կարևոր
7408 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-17 23:13
Հասարակություն

Սուրբ Էջմիածինը նպատակահարմար չի նկատում մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին. Տեր Եսայի

Սուրբ Էջմիածինը նպատակահարմար չի նկատում մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին. Տեր Եսայի

Aravot.am-ը հարցում էր ուղարկել Մայր Աթոռ՝ պարզելու համար՝ արդյոք Եկեղեցին մասնակցելո՞ւ է հոկտեմբեր 28-31-ը կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին:

«Հաստատում ենք, որ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին բանավոր հրավեր է ուղղվել տարվույս հոկտեմբեր 28-ից 31-ը գումարվելիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցելու համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քննարկվել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին Եկեղեցու մասնակցության հարցը:

Հոկտեմբեր 28-31-ի գագաթնաժողովը տարակուսանքներ է առաջացնում մասնակիցների ընտրության հարցում, մասնավորաբար, համահայկական ավանդական կազմակերպությունների և ազգային կյանքում նշանակալի ավանդ ունեցող անձանց ներկայացվածության առումով: Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում անընկալելի են նաև քննարկման համար ընդգրկված նյութերը: Կազմակերպական այս մոտեցումներով նման միջոցառումը կարող է նոր զգայունություններ և լարվածություններ առաջացնել ազգային մեր կյանքում և արդյունավետ չլինել:

Եկեղեցին հնարավորություն չի ունեցել իր հիշյալ և այլ դիտարկումները ներկայացնելու գագաթնաժողովի կազմակերպիչներին՝ ներգրավված չլինելով կազմակերպչական աշխատանքներում, թեև Եկեղեցին միշտ էլ կարևորել է համահայկական համախմբմանն ուղղված նման համաժողովների ու միջոցառումների անցկացումը։ Վերոհիշյալ նկատառումներից ելնելով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նպատակահարմար չի նկատում Եկեղեցու մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին»,-Aravot.am-ին փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արամ Ա֊ն չի մասնակցելու Փաշինյանի նախաձեռնած համաշխարհային հայկական գագաթնաժողովին: