կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-08 19:55
Քաղաքական

Հունաստանի վարչապետը զգուշացրել է պոպուլիզմի մասին, եթե Եվրոպային չհաջողվի լուծել էներգետիկ ճգնաժամը

Հունաստանի վարչապետը զգուշացրել է պոպուլիզմի մասին, եթե Եվրոպային չհաջողվի լուծել էներգետիկ ճգնաժամը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Եվրոպային կոչ է արել արագ գտնել գազի եւ էլեկտրաէներգիայի աճող գների (որոնք նվազեցրել են բնակչության եկամուտները) հարցի լուծման միջոցը, այլապես մայրցամաքում «պոպուլիզմի ուժերին» նորից տեսնելու վտանգ կառաջանա, տեղեկացրել է Reuters-ը։

Միցոտակիսը Եվրոպային կոչ է արել պայմանավորվել էներգակիրների գների աճին համատեղ պատասխան տալու հարցում։

«Նպատակահարմար չէ այդ բեռը դնել մեր քաղաքացիների վրա, մանավանդ երբ խոսում ենք բնական գազի գների մասին, որոնք չեն արտացոլում պահանջարկի եւ առաջարկի հիմքերը»,- ասել է նա Աթենքում էներգետիկայի գծով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնի հետ հանդիպմանը։ «Եթե մեզ չհաջողվի լուծել այդ հարցը, Եվրոպայում կվերածնվեն պոպուլիզմի ուժերը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ԵՄ-ը պետք է մի քանի տարբերակ դիտարկի, այդ թվում Հունաստանի առաջարկը գազի գների եւ գազի ու էլեկտրաէներգիայի գների միջեւ արագ խզումը սահմանափակելու վերաբերյալ։

Եվրոպական կառավարությունները շտապում են ստեղծել գազի բուֆերային պաշար մինչեւ հաջորդ ձմեռ, որպեսզի օգնեն հաղթահարելու Ռուսաստանից մատակարարումների, ինչն ապահովում է ԵՄ-ի գազի պահանջարկի 40 տոկոսը, պոտենցիալ խափանումների խնդիրը։

Եվրոպական հանձնաժողովն անցած ամիս առաջարկել էր օրենք, որով ԵՄ-ի երկրներից պահանջվում էր իրենց գազապահեստարաններն այս տարի լցնել 80 տոկոսով։

Հունաստանի էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին գազային ցանցի հունական օպերատորը կունենա նոր լողացող պահեստարան՝ Հունաստանում հեղուկացված բնական գազի միակ տերմինալում պահեստավորվող գազի տարողությունն ավելացնելու համար։