Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Հայաստանի հապճեպ քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով ՝ Երեւանում, կարծես, կցանկանային «օգտվել այն պահից, երբ Արեւմուտքը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում փոխգործակցության ուժեղացման հարցում, այդ թվում ՝ անվտանգության ոլորտում»:
«Սակայն չմտածված որոշումները, որոնք կապահովեն Արեւմուտքի լիակատար մուտքը տվյալների ազգային բազաներին, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկատվությանը, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլեւ կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի գծով մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը», - ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Գալուզինը վստահություն է հայտնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի լիարժեք մասնակցությունը բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից, ծառայում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը:
«Մինչ Ռուսաստանը իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում իր հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմամբ, Արևմուտքի նպատակները լրիվ հակառակն են։ Հիմնական խնդիրներից մեկը Եվրասիայում ինտեգրման գործընթացների խափանումն է, մեր ընդհանուր ինտեգրացիոն նախագծերը՝ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, նրանց մոտ ինչպես ոսկորը կոկորդում է։ Այդ նպատակին հասնելու համար Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պատրաստ են ցանկացած քայլի, ներառյալ Ռուսաստանի հարևան պետություններում ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի ապակայունացմանը», - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Գալուզինը հավելել է, որ Արևմուտքին ձեռնտու է պահպանել լարվածության օջախները հետխորհրդային տարածքում ՌԴ-ի թուլացման համար, որն, ըստ էության, «այստեղ մնում է անվտանգության հիմնական երաշխավորը»: