Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շվեդիայում բնակվող ադրբեջանցի գրող Վահիդ Գազին ադրբեջանական «qafqazinfo.az» լրատվամիջոցում տարիներ առաջ տպած նամակում պատմել է, որ մի անգամ հանդիպել էր «Պատերազմի քամիները» համերգի պաստառին, որի ծրագրում, ի շարս եվրոպական այլ դասականների, տեղ էր գտել նաև Արամ Խաչատրյանը։
«Դա ինձ հիշեցրեց մանկությունս, երբ սովետական ֆիլմերում և հաղորդումներում, որոնք ցույց էին տալիս հեռուստացույցով, վերջում տիտրերում ես փնտրում էի ադրբեջանական ազգանուններ, և երբ գտնում էի նմանատիպ ազգանուն, չէի կարողանում հասկանալ՝ ադրբեջանական է այն, թե ինչ-որ այլ մուսուլմանական ազգության։ Բայց յուրաքանչյուրում ես հանդիպում էի հայկական կամ վրացական ազգանվան։ Նվազագույնը, ֆիլմի երաժշտության նվագախմբի դիրիժորը հայ էր։
Մի անգամ, տեսնելով «Նիկոլո Պագանինի» ֆիլմի գլխավոր հերոս Վլադիմիր Մսրյանի ազգանունը, հարցրեցի հորս. «Հայերն ամենուր են. նրանք այդքան շա՞տ են»։ - «Նրանք շատ չեն, նրանք խորաթափանց են, զարգացած, ակտիվ, մշտապես օգնում են մեկը մյուսին, այդ իսկ պատճառով նրանց կարելի է տասնել ամենուրեք», - պատասխանել էր հայրս»։
Գրողը նշում է, որ երբ դարձավ հասուն, սկսեց նկատել դա ամենուրեք. Նյու Յորքի կենտրոնական փողոցներից՝ «Petrossian» ռեստորանի փայլող ապակիներով, մինչև շվեդական գյուղական գրադարաններ, որտեղ գովազդվում էր Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին գիրքը։
«Ցանկանում եմ ասել, որ մենք միայն Ղարաբաղում չենք պարտվել և դրանում մեղավոր են Ռուսաստանը, Իրանը, Ամերիկան, քրիստոնեական աշխարհը, մասոնները, բոլորն ով հնարավոր է, բայց ոչ մենակ մենք։ Ադրբեջանցիները չէին ճանաչում ոչ միայն հային, որը ոչնչով չի տարբերվում նրանցից, այլև հային աշխարհի մյուս ծայրում։ Մենք չգիտեինք, որ Ղարաբաղում պարտվել էինք ոչ միայն «միացումականներին»։ Մենք պարտվել էինք պատերազմում՝ մարշալ Բաղրամյանին, մարշալ Բաբաջանյանին, քաղաքականության մեջ՝ Միկոյանին, այլախոհության մեջ՝ Պարույր Հայրիկյանին, իրավապաշտպանության մեջ՝ (Ելենա) Ալիխանյան-Բոննէրին, դասական երաժշտության մեջ՝ Արամ Խաչատրյանին, ժամանակակից երաժշտության մեջ Միշել Լեգրանին, ջութակում՝ Սամվել Երվինյանին, դուդուկում՝ Ջիվան Գասպարյանին, ուդում՝ Ջոն Բերբերյանին, էստրադայում՝ Շառլ Ազնավուրին, գրականության մեջ՝ Վիլիամ Սարոյանին, գեղանկարչության մեջ՝ Հովհաննես Այվազովսկուն, ֆիլմում՝ Փարաջանովին, դերասանության մեջ՝ Արմեն Ջիգարխանյանին, մոդելային բիզնեսում՝ Քիմ Քարդաշյանին, գումար աշխատելու մեջ՝ Քըրք Քրքորյանին, բարեգործության մեջ՝ Ջերարդ Գաֆեսճյանին, նախագծման մեջ՝ Արտեմ Միկոյանին, աստղաֆիզիկայում՝ Համբարձումյանին, վարսավիրության մեջ՝ Մովսեսին, արհեստի մեջ՝ Աշոտին, թթու պատրաստելու գործում՝ Հայկանուշին։
Ադրբեջանցիներն այս ամենում մեղադրում են հայերի կեղծարարությանը, ստին, նենգությանը, քրիստոնեությանը, եկեղեցուն, նրանց օգտակարությանը Ռուսաստանին, Իրանին, ԱՄՆ-ին, ինչպես նաև դավաճանությանը, բայց երբեք մեղքը չեն փնտրում իրենց մեջ։
Իսկ վերոնշյալները հաջողության են հասել, դարձել հանրաճանաչ և սեփական ազգին դարձրել ճանաչելի, որովհետև նրանց մեջքին կանգնած էին բազմաթիվ հայեր, միասնական հանրություն։
«Նրանք ձեռք են մեկնում ընկածին, թիկունք են կանգնում բարձրացողին. գիտության, քաղաքականության, արվեստի, սպորտի, ռազմական գործի մեջ։ Մեկի հաջողության համար 5-ը ճանապարհ են հարթում, չեն զրպարտում առաջ գնացողին, չեն խանգարում, չեն չարախոսում, փոս չեն փորում նրանց ոտքի տակ...»։