կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-12 12:21
Քաղաքական

Պատմությունից դաս չքաղելուց կրկնվում են տառապանքները. Էրդողանը` ՀՀ ԱԳՆ մասնակցությամբ ֆորումին

Պատմությունից դաս չքաղելուց կրկնվում են տառապանքները. Էրդողանը` ՀՀ ԱԳՆ մասնակցությամբ ֆորումին

Երեկ Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է Անթալիայի Միջազգային դիվանագիտական ֆորումը, որին այս տարի, Թուրքիայի հետ «խաղաղասիրական» նկրտումներից ելնելով, մասնակցում է նաև Հայաստանից պատվիրակություն՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։

Ֆորումի ընթացքում ելույթ է ունեցել նաև Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը. մոտ 25 րոպե տևողությամբ ելույթը մեծ մասամբ նվիրված է եղել Ուկրաինայում հակամարտությանը։

«Պատմությունը կրկնվում է նրանց համար, ովքեր պատմությունից դասեր չեն քաղում։ Պատմությունից դաս չքաղելուց կրկնվում է ոչ միայն պատտմությունը, այլև տառապանքը։ Ուկրաինան այդ ճշմարտության վառ օրինակն է», - հայտարարել է Էրդողանը։

Այս խոսքերն ուղղված էին ոչ միայն միջազգային դերակատարներին, այլև Թուրքիայի հետ որոշակի հակամարտության մեջ գտնվող երկրներին և հարևաններին։

Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը «պետք է դասեր քաղի պատմությունից և խելքի գա»: «Հայաստանը պետք է խելքի գա: Հայ քաղաքական գործիչները, հայկական սփյուռքը դատապարտել են իրենց ժողովրդին դժբախտության: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի», - դեռևս 2020 թ. դեկտեմբերին ասել էր նա։

Հայաստանին ոչինչ չտվող թուրքական այս ֆորումին մասնակցությունը, որի ժամանակ թուրքերը, վստահաբար, հայկական կողմին բազմաթիվ բացասական ակնարկներ անելու առիթը բաց չեն թողնի, անիմաստ և աննպատակ է։

Թուրքիայում նմանատիպ ակնարկներ լսելը և Էրդողանի ելույթից հետո նրան հոտնկայս ծափահարելը և, փաստացի, «սպիտակ դրոշ» պարզելը Հայաստանին ոչինչ չի տալու, իսկ թուրքերը, սովորության համաձայն, երբեք առիթը բաց չեն թողնում հակառակորդներին սեփական «գերազանցության» մասին հիշեցնելու համար։ 

Նյութը՝ Yerkir.am