Փոխարժեքներ
21 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.27 |
EUR | ⚊ | € 432.15 |
RUB | ⚊ | ₽ 4.18 |
GBP | ⚊ | £ 514.49 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Եվրոպական Միությունը որոշում է կայացրել 40 հոգանոց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ առաքելության նպատակն է իրավիճակի մոնիթորինգը, վերլուծությունը և տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հաշվետվությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս որոշումը հաջորդում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպմանը։
Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումը միտված է խաղաղության և կայունության հաստատմանը, վստահության ամրապնդմանը և երկու երկրների պետական սահմանի դելիմիտացիային աջակցելուն։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել է, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը միտված է վստահության ամրապնդմանը անկայուն իրավիճակում, որը ռիսկի տակ է դնում մարդկային կյանքեր և հակամարտության կարգավորման գործընթացը։ Նրա խոսքով՝ սա ևս մեկ ապացույց է, որ ԵՄ-ն հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու վերջնական նպատակին։
Հաղորդվում է, որ Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին առաքելության տեղակայման գործընթացն արագացնելու համար որոշում է կայացվել ժամանակավորապես Հայաստան ուղարկել Վրաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության փորձագետներին։ Առաքելությունը կտեղակայվի ժամանակավոր․ դրա գործունեության ժամկետը 2 ամսից ավել չի լինի։