Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր արձագանքել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի երեկվա հայտարարությանը, որտեղ անընդունելի և բացարձակապես ոչ տեղին էին համարվել նախագահ Տեր-Պետրոսյանի նախորդ օրվա հայտարարության մեջ Ցյուրիխյան արձանագրությունների և գործող իշխանությունների կողմից հայ-թուրքական հաշտության ստորագրվելիք պայմանագրի միջև համեմատությունները:
Առաջին նախագահի այսօրվա անդրադարձում պարզաբանվել էր, որ Տեր-Պետրոսյանը ժամանակին՝ դեռևս 2009 թվականին, դրական է գնահատել Ցյուրիխյան արձանագրությունները՝ կտրականապես դեմ լինելով դրանցում տեղ գտած ընդամենը մեկ կետի, որը վերաբերում է հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը:
168.am-ի հարցին, թե ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից ինչպես կմեկնաբանեն այս արձագանքը, պատասխանեցին.
«Մեր պետության և ժողովրդի համար այս չափազանց ծանր իրավիճակում, անշուշտ, պատեհ չէ կարևորագույն խնդիրները թողած՝ նման դիսկուրսների մեջ ներքաշվելը, հատկապես, որ խեղաթյուրված են ներկայացվում պատմական իրողությունները:
Սակայն, նկատի առնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այսօր կրկին արդիական է և օրվա իշխանությունների արտաքին քաղաքականության օրակարգում է, նմանօրինակ համեմատություններ անելիս, հետագա թյուրըմբռնումներից խուսափելու համար, ևս մեկ անգամ փաստացիորեն հիշեցնում ենք, որ՝
1. 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունները, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», չեն պարունակում որևէ դրույթ «հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու մասին: Եվ առհասարակ, արդեն իսկ վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը ՀՀ գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով բանակցվող և ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ:
2. Ըստ ամենայնի, Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես է մեկնաբանում կամ ներկայացնում վերոհիշյալ արձանագրության հավելվածով նախատեսված միջկառավարական հանձնաժողովի՝ պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծման մասին կետը, որտեղ խոսք է գնում երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացման, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման և առաջարկների ձևակերպման մասին` հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ։
ՀՀ երրորդ նախագահի մի շարք ելույթներում, հարցազրույցներում, ուղերձներում ևս բազմիցս և հստակ ընդգծվել է, որ միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ, և նման բան չի կարող լինել:
3. ՀՀ Սահմանադրության համար հիմք ծառայող՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի, 11-րդ կետում ամրագրված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
2008-2018թթ. ՀՀ երրորդ նախագահի ղեկավարման տարիներին Հայաստանի Հանրապետությունն անշեղորեն առաջնորդվել է վերոհիշյալ դրույթով և ոչ միայն խոսքով, այլև այդ դրույթի շրջանակներում գործնականում իրականացված քայլերով»:
Աղբյուրը՝ 168.am