Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ լրագրող Նաիրի Հոխիկյանի դատական գործը։ Դեսպանը Հոխիկյանին մեղադրում է զրպարտության համար։ Հիմքում 2019-ի մայիսի 11-ին տեղի ունեցած խոսակցությունն է Վլադիմիր Կարապետյանի, Նաիրի Հոխիկյանի, Ալեքսանդր Լապշինի և Նիկոլ Փաշինյանի միջև, որի ժամանակ, ըստ Հոխիկյանի, Վլադիմիր Կարապետյանը Լապշինի հետ խոսել է սպասվող պայմանավորված պատերազմի մասին։
Դատարան դիմած Վլադիմիր Կարապետյանի շահերի պաշտպանը հայց ներկայացրել է առանց պատշաճ լիազորագրի, ինչը արգելված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասով։ Չնայած դրան, դատավոր Էդգար Հովհաննիսյանը հայցն ընդունել է վարույթ։ Նաիրի Հոխիկյանի շահերի պաշտպան Լուսինե Վիրաբյանը 2022-ի հունվարի 21-ին միջնորդություն էր ներկայացրել՝ հայցային վաղեմություն կիրառելու պահանջով, ինչը դատավորը մերժել էր՝ պատճառաբանելով, թե չնայած հայց ներկայացնելիս Կարապետյանի պաշտպանը չի ունեցել լիազորագիր, բայց «օբյեկտիվ իրականության» մեջ այն առկա է եղել։
2022-ի մարտի 25-ին դատական հերթական նիստի ժամանակ պատասխանող Նաիրի Հոխիկյանի կողմից ներկայացել էր այլ փաստաբան, ով դատարանին հայտնեց, թե չի կարող ցույց տալ իր լիազորագիրը, բայց «օբյեկտիվ իրականության» մեջ այն առկա է։ Դատավոր Էդգար Հովհաննիսյանը թույլ չտվեց փաստաբանին իրականացնել Հոխիկյանի պաշտպանությունը՝ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը՝ նույն փաստաթուղթը, որի անտեսմամբ նույն դատավորը թույլ էր տվել Վլադիմիր Կարապետյանի փաստաբանին՝ հայց ներկայացնել։
Հոխիկյանի շահերի պաշտպան Լուսինե Վիրաբյանը հարց ուղղեց դատավոր Հովհաննիսյանին, թե ո՞ր սկզբունքով է նա որոշում՝ նույն օրենքը կիրառելի է լրագրող Հոխիկյանի նկատմամբ, բայց կիրառելի չէ դեսպան Կարապետյանի նկատմամբ։ Փաստաբանի հստակ հարցադրումից ակնհայտ շփոթմունքի մեջ հայտնված դատավորը սկսեց արդարացումներ գտնել։
Նաիրի Հոխիկյանի փաստաբանական թիմը այդպիսով հետաքրքիր քայլ արեց՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանին փաստացի ստիպելով, որ նա ընդունի իր թույլ տված օրենքի խախտումը։
Թե ինչ իրավական գործընթացների կգնա Հոխիկյանը, դեռևս հայտնի չէ, սակայն փաստաբան Լուսինե Վիրաբյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ Վլադիմիր Կարապետյանի շահերի պաշտպանի և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի հակաօրինական քայլը անհետևանք չի մնա։
Տես նաև՝ Արմավիրի մարզի դատավորի «օբյեկտիվ իրականությունը» կապ չունի օրենքի հետ: