կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-11-24 14:25
Աշխարհ

Մերձավոր Արեւելքում ''Նոր Մերձավոր Արեւելք'' է կառուցվում

Մերձավոր Արեւելքում ''Նոր Մերձավոր Արեւելք'' է կառուցվում

Եթե ուզում ենք ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում այսօր Մերձավոր Արևելքում, պետք է վերադառնանք 2006 թվականի հունիս, երբ ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն առաջին անգամ օգտագործեց «Նոր մեծ Մերձավոր Արևելք» արտահայտությունը:

 

Թե դա ինչ էր նշանակում, երևաց բառացիորեն մեկ ամիս հետո երբ հրատարակվեց Պետերս ազգանունով ռազմական փորձագետի հոդվածը եւ Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը. Yerkir.am-ին այս մասին ասաց քաղաքաետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց, որ եթե այդ քարտեզն ամբողջովին չի իրականացնում ԱՄՆ-ի նպատակները Մերձավոր Արևելքում, ապա ընդհանուր իմաստով այն արդեն իրողություն է:

 

«Այսօրվա աշխարհաքաղաքական դիրքերն ու սահմանները ձեռնտու չեն ԱՄՆ-ին: Որովհետև հնարավորություն են տալիս առանձին պետություններին` անկախ քաղաքականություն վարել: Այսինքն` չվախենան հարևաններից, կախված չլինեն հզոր պետություններից, այդ վախի կամ մտահոգության պատճառով և վարել անկախ քաղաքականություն: Դա ԱՄՆ-ին ձեռնտու չէ, և այօր ԱՄՆ-ն անում է ամեն ինչ, որ Մերձավոր Արևելքում բոլորը բոլորից կախված լինեն և բոլորի հույսը լինեն գերտերությունները, որոնց դերում ԱՄՆ-ն տեսնում է միայն ինքն իրեն: Մնացածը` այդ «չարիքի օղակը»` Իրաքը, Իրանը, Սիրիան և այլն, այդ բոլորն արդեն բառախաղեր են, որ հնարավորություն են տալիս ԱՄՆ-ին, առաջինը` համոզել իր ժողովրդին, որ այդ ուժային միջամտությունը անպայման է և կփրկի ԱՄՆ-ին, երկրորդը` նպատակներն են նշում»,- ասաց քաղաքագետը:

 

Այս դաժան, բայցեւայնպես հասկանալի խաղերում, ինչպես ասաց Մելիք-Շահնազարյանը, մի քիչ դժվար է հասկանալ, թե ինչու է ԱՄՆ-ն կայուն երկրները քանդում եւ փորձում իշխանության բերելծայրահեղ իսլամիստական կազմակերպություններին`այստեղ տրամաբանությունը քիչ է երևում.

 

«Ես ենթադրում եմ` միայն ենթադրում եմ, որ կա նպատակ` երբ արդեն այդ երկրների, ինչպիսիք են Եգիպտոսը, Իրաքը, հիմա` Սիրիան և այլն, պետական համակարգերը քանդել-ոչնչացնելուց հետո հնարավորություն տան, որ այդ երկրներում քաղաքացիական պատերզզմի պայմաններ ստեղծեն, որից հետո արդեն կարողանան իրենց զորքերով մտնել ու գերել այդ կարևորագույն աշխարհամասը, որտեղ իսկապես առաջիկա մի քանի տասնյակ տարիներին այդ տարածքը կատարելու է հատկապես աշխարհի էներգետիկ ոլորտում, կատարելու է կարևոր, եթե չասենք որոշիչ դերը: Հիմա ԱՄՆ-ն ստեղծում է այն պայմանները, որ Մերձավոր Արևելքի պետությունները մեկը մյուսից կախված լինեն և առանձին-առանձին հույսները դրած լինեն ԱՄՆ գերտերության վրա: Եվ երկրորդ` ստեղծել այնպիսի պայմաններ, որ կբերեն մեծ խայրահեղությունների` քաղաքացիական կամ տարբեր երկրների միջև պատերազմների, որը արդեն ԱՄՆ-ին ՙբարոյական իրավունք՚ կտա իր զորքերը, ՆԱՏՕ-ի հետ մեկտեղ կամ առանձին, մտցնել այդ տարածաշրջան և հսկել այդ կարևոր տարածաշրջանը»,- նշեց Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

 

Իսկ այն, որ Մերձավոր Արեւելքի քարտեզում փոփոխություներ կլինեն, և արդեն կան, քանի որ, օրինակ, Իրաքն այսօր փաստացի երեք պետություն է, ըստ քաղաքագետի, այո’, այդպես է: Բայց այստեղ չի կարելի միանշանակ պնդել, որ այս դեպքերը կավարտվեն հենց ԱՄՆ-ի ծրագրով: Դա բավական ժամանակատար գործընթաց է, և բոլոր այն խնդիրները, որ դրված են ԱՄՆ-ի առջև միանգամից լուծելու փորձն իսկապես կբերի շատ և շատ մեծ պատերազմի` էլի ոչ համախարհային, բայց տարածաշրջանային շատ մեծ պատերազմի, որտեղ ԱՄՆ-ի հնարավորությունները թույլ չեն տա տիրել ամբողջ տարածաշրջանին: Դրա համար նրանք հերթականություն են ստեղծել` հերթով են լուծում այդ խնդիրը, եւ այդ գործընթացը կարող է շատ երկար տեւել` 10, 15 կամ 20 տարի: Բայց այն, որ ԱՄՆ-ն ձգտելու է դրան` քաղաքագետը համոզված է` դա միանշանակ է:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ