կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-13 17:43
Հասարակություն

ՀՀ նորընտիր նախագահի հայտարարություններն սպառնում են երկրի անվտանգությանը. քաղաքագետ

ՀՀ նորընտիր նախագահի հայտարարություններն սպառնում են երկրի անվտանգությանը. քաղաքագետ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ առաջարկությունների փաթեթ է ուղարկել Հայաստան, որոնք բաղկացած են հինգ կետից: Հանրությունը, քաղաքական շրջանակները տեղյակ չեն, թե ի՞նչ փաթեթի մասին է խոսքը. իշխանությունը որևէ կերպ չի ներկայացրել՝ ի՞նչ փաստաթուղթ է դրված իր սեղանին: Արդեն Հայաստանի ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ կարող է դիմել Մինսկի խմբի համանախագահողներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Yerkir.am-ի հետ զրույցում «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանն ասում է՝ գործ ունենք Ադրբեջանի հարկադրանքի քաղաքականության հետ:

«Ադրբեջանի հարկադրանքի քաղաքականությունն ունի մի քանի բաղադրիչներ, որոնցից մեկը սահմաններին առկա սրացումներն են. Հայաստանի հետ սահմանին ունենք զոհ և վիրավոր, տեսնում ենք Արցախում գյուղերի ռմբակոծություն, վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում: Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն անընդհատ հոգեբանական ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի բնակչության նկատմամբ: Ցավոք՝  չենք տեսնում Հայաստանի իշխանությունների կողմից ադեկվատ արձագանք: Մենք ունեցանք ԱԳՆ-ի անատամ հայտարարություն, և, այդ դեպքերից մի քանի օր հետո, ԱԳՆ-ից լսում ենք հայտարարություն, որ իրենք պատրաստվում են դիմել միջնորդներին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ սկսելու համար: Ստացվում է՝ Ադրբեջանը, շանտաժի ենթարկելով Հայաստանի բնակչությանն ու իշխանություններին, փորձում է հերթական անգամ իր խաղի կանոնները թելադրել: Այս անգամ այդ խաղի կանոնները ձևակերպված են այդ հինգ կետերի մեջ, որոնց մասին խոսեց Բայրամովը: Այդ կետերի բովանդակությունը  նույնիսկ բացահայտված չէ, բայց այն էականորեն չի տարբերվելու առավելապաշտական, միակողմանի պահանջներից, որոնք Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանին»,- ասաց  Աննա Կարապետյանը:

Քաղաքագետը նկատում է՝ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են օգտվել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից՝ սեփական օրակարգը և շահերը առաջ մղելու համար:

«Այդ համատեքստում կարող ենք դիտարկել Անթալիայում տեղի ունեցող հանդիպումները, ինչպես նաև՝ այդ կեղծ խաղաղության ձգտումը, որն Ադրբեջանը ցույց է տալիս: Սրան զուգահեռ՝ Ադրբեջանը նորից խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ալիևն  օրեր առաջ ասաց, որ Հայաստանից փոխհատուցում պետք է պահանջի: Այս հռետորաբանության ներք չկա նշույլ, որ Ադրբեջանը փորձում է խաղաղություն կառուցել: Ադրբեջանը փորձում է օգտվել առկա իրավիճակից և սեփական շահերը առաջ տանել: Ցավոք, Հայաստանի իշխանությունը ո՛չ հակազդում է, ո՛չ փորձում իր շահերը առաջ տանել, այլ խաղում է այդ նույն խաղը և փաստացի սպասարկում է թուրք-ադրբեջանական շահը»,- ասաց  քաղաքագետը:

Թուրքիան և Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից, փորձում են լուծել իրենց համար օրակարգային խնդիրը՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը, միաժամանակ, գործադրելով իրենց զինանոցում եղած բոլոր գործիքները, սպառնալիքներ հնչեցնելուց մինչ ռազմական ուժով հասնել նրան, ինչին ձգտում են: Այս ամենի համատեքստում՝ Հայաստանից ամենաբարձր մակարդակով հնչում են հայտարարություններ, որոնք սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար: Ա. Կարապետյանի կարծիքով՝ այդ հայտարարություններին չի կարելի լուրջ վերաբերվել:

«Այդ հայտարարությունն անում է Հայաստանի նորընտիր նախագահը, փաստացի շարունակելով Փաշինյանի անհեթեթ գիծը. Փաշինյանը խոսում է խաղաղություն կառուցելու մասին մի պայմաններում, երբ իրեն թե՛ հոգեբանական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ճնշում են գործադրում՝ ստիպելով գնալ միակողմանի զիջումների: Այս պայմաններում՝ ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, և, եթե մենք պատրաստվում ենք ինչ ոչ գործընթաց մեկնարկել, ապա դա ո՞ւմ շահերից է բխելու»,- եզրափակեց Աննա Կարապետյանը:

Լենա Կարապետյան