Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 11-ին, օրվա երկրորդ կեսին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվել ու պատգամավորների 26 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ, երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել օրինագծին։
Մինչ քվեարկությունը՝ ներկայացնելով օրենքի նախագծի վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշումը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը մասնավորապես ասել է․
«Պետական բյուջեի մասին օրենքը՝ որպես երկրի հիմնական ֆինանսատնտեսական փաստաթուղթ, արտահայտում է վերաբերմունքը երկրում տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությանը։ Այդ առումով առաջարկված նախագիծը որոշակի խնդիրների լուծում կարծես առաջարկում է։ Համավարակի պայմաններում պարտքով, տոկոսով վերցված ֆինանսերի հաշվին, առաջարկվում է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, ջրանցքների կառուցման և տնտեսական այլ նախագծերում ներդրումներ, որոնք կարող են մուլտիպլիկատիվ ազդեցությամբ նախադրյալներ ստեղծել տնտեսական աճի համար։ ՀՅԴ-ն դեմ չի թե՛ աշխատավարձերի բարձրացմանը, թե՛ սոցիալական որոշ ծրագրերի առաջարկներին, քանի որ լինելով սոցիալիստական կուսակցություն մենք միշտ կողմ ենք նմանօրինակ նախագծերին։ Մտահոգությունն այլ տեղ է։
Նախ՝ առկա են որոշակի անհամապատասխանություններ ու օրենքի խախտումներ։ Փաստորեն մենք պիտի քվեարկենք մի օրենքի օգտին, որը ԱԺ հավանությանն արժանանալու դեպքում կառավարությանը հնարավորություն կտա վարկ կամ փոխառու միջոցներ վերցնել և իրականացնել ծախսերը։ Մինչդեռ պարզվում է, որ ինչպես լիազոր ներկայացուցիչ ֆինանսերի նախարարը նշեց, գումարը վարկի տեսքով արդեն վերցվել, իսկ մի մասն, արդեն իսկ, ծախսվել է։ Ստացվում է, որ Ազգային ժողովին վերապահված է հետողորմյայի դերը։ Նույնը վերաբերում է կառավարության որոշմանը, որի իրավասությունը բացառապես վերապահված էր ԱԺ-ին։ Մենք միայն կոճակ սեղմողներ չենք, և դեմ ենք այս գործելաոճին՝ ըստ որի գործը սկսելուց հետո է ներկայացվում ԱԺ-ի հաստատմանը ու փաստի առաջ կանգնեցնում։ Այս շտապողական գործելաոճն անընդունելի է։ Համոզված եմ, որ սա լավ տեղ չի հասցնելու։
Այժմ մեր առաջարկների մասին։ Առաջարկել էինք 1 միլիարդ դրամ հատկացնել անվտանգության համակարգի բաղադրիչ հանդիսացող քաղաքացիական պաշտպանության՝ մասնավորապես ապաստարանների կառուցման ուղղությամբ։ Երկրորդ՝ առաջարկել էինք առաջնագծում ծառայող կրտսեր սպայական կազմին՝ լեյտենանտ, ավագ լեյտնենանտ, հավելավճարներ տրամադրել։ Ճիշտ է առաջարկությունը չընդունվեց, սակայն կառավարությունը խոստացավ 2021 թվականի պետական բյուջեի քննարկումների ընթացքում անդրադառնալ մեր առաջարկությանը։
Ինչ վերաբերում է քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ առաջարկությանը, ապա բացատրությունը հետևյալն է, որ գործող՝ 2020 թվականի բյուջեի մասին օրենքում նախատեսվել է 250 միլիոն դրամ, որից հազիվ իրականացվել է 100 միլիոն դրամը։ Այն տպավորությունն է, որ անվտանգությանը վերաբերող այդ խնդիրը գերակա չէ և մտավախություն կա, որ այդ ուղղությամբ նախատեսվող ծախսերը լիարժեք չեն իրականացվի։ Չեմ կարծում, որ հանրապետությունում չկա այն շինարարական ներուժը, որը կկարողանա իրագործել օրինակ՝ 18-50 միլիոն դրամի հասնող տիպային տարբերակներով ապաստարանների կառուցումը։ Խոսքը՝ ապաստարանների կառուցման համար պետբյուջեով նախատեսված ծախսերը ծուլորեն իրականացնելու մասին է։ Սա խոսում է այն մասին, որ կառավարության համար այս խնդիրը առնվազն անհետաձգելի լուծման հարցերի շարքում չէ։ Մյուս մտահոգությունը վերաբերում է պետական շինարարությանը։ Վերջին երկու ամիսներին, մի քանի իրավական ակտեր, ներառյալ՝ պետբյուջեի փոփոխության այս օրինագիծը, Հաշվեքննիչ պալատի մասին ընդունված օրենքը, որը համապատասխանեցվել է մարդու կենսագրությանը, և այլ գործընթացներ՝ վկայում են, որ սա դարձել է գործելաոճ։ Դաշնակցությունը սրա՛ն է դեմ և գտնում է, որ պետական շինարարության մեջ անթույլատրելի է նման գործելաոճը։ Նախընտրական արշավի ժամանակ խորհրդարան անցած և արտախորհրդարանական ուժերը արդարացիորեն խոսում էին ուռճացված պետական համակարգի մասին։ Ընտրություններից հետո փաստորեն անցնում ենք գերուռճացված համակարգի։ Օրինակ՝ Անվտանգության խորհրդի հաստիքներն ավելացվում են այն հիմնավորմամբ, որ անվտանգության ամրապնդման վրա ազդեցություն է ունենալու։ Եթե այդ տրամաբանությունը ճիշտ է, ապա այս համավարակի պայմաններում կարելի է կրկնակի ավելացնել առողջապահության նախարարության հաստիքները, որպեսզի համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրանա։ Չեմ կարծում, որ այդ տրամաբանությունը տեղին է։
Ինչ որ է, ավարտելով խոսքս, հետագա շահարկումների տեղիք չտալու համար նշեմ, որ Դաշնակցությունը անհրաժեշտություն է համարում և կողմ է օրինակ՝ բժիշկների աշխատավարձի բարձրացմանը և ներկայացված այլ սոցիալական-տնտեսական նախագծերին։ Դրանով հանդերձ՝ օրենքի հետ խնդիրների, գերուռճացված պետական համակարգի սկզբնավորման և պետական պարտքի ավելացման հանգամանքներով պայմանավորված ինչպես նաև, ելնելով այն նկատառումից, որը ամենակարևորն է՝ խորհրդարանը քաղաքական հարթակ է, որտեղ կառավարության հետ պետք է նախապես քննարկվեն ու գեներացվեն մտքեր՝ այս կամ այն հարցի շուրջ, ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին»։
Հավելենք, որ «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ են քվեարկել՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք» և «Արցախի Ժողովրդաավարական Կուսակցություն» խմբակցությունները, դեմ՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և Արցախի «Արդարություն» խմբակցությունները։
aparaj.am