|
Փոխարժեքներ
02 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.88 |
| EUR | ⚊ | € 442.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.8762 |
| GBP | ⚊ | £ 505.17 |
| GEL | ⚊ | ₾ 140.04 |
Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը, այս մասին գրում է քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:
«Վերջինս արտահայտվում է ոչ միայն նավթի գների աճի, այլ նաև գազի շուկաների կտրուկ վերաձևավորման տեսքով:
Այսօր հայտնի դարձավ, որ հեղուկացված բնական գազի (LNG) խոշորագույն արտադրողն ու արտահանողը՝ Կատարը (զիջում է միայն ԱՄՆ-ին) դադարեցրել է բնական գազի արդյունահանումը՝ Ռաս-Լաֆֆանի ու Մեսաիդի էներգետիկ օբյեկտներին Իրանի հասցված հարվածներից հետո:
Կատարի կշիռը համաշխարհային հեղուկացված գազի շուկայում կազմում է 20%: Եվ արտադրական օբյեկտների հրթիռակոծումը, և Հորմուզի նեղուցի պարալիզացումը, որով անցնում է աշխարհում սպառվող հեղուկացված գազի 30%-ը, արդեն իսկ հանգեցրել են գազի շուկաներում ճգնաժամային միտումների առաջացման: Օրինակ, այսօր Նիդեռլանդների TTF հաբում բնական գազի ապրիլյան ֆյուչերսների արժեքը աճել է 24,69%-ով և առավելագույն պահին հասել է 39,85 եվրոյի՝ 1 ՄՎտ·ժ-ի դիմաց, կամ մոտավորապես 491 ԱՄՆ դոլարի՝ 1 հազար խմ համար։
Ո՞վ է շահում այս ամենից:
Իհարկե, ամերիկյան գազային ընկերությունները, որոնք պետական արտոնությունների ներքո ակտիվորեն գրավում եմ եվրոպական շուկան:
Սակայն Վաշինգտոնն այս հարցում ունի իր «աքիլլեսայան գարշապարը»:
Մերձավոր Արևելքի լոգիստիկ ու արդյունաբերական խաթարման հետևանքով հեղուկացված գազի առաջացած պակասորդը լրացնելու համար Նահանգներին անհրաժեշտ է ընդլայնված լցանավային նավատորմ: Նման նավերի սեփական արտադրություն նրանք չունեն: Հետևաբար, ի հայտ է գալիս խնդիր՝ կախվածություն Չինաստանից, որն այս սեգմենտում աշխարհի բացարձակ առաջատարն է»: