կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 19:38
Քաղաքական

Վրաստանի ՊԱԾ-ը կանխել է Մերձավոր Արեւելքում ահաբեկիչների մոտ մի խումբ քաղաքացիների ուղարկումը

Վրաստանի ՊԱԾ-ը կանխել է Մերձավոր Արեւելքում ահաբեկիչների մոտ մի խումբ քաղաքացիների ուղարկումը

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հրապարակել է զեկույց, ըստ որի՝ 2021թ․ հետաքննություն է սկսվել ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մի քանի դեպքերի վերաբերյալ, որոնց արդյունքում հինգ մարդ ձերբակալվել եւ բանտարկվել է, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

ՊԱԾ-ի պատրաստած զեկույցը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը։ Դրա գլուխներից մեկը նվիրված է ահաբեկչական կազմակերպությունների կամ նրանց հետ կապված անձանց կողմից Վրաստանի տարածքում քաղաքացիների հնարավոր հավաքագրման թեմային:

«Իրականացված գործողությունների արդյունքում բերման ենթարկված 5 քաղաքացի դատապարտվել է ազատազրկման։ Այդ անձինք պատրաստվում էին մեկնել Մերձավոր Արեւելք եւ կռվել ահաբեկչական կազմակերպության շարքերում։ ՊԱԾ-ի ժամանակին արձագանքման արդյունքում հանցավոր պլանի իրականացումը հաջողվել է կասեցնել»,- ասված է հատուկ ծառայության զեկույցում։

Գերատեսչության տվյալներով՝ կիբեռտարածքում մշտապես ահաբեկչական գաղափարախոսության քարոզչության փաստեր են դիտարկվել, ինչը հանգեցրել է օրենքով նախատեսված միջոցների ընդունմանը։ Մասնավորապես, տասնյակ օտարերկրյա քաղաքացիներ ստիպված են եղել լքել Վրաստանի տարածքը։

Գերատեսչության զեկույցում նաեւ ընդգծվում է, որ 2021թ․ Վրաստանի օկուպացված տարածքներում՝ Աբխազիայում եւ Ցխինվալիի մարզում ստեղծվել է բարենպաստ միջավայր ահաբեկչական տարբեր գործողությունների համար։

Միաժամանակ, ՊԱԾ-ի տվյալներով, գերատեսչությունն իրականացրել է համապատասխան օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը կամ օգնությունը կանխելու համար։ Մասնավորապես, մշտապես վերահսկվել են տարբեր գործողություններ եւ գործարքներ, որոնք, ենթադրաբար, կապված են եղել ահաբեկչության հետ։