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն, եւ այդ ապրանքների համար մաքսատուրքերի ավելացման հարցում ստանալ բացառություններ: Խոսքը, ինչպես ասաց Վահրամ Ավանեսյանը, հիմնականում սննդամթերքի, դեղորայքին, նաեւ այն հումքային ապրանքների մասին է, որոնք ՀՀ տնտեսվարողների համար են կարեւոր:
«Այդ խումբը դեռ պատրաստ չէ, որոնցով մենք պատրաստվում ենք բանակցել` դեռ չենք սկսել այդ բանակցությունները: Բայց մենք պատրաստվում ենք դա անել ու սկսել բանակցությւոններ ՄՄ-ի հետ, որպեսզի Հայաստանն այդ ապրանքների գծով ունենա բացառություններ: Դա նշանակում է, որ նրանց մասով չեն ավելանալու մաքսատուրքերը, եթե մենք բանակցությունների ժամանակ հասնենք փոխադարձ համաձայնության»,- տեղեկացրեց նախարարը` հույս հայտնելով, թե տվյալ ապրանքների ցանկը վաղը պատրաստ կլինի եւ աշխատանքների ամբողջությամբ ավարտելուց հետո կուղարկվի ՄՄ, որպեսզի սկսվեն բանակցությունները:
Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե ինչ կլինի, երբ ակնկալվող բացառությունները Հայաստանը չստանա ՄՄ-ից, ու ինչ պետք է անի կառավարությունը նման սցենարների զարգացման դեպքում: Եթե որեւէ ապրանքի գծով այդ բացառությունները ստանալու համաձայնությունը չլինի, պատասխանեց Վահրամ Ավանեսյանը, ապա կառավարությունը, տվյալ դեպքերում, փոխհատուցումներ չի կիրառելու:
«Համենայն դեպս, եթե ինձ հարցնեն, ապա դրա պատասխանը միանշանակ ոչ է: Բայց մի բան պետք է նկատի ունենանք` ընդհանուր եթե նայում ենք ՄՄ մտնել-չմտնելուն` այս ապրանքների թանկացումների հետ կապված, ես միշտ ասել ու նորից ասում եմ`ՄՄ-ի մտնելու տնտեսական հաշվարկների տեսանկյունից, պետք է միշտ հաշվի առնել, թե չմտնելու դեպքում ինչ է լինելու: Մենք երբեւիցե չենք ասել, թե ՄՄ մտնելով պայմանավորված ապրանքների վրա մաքսատուրքեր ավելացնելը ճիշտ բան է ՀՀ-ի համար: Դա, ընդամենն, այո’, այն բացասական մասն է, որը մենք վերցնելու ենք` մտնելով ՄՄ: Բայց դա շատ ավելի ցածր բացասական էֆեկտ է, քան այն էֆեկտները, որը մենք կունենայինք, ՄՄ չմտնելով»,- ասաց Վահրամ Ավանեսյանը: