|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Վրաստանի պետական անվտանգության ծառայության Պետական անվտանգության դեպարտամենտը սաբոտաժի հոդվածով հետաքննություն է սկսել վարկաբեկող տեղեկատվական արշավի առնչությամբ, որը, գերատեսչության տվյալներով, կառավարվել է արտերկրից և աջակցություն ստացել Վրաստանի տարածքից։
ՊԱԾ-ի հաղորդմամբ՝ տարբեր սոցիալական հարթակներում արտերկրում գրանցված և կառավարվող կեղծ՝ այսպես կոչված բոտ-հաշիվների միջոցով տարածվել է Վրաստանի շահերի դեմ ուղղված և երկրի տնտեսական շահերին վնաս հասցնելու նպատակ ունեցող տեղեկատվություն։
Հետաքննության վարկածով՝ արշավի նպատակն էր ապատեղեկատվության տարածմամբ կեղծ պատկերացում ստեղծել, թե Վրաստանում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած զբոսաշրջիկների համար իբր անբարենպաստ և ոչ անվտանգ միջավայր է ձևավորվել։
Մասնավորապես, X սոցիալական հարթակում գրանցված մի քանի կեղծ հաշիվներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, թե իբր Վրաստանի քաղաքացիները ռուս զբոսաշրջիկներին միայնակ են թողնում անտառում, իսկ վրացական ռեստորաններում նրանց պատվիրած սնունդը միտումնավոր և կանխամտածված կերպով աղտոտում են։
ՊԱԾ-ի հայտարարության համաձայն՝ ավելի ուշ նմանատիպ կեղծ տեղեկությունները որոշակի ժամանակային ընդմիջումներով համակարգված կերպով տարածվել են նաև արտերկրում գրանցված առցանց լրատվամիջոցներից մեկի կողմից, որն ունի բազմամիլիոնանոց լսարան։
Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով։ Այն վերաբերում է Վրաստանի պետական շահերի համար սպառնալիք ստեղծելու նպատակով պետական ձեռնարկության կամ այլ կարևոր օբյեկտի բնականոն գործունեությանը խոչընդոտելուն կամ այն վնասելուն և ոչնչացնելուն։ Հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը մինչև չորս տարի ազատազրկումն է։
Հետաքննության շրջանակում իրականացվում են օրենքով նախատեսված օպերատիվ և հետախուզական միջոցառումներ։ Իրավապահները մտադիր են պարզել տեղեկատվական արշավի կազմակերպիչներին և մասնակիցներին, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեղեկատվության տարածման մեխանիզմներն ու վերջնական նպատակները։
Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ շարունակելու է նման ապատեղեկատվական արշավների ժամանակին բացահայտման և դրանցից բխող սպառնալիքների կանխարգելման աշխատանքները։
Գերատեսչությունում ընդգծել են, որ արտաքին կամ ներքին ուժերի կողմից կառավարվող ցանկացած գործողություն, որը նպատակ ունի վնասել Վրաստանի ազգային շահերը, ապակայունացնել պետական ինստիտուտները, խախտել սահմանադրական կարգը կամ վնաս հասցնել ազգային անվտանգությանը, կարժանանա համապատասխան իրավական արձագանքի։
Այս փուլում ՊԱԾ-ը չի նշել կոնկրետ երկիրը, առցանց լրատվամիջոցի անվանումը, կեղծ հաշիվների սեփականատերերին կամ արշավի ենթադրյալ կազմակերպիչներին։
Աղբյուրը՝ vectornews.ge