կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 12:38
Քաղաքական

Ադրբեջանը խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը․ Լաչինի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը․ Լաչինի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնման, Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանին կապող ճանապարհի գործարկման մասին է․ Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք տեղյակ եք, որ Հայաստանն այս թեմայով համապարփակ առաջարկություններ է ներկայացրել: Չմտնելով մանրամասների մեջ՝ ասեմ, որ մեր առաջարկի էությունը հետեւյալն է՝ վերակառուցել  Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ՝ սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային եւ այլ հսկողություններ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը մեր այս դիրքորոշումը ե՛ւ ընդունում է, ե՛ւ չի ընդունում: Դա արտահայտվում է հետեւյալում՝ նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաեւ Լաչինի միջանցքում,եւ այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը:

«Այս խոսույթը անհիմն է երկու պատճառով. նախ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության որեւէ տարածքի եւ դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլեւ տարածք, որը ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը, ըստ եռակողմ հայտարարության, գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որեւէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի: Եվ հետո՝ Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի զուգահեռները տարօրինակ են մի քանի պատճառներով: Նախ՝ Նախիջեւանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Թուրքիայի տարածքով, օդային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով եւ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից որեւէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է միայն մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա կրկին արձանագրեց՝ Լաչինի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՀՀ տարածքով որեւէ միջանցքի գոյություն չի նախատեսում, եւ Հայաստանը չի ընդունել ու չի ընդունելու միջանցքային որեւէ տրամաբանություն: