Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի քրդերը նոր դաշնակցի փնտրտուքի մեջ են, նրանք կշահեն, եթե համաձայնության գան Սիրիայի ներկայիս իշխանության հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
«Հակառակ պատկերն ունեցել ենք Աֆրինում, երբ Դամասկոսից մեսիջներ հնչեցին՝ թույլ տալ կառավարական ուժերին մտնել Աֆրին, բայց քրդերը չհամաձայնեցին, և այսօր ունենք այն, ինչ ունենք՝ Աֆրինն անցել է թուրքական զինուժի հսկողության տակ: Եթե համագործակցեին Սիրիայի ներկայիս իշխանության հետ, հնարավոր կլիներ կանգնեցնել Թուրքիայի առաջխաղացումը»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ Թուրքիան այն Թուրքիան չէ, որ բանակցային սեղան շուրջը նստի քրդերի հետ, բայցև քրդերն այն քրդերը չեն, որ բանակցեն թուրքական կողմի հետ:
Այս համատեքստում արաբագետը հիշեցրեց, որ Աֆրինի գործողություններից առաջ Թուրքիան հայտարարեց, որ մտնում են` ոչնչացնելու ԻՊ-ի օջախները, մինչդեռ Աֆրինում ԻՊ-ը ներկայություն երբեք չի ունեցել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաստիացրել է իրեն, որ կոչնչացնի այն ամենը, ինչը մնացել է Սիրիայում ԻՊ խմբավորումից: «Թուրքիայի նախագահ Էրդողանը վճռականորեն տեղեկացրեց ինձ, որ Սիրիայում, արմատախիլ կանի ԻՊ մնացորդները, իսկ նա այն մարդն է, որը կարող է դա անել, և բացի այդ` Թուրքիան անմիջապես հարևանությամբ է գտնվում: Մեր զինվորները գնում են տուն»,- գրել է Թրամփը:
Ի պատասխան բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնի փորձագետներից Լինա Խաթիբը շեշտել է՝ Թուրքիան Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ չի պայքարի, իրական նպատակը քուրդ զինյալների դեմ կռվելն է:
Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել է նաև, որ թուրքական ԶՈւ-ն մոտ ապագայում կմտնի սիրիական Մանբիջ ու կգրոհի Եփրատ գետի արևելյան ափին գտնվող քուրդ զինյալների դիրքերը:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը վստահ է՝ Մանբիջի ուղղությամբ իրապես ակտիվ գործողություններ կսկսվեն, Իդլիբն էլ դեռևս ԻՊ-ի վերահսկողության տակ է, և այնտեղից ևս կարող են գրոհներ լինել:
Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունների համատեքստում արաբագետը ուշադրություն հրավիրեց հայկական համայնքի առկայության փաստի վրա՝ Գամիշլիում, Հալասակայում, քրդաբնակ հատվածում: Ըստ Գրիգորյանի՝ այս տարածքում թուրքական զինուժի առկայությունը բավական բացասական ազդեցություն է թողնում հայ համայնքի գիտակցության վրա, բացի այն, որ սպառնում է նրա անվտանգությանը:
«Հայ համայնքը ձևավորվեց Եղեռնից մազապուրծ հայերի հիմքի վրա, որոնց հիշողությունները պատմական անցյալի հետ կապված դեռ վառ են, ուստի թուրքական ցանկացած ակտիվություն բավական ցավագին է ընկալվում հայկական համայնքի կողմից: Միակ զսպող գործոնը և հուսադրողըր Գամիշլիում կանոնավոր բանակի ներկայությունն է՝ սկսած 2012-ից: Սակայն սա չի նշանակում, թե պետք է հանգիստ նստել: Այստեղ հայեր կան, և նրանց կյանքը վտանգված է, ուստի ուշի ուշով պիտի հետևենք և հասկանանք, թե ինչ է սպասվում այս հատվածում»,- ասաց արաբագետը: