Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայանպաստ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսական Ադամ Շիֆն Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը հաղթանակ է համարում, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ այն դեռ պետք է արժանանա Սենատի և երկրի նախագահի հավանությանը։
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի մասին՝ կոնգրեսականը հատուկ ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մեծացումն ու կարևորում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը:
«Իմ կարծիքով, չպետք է ֆինանսավորել մի երկիր, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են, և որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Բացի այդ, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի հետևանքով սահմանում մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել, ցավոք, վերջին օրերին եղել են նաեւ զոհեր», - նշել է Շիֆը։
Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը դեռ մի քանի փուլեր պետք է անցնի: Կոնգրեսականը նկատում է, որ Սենատի և նախագահի կողմից հավանության արժանանալու դեպքում այն կարող է հետագա տարիների ընթացքում ևս պահպանվել։
Հարկ է նշել, որ ընդունված վերջին օրինագիծը վերաբերում է գալիք բյուջետային տարվա ֆինանսավորմանը։
«Հուսանք՝ այն Սենատում ևս հաջողություն կունենա: Որպես կանոն՝ մենք անցած տարիների ընթացքում տեսել ենք, որ նմանօրինակ նախագծերը չեն արժանանում Սենատի հավանությանը, բայց մենք պետք է պայքարենք նույն բովանդակությամբ օրինագիծը վերջնական հաջողության հասցնելու համար։ Այս բովանակդությամբ սա առաջին օրինագիծն է, որն արժանանում է Ներկայացուցիչների պալատի հավանությանը», - ասել է նա։
Խոսելով տարածաշրջանային զարգացումների և հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի համատեքստում Ռուսաստանի ունեցած դերի մասին, կոնգրեսականն ընդգծել է.
«Ռուսաստանը միշտ նայելու է իր շահերին: Եթե վերջինիս պետք է հրադադար և դա բխում է իր հետաքրքրություններից, ուրեմն կլինի հրադադար, եթե պետք է սառեցված պահել հակամատությունը, վստահ եղեք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք հաջողությունների չի հասնի։ Կարծում եմ` կարելի է Ռուսաստանին վստահել միայն այն դեպքում, երբ իրենց հետաքրքրությունների շրջանակում է տվյալ իրավիճակը, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ Հայաստանը կախվածություն ունի Ռուսաստանից, այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ, որ հզորացնենք հայ-ամերիկյան հարաբերությունները , որպեսզի Հայաստանը առավել անկախ դառնա ինչպես տնտեսապես, այնպես էլ` անվտանգության տեսանկյունից»։
Պետքարտուղար Բլինքենի և ԱՄՆ-ի նախագահին կից ազգային անվտանգության հարցերով խորհրդականին կոնգրեսականը ներկայացրել է իր մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի ունեցած դերակատարության ակտիվացման վերաբերյալ: Ըստ նրա՝ Մինսկի խումբը պետք է իր հստակ ասելիքն ունենա ստեղծված իրավիճակի վերաբերյալ` առաջարկելով գործնական լուծումներ բոլոր կողմերին:
«Այդ տարածաշրջանում պետք է վերջնական խաղաղություն հաստատվի, և այստեղ Մինսկի խումբը պետք է ունենա իր կարևոր դերակատարությունը: Պատերազմից հետո դեռ մարդասիրական ճգնաժամը չի վերացել, մարդիկ պետք է անվտանգության երաշխիքներ ունենան իրենց բնակարաններ վերադառնալու համար։ Մենք խիստ մտահոգենք վերջին օրերի սահմանային լարվածության դեպքերով: Այս հակամարտությունը պետք է վերջնական լուծում ստանա», - հայտարարել է Շիֆը։
Կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ շարունակելու է աջակցել հայանպաստ բոլոր նախաձեռնություններին` այդ համատեքստում հատուկ ընդգծելով իր աջակցությամբ վերջերս դաշնային կառավարության կողմից հայ-ամերիկյան թանգարանի շինարարության համար տրամադրված շուրջ 1 միլիոն դոլարը: