կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 17:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ դատի մեր գրասենյակներն ու հանձնախմբերը նկատում ենք որպես «երկրորդ բանակ»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովի օրակարգի առյուծի բաժինը Արցախին էր նվիրված, որովհետև պատերազմից հետո անհրաժեշտ էր, որ ունենանք մարտավարական ճշգրտումներ և մեր աշխատանքի թափին հատուկ ներուժ հաղորդենք՝ Արցախում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, որը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում մասնակցել էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 5-օրյա խորհրդաժողովին։

«Մեր աշխատանքները երբեք չեն դադարել՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ՀՅԴ Հայ դատի աշխատանքները միշտ շարունակել ենք՝ ի նպաստ Արցախի, ի նպաստ Հայաստանի և բոլոր այն ոլորտների, որ կազմում է մեր Հայ դատի օրակարգը։ Ունեցել ենք առցանց խորհրդաժողովներ Հայ դատի առնչությամբ, բայց սա առաջին խորհրդաժողովն էր դեմ առ դեմ, որ ունենում ենք Արցախի պատերազմից հետո։ Հիմնական օրակարգը Արցախի նկատմամբ ճակատամարտի պարտությունից հետո ստեղծված իրավիճակի քննարկումն էր, մարտավարական հստակեցումներն էին, աշխատանքին նոր թափ հաղորդելու հրամայականն էր, և, բնականաբար, Արցախի մասով մենք ունենք թե՛ ինքնորոշման իրավունքի շեշտավորում, թե՛ Արցախի անկախության ճանաչման խնդիր, նաև միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների մեջ հատուկ աշխատանքներ տանելու անհրաժեշտություն»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Նա վստահեցրեց, որ եկել են՝ Արցախի ժողովրդին հաղորդելու, որ նրանք մենակ չեն։

«Ոչ միայն մեր «երկրորդ բանակն» է այստեղ՝ մենք Հայ դատի մեր գրասենյակներն ու հանձնախմբերը նկատում ենք որպես «երկրորդ բանակ», որ մեր առաջին՝ պանծալի բանակի կողքին տանում են պայքար աշխարհով մեկ՝ պաշտպանելու Հայաստանի և Արցախի շահերը։ Արցախի շահերի պաշտպանության համար մենք նաև գործի ենք լծել մեր օտարերկրյա բարեկամներին՝ «Պրո Արցախ» համախմբման մեջ մենք ունենք ավելի քան 500 բարեկամներ աշխարհով մեկ՝ բոլոր մայրցամաքներից, որոնք աջակցում են մեր պայքարին քարոզչական, քաղաքական առումով, և այդ ուղղությամբ հասել ենք մեծ հաջողությունների»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Իբրև օրինակ նա նշեց միայն վերջինները․ ընդամենը 1-2 օր առաջ Հարավային Ամերիկայում Նոբելյան մրցանակակիրները հատուկ պատգամ ուղղեցին, որում հստակորեն նշեցին, որ Արցախի պատերազմը ադրբեջանական ագրեսիայի հետևանք էր, և սա անընդունելի երևույթ պետք է դիտվի աշխարհի կողմից, որովհետև դա ամբողջական ռևանշիզմ էր, նույնիսկ ֆաշիզմի հասնող հայատյաց քաղաքականության հետևանք։ Հաջորդ օրինակը Կիպրոսի  խորհրդարանի բանաձևն է, որն ընդունվեց օրերս, որը հստակորեն դատապարտում է Ադրբեջանի հարձակողական քաղաքականությունը, Թուրքիայի ներխուժումը, նաև վարձկանների ներկայությունը այս հողերի վրա։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․