Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանի՝ մեղադրելով զրպարտության համար՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա բողոքել է, որ Նաիրի Հոխիկյանի արտահայտությունը՝ «Մի քանի հազար զոհ որ տան, լավ էլ կտան», վիրավորել է իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդ․ Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ Նաիրի Հոխիկյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը միջնորդեց մերժել հայցը վարույթ ընդունելը, քանի որ այն դատարան է ներկայացվել առանց պատշաճ լիազորված անձի ստորագրության։
Փաստաբանը թվարկեց ապօրինություննեը, հիշատակեց դրանք սահմանող օրենքների դրույթներն ու միջնորդություն ներկայացրեց կիրառել հայցային վաղեմություն և այդ հիմքով մերժել Վլադիմիր Կարապետյանի հայցն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի։
Վլադիմիր Կարապետյանի փաստաբանը հետաքրքրվեց՝ կոնկրետ ո՞րն է մերժելու պահանջի հիմքը․ այն, որ հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին՝ օգոստոսի 16-ին, հայցվորի ներկայացուցիչը չի՞ ունեցել լիազորագիր, չի ունեցել ներկայացուցչությունը հավաստող փաստաթո՞ւղթ, թե՞ հայցադիմումը օգոստոսի 16-ին դատարան մուտք անելը ժամկետի խախտում է։
Հոխիկյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը պարզաբանեց, որ երբ հայցը մուտք է արվել՝ լիազորված անձը լիազորված չի եղել, ապա ուշացումով գործին են կցել լիազորագիրը։ Լիազորագիրը գործի մեջ է մտել միայն օգոստոսի 30-ին։
Նա նշեց, որ հայցադիմումի վերջում նշված ամսաթվի ու լիազորագրի ամսաթվի մեջ ակնհայտ տարբերություն կա․ այն պահին, երբ հայցադիմումը ստորագրվել և մուտք է արվել դատարան, ներկայացուցիչը չի ունեցել պատշաճ լիազորագիր։ Այնինչ դա օրենքի խախտում է․ վաղեմության ժամկետի հետ խնդիր կա՝ երբ հայցը մուտք է արվել լիազորագիրը չի եղել։
Վլադիմիր Կարապետյանի ներկայացուցիչը հակադարձեց, որ քանի դեռ հայցը դատարան չի ներկայացվել՝ Քաղաքացիական օրենսգրքի նորմերը կիրառելի չեն։
Հոխիկյանի փաստաբանը պնդեց, որ հստակեցվի՝ ՀՀ-ում օգոտսոսի 16-ին լիազորագրի բնօրինակը առկա եղե՞լ է, թե՞ ոչ։ Կարապետյանի ներկայացուցիչը նշեց, որ դա գործի համար էական նշանակություն չունի, քանի որ այն օբյեկտիվ իրականության մեջ առկա է եղել։ Հոխիկյանի ներկայացուցիչն արձանագրեց, որ իր հարցի պատասխանը չստացավ։
Ամփոփելով լսածը՝ դատարանը որոշեց․ հայցի վաղեմություն կիրառելու միջնորդության և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա սահմանել հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի հետևյալ շրջանակը․ ա) ենթադրյալ զրպարտության մասին հայցվորին հայտնի դառնալու պահը, բ) այս հայցը հայցային վաղեմության ժամկետում ներկայացված լինելու փաստը, որոնց ապացուցման պարտականությունը դրեց հայցվոր Վլադիմիր Կարապետյանի վրա։ Դատավորն ասաց, որ այդ շրջանակում իրավական գնահատական կտրվի և կլուծվի միջնորդության ճակատագիրը։
Դատավարության ժամանակ նաև նշվեց, որ կողմերի միջև հաշտության հնարավորություն չկա, քանի որ հայցվորը մինչև դատարան դիմելը դիմել է պատասխանողին, որ նա հերքի իր հայտարարությունը, բայց պատասխանողը մերժել է։ Պատասխանող կողմը նույնպես չտեսավ հաշտության հնարավորություն։
Դատարանի որոշումը կտեղադրվի դատական իշխանության կայքում 2022 թ-ի փետրվարի 11-ին։
Մանրամասն՝ տեսանյութում․