կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-16 20:02
Հասարակություն

Պատգամավորների գործունեության ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերյալ մեր պահանջների զգալի մասը լուծվել է. «Հայաստան» խմբակցությունը վերականգնում է իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

Պատգամավորների գործունեության ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերյալ մեր պահանջների զգալի մասը լուծվել է. «Հայաստան» խմբակցությունը  վերականգնում է իր  մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին
2021 թվականի դեկտեմբերի 7-ին հանդես էինք եկել հայտարարությամբ, որ կասեցնում ենք մեր մասնակցությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների աշխատանքներին: Հայտարարության հիմքը եղել է մեր գործընկեր պատգամավորների՝ ակնհայտ ապօրինի կալանավորումը և այլ պատգամավորների, այդ թվում՝ պատվիրակությունների մեջ ընդգրկված, տեղաշարժի ապօրինի սահմանափակումը:
 
Հայտարարությունից հետո մեր գործընկերներն ամիսներ տևած ապօրինի կալանավորումից ազատ արձակվեցին՝ մեր խմբակցության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիման վրա ընդունված որոշմամբ: Այնուհետև սկիզբ առավ պատգամավորների տեղաշարժի ապօրինի սահմանափակման վերացման գործընթացը:
 
Թեև Սահմանադրական դատարանը հստակ արձանագրել է, որ հարուցված քրեական հետապնդումները չպետք է խոչընդոտեն պատգամավորի սահմանադրական գործունեությանը, այս իշխանությունները որոշ պատգամավորների նկատմամբ շարունակում են նույն ակնհայտ ապօրինի մոտեցումը: Իշխանություններն ամեն կերպ ապօրինաբար կալանավորված են պահում նաև մեր Դաշինքի մի շարք անդամների:
 
Սակայն ինչպես պատգամավորների ապօրինի կալանավորումները, այդպես էլ այս կոպիտ խախտումների վերացման հարցում դրական արդյունք ենք ունենալու:
 
Հաշվի առնելով այն, որ պատգամավորների գործունեության ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերյալ մեր պահանջների զգալի մասը լուծվել է՝ «Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։
 
ԱԺ «Հայաստան» խմբակցություն
 
16.02.2022թ.