կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 19:12
Սպորտ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԳԱԱ-ն լուծարելով՝ ի՞նչ ենք շահելու, ի՞նչ ենք կորցնելու, այս ամենի հաշվարկը մենք ունե՞նք․ Մհեր Նավոյան

Կրթության և գիտության մասին օրենքի նախագծով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դերն այնքան է նվազեցվում, որ գրեթե հավասարազոր է լուծարման՝  Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ղեկավար, «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը։

«Այս դերի նվազեցումը, իհարկե, գիտական հանրության մեջ վրդովմունքով է ընդունվում, որովհետև Ակադեմիան ազգային, գիտական ժառանգության ձևավորման հարցում ամենաառանցքային դերը կատարող օրգանիզմներից մեկն է և, եթե նույնիսկ այս կարգի խնդիր է առաջանում՝ դերի խիստ նվազեցում, ապա պետք է հիմնավորված լինի»,-ասաց նա։

Նա նկատեց, որ եթե անգամ կան ընդդիմախոսներ, ովքեր ասում են, որ Ակադեմիան պետք չէ, նրանք պետք է լուրջ փաստարկներ ներկայացնեն․ «Քանի որ Ակադեմիան, ինչպես հասկանում ենք, պետք է․ այդպես համոզված եղել ենք, այդպես կա։ Եթե կա ընդդիմախոսություն այս ձևակերպմանը, այդ ընդդիմախոսությունը պետք է լսենք, իհարկե, և պետք է դա խիստ հիմնավոր լինի»։

Օրինագիծը ներկայացնող գերատեսչության ղեկավարի՝ Արայիկ Հարությունյանի և պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպմանը և քննարկմանը հետևելով՝ Մհեր Նավոյանը անձնականացման որոշ տարրեր է տեսել։ Ասաց՝  ընդդիմախոսությունը, թեկուզ այդ ֆորմատով, չպետք է քաղաքականացվի, այլ քննարկումը պետք է լինի մշակութային, գիտական կոնտեքստում, մասնագիտական շրջանակների տրամաբանական հիմքի վրա։

Մհեր Նավոյանը հիմնավորեց՝ ինչո՞ւ է ինքը կողմնակից, որ Գիտությունների ազգային ակադեմիան շարունակի գործել նույն կարգավիճակով․ «Մեր նորագույն պատմության մեջ գիտության կազմակերպման ամբողջ համակարգը կառուցվեց այնպիսի տրամաբանությամբ, որը ենթադրում էր Ակադեմիա,  բուհական համակարգը որոշակիորեն առանձնացվեց․ հիմա՝ տրամագծորեն շրջադարձ կատարել բոլորովին ուրիշ կոնցեպտի՝ արդյոք այս ընթացքում ի՞նչ ենք շահելու, ի՞նչ ենք կորցնելու, այս ամենի հաշվարկը մենք ունե՞նք․․․»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․