կարևոր
514 դիտում, 41 րոպե առաջ - 2025-12-05 18:44
Քաղաքական

1915-ի հետ համեմատությունը չափազանցված չէ. պատմաբանը՝ Եկեղեցու դեմ իրականացվողի մասին

1915-ի հետ համեմատությունը չափազանցված չէ. պատմաբանը՝ Եկեղեցու դեմ իրականացվողի մասին

 ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ Միքայել Մալխասյանը գրում է.

«1915-ի հետ համեմատությունը չափազանցված չէ:

Հայ Եկեղեցուն «տեռորիզմի», «պետական հեղաշրջման», «նյութական միջոցների ապօրինի շրջանառության» և «արգելված նյութերի իրացման» մեջ մեղադրել են օսմանյան մոլլաները 1915 թ., երբ ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ հայերի դեմ ջիհադի (սրբազան պատերազմի) կոչ էին անում իրենց խառնամբոխին և թուրքական կանոնավոր բանակին. դրանից հետո էլ կատարվում էր Հայոց ցեղասպանության զանգվածային սպանությունների զգալի մասը... Այս ձևակերպումները կարող եք տեսնել այսօր համապատասխանաբար Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի «գործերում»։

Դժվար չէ նկատել Ալլահշուքյուր Փաշազադեին բավարարելու միտումը օրվա իշխանավորների կեցվածքում, իսկ հրճվողների համար կարելի է միայն քրիստոնեաբար աղոթել` մի բան, որ իրենք խրախուսում են չանել, Սբ. Պատարագի խորհուրդը եղծելով, Վեհափառ Հայրապետի համար։ Չէ՞ որ Վեհափառի անվան հիշատակությունը նրա փառաբանությունը չէ, այլ աղոթք նրա կյանքի և հոգու փրկության («կենաց եւ փրկութեան հոգւոյ նորին») համար, ինչպես նույն այդ շարքում աղոթք է հնչեցվում «վասն բարեպաշտ թագաւորաց եւ աստուածասէր իշխանաց, զօրավարաց եւ զօրաց նոցին» («բարեպաշտ թագավորների և աստվածասեր իշխանների, զորավարների և նրանց զորքի համար»)։ Իսկապես ձեր հոգու փրկության համար պետք է աղոթել, որովհետև դուք իրականում հրճվում եք նաև նրանով, որ Արցախի հինավուրց եկեղեցիներում, ինչպես Արևմտյան Հայաստանի վանքերում, արդեն ավելի քան 100 կիրակի չեն հնչում Վեհափառ Հայրապետի, բարեպաշտ թագավորների, աստվածասեր իշխանների, զորավարների և նրանց զինվորների անունները։

Հ. Գ.։ Լուսանկարչական կոլաժի վերին մասում Արևմտյան Հայաստանի ամենամեծ վանքերից ու 19-րդ երկրորդ կեսին հայկական մոդեռնիզացիայի ու ազատագրական շարժման խորհրդանիշներից Վարագավանքն է Վանի մերձակայքում, իսկ ներքևում` պատմականորեն Արցախի հոգևոր կենտրոն Գանձասարի վանքը։ Շարունակենք աղոթել նախևառաջ Վեհափառի «կենաց եւ փրկութեան հոգւոյ նորին» համար, որպեսզի կարողանա հաղթահարել այս դժվարին փորձությունը, և Սբ. Էջմիածնի Մայր Տաճարը չհայտնվի Վարագավանքի ու Գանձասարի վանքի ներկայիս կարգավիճակում»։