կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-08 14:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր թշնամին ներսից է սպառնում մեր անվտանգությանը. Գևորգ Գևորգյան

Մեր երկիրն ու պետականությունը, ազգային ինքնությունը վտանգված են. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային ճակատ» հայրենասիրական  կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

Ըստ նրա՝ 30 տարի առաջ կարողացանք ազատագրել Արցախը, կարողացանք պատվով թուրը դնել պատյան, ստեղծել անկախ Հայաստանի Հանրապետություն, որն այսօր դրսի ուժերի կողմից վտանգված է: «Այդ տարիներին, հաշվի առնելով, որ երկրի անտանգությունն ապահովված է, ստեղծեցինք բանակ, և  թշնամին այսօր չի կարող ներթափանցել մեր երկիր և չի կարող սպառնալ մեր անվտանգությանը։ Բայց, արի ու տես, որ այսօր թշնամին ներսից է վտանգում մեր անվտանգությունը։ Կարծում էի՝ պատերազմից հետո պետք է կարողանանք նորից արարել, ստեղծագործել։ Պատերազմ՝ չի նշանակում միայն առաջնագիծ, որովհետև  պատերազմը նրա համար է, որ հետո ունենաս կրթություն, մշակույթ, որ ամրացնես քո ազգային ինքնությունը, անվտանգությունը, բայց այսօր այդ ամենը վտանգված է»,- մտահոգված ընդգծեց բանախոսն ու, դիմելով ՀՀ քաղաքացիներին, հորդորեց․ «Թույլ մի՛ տվեք, որ պղծեն սերունդներին»։

Խոսելով «Ազգային ճակատ»-ի մարտավարության մասին՝ Գևորգ Գևորգյանը շեշտեց՝ իրենց պայքարը ոչ թե ինչ-որ մեկի կամ երևույթի դեմ է, այլ՝ հանուն: «Մենք երբեք դեմ չենք պայքարելու, այլ հենց հանունի՝ հանուն ազգային ինքնության, ազգային արժեքների, ազգային անվտանգության, հանուն անկախ Հայաստանի, հայ ժողովրդի, հայ ազգի։ Այսուհետ միշտ՝ հանուն, այլ ոչ թե՝ դեմ, որովհետև մենք իրար հետ կռիվ չունենք, մեր կռիվը մեր հողն ու ջուրը, ինքնությունը պահպանելու համար է։ Ունենք ամուր բանակ, բայց բանակի թիկունքը մենք ենք, պետք է թույլ չտանք, որ օտար ուժերը հասնեն իրենց նպատակին։  Բոլորս մի բռունցք ենք, մի՛ մոռացեք, մի՛ բաժանեք ու թույլ մի՛ տվեք, որ մեզ բաժանեն»,- ասաց նա ու հավելեց, որ այս ամենը պահպանելու համար պետք է համարձակություն ունենալ դուրս գալու դրսի ուժերի դեմ, որոնք ուզում են կործանել մեր երկիրը, մեր ինքնությունը, կրթությունը, եկեղեցին։

«Այսօր բոլորը խոսում են ազգայինից՝ փորձելով արժեզրկել ազգայինը, չհասկանալով, թե ինչի մասին են խոսում։ Բայց ազգայինը մեր տեսակն է, մարդիկ, որոնք մտածում են մեր սերունդների մասին»,- ասաց Գևորգյանն ու շեշտեց, որ ամեն րոպե «Ազգային ճակատ»-ի շարքերը համալրվում են նման մարդկանցով։

Անդրադառնալով այլ ուժերի հետ համագործակցությանը՝ նա հավելեց․. «Մեր խնդիրը միանալու կամ չմիանալու մեջ չէ, բոլորս միասնական ենք, պայքարի մեթոդներն են  տարբեր։ Մենք պատրաստ ենք բոլորի հետ աշխատել եւ աշխատում ենք։ Մենք երկար ժամանակ չունենք, մինչեւ արթնանանք, խելքի գանք, հասկանանք, որ ոչնչանում ենք, արդեն ոչնչացած կլինենք: Հիմա է պետք է համախմբվել, հասկացե՛ք, ժամանակ չկա։ Երբ բոլորս մի բռունցք կլինենք, իսկ այդ նախադրյալները կան, թշնամին փախչելու է»,- ասաց բանախոսն ու չբացառեց «Ազգային ճակատ»-ի հանրահավաքների միջոցով պայքարի դուրս գալու մեթոդը, բայց և հիշեցրեց. «1988-90 թվականներին մեզ ասում էին՝ տեռորիստներ, 94-ին մեզ ասացին՝ հերոս։ Հիմա նորից են մոռացության տալիս, իսկ չե՞ք տեսնում, որ մի քիչ նման ձեռագրեր են․․․ Եթե պատերազմի ես դուրս եկել, ապա պատերազմն ունի օրենք՝ հաղթել, իսկ արժանապատիվ հաղթանակը մեր ազգային տեսակն է։ Մենք դուրս ենք եկել պատերազմի եւ հաղթելու ենք, հավատացած եղեք։ Անկախ ճանապարհից՝ մենք դուրս ենք գալու կռվի»։

Գևորգ Գևորգյանի համոզմամբ՝ այսօր դրսի ուժերը մեր երկիրը կառավարում են ներսից՝ որոշ մարդկանց միջոցով: Դիմելով նրանց՝ նա կտրուկ հայտարարեց. «Չե՛ք կարող ոչնչացնել մեր ազգային ինքնությունը, պղծել մեր եկեղեցին, մեր սերունդներին, խեղաթյուրել մեր տեսակը, մեր մարտական ոգին, մեր միասնականությունը»:

Ըստ նրա՝ ովքեր պատրաստ չեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը, պետք է գնան, ովքեր պատրաստ չեն հետ կանգնել կործանումից եւ պատվերներ կատարելու մոլուցքից, տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում, առավել ևս՝ իշխանության մեջ, պետական օղակներում:

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում։