կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-13 14:11
Առանց Կատեգորիա

Ադրբեջանը կրկնվում է` պարզ է, մե՞նք ինչու ենք կրկնվում

Ադրբեջանը կրկնվում է` պարզ է, մե՞նք ինչու ենք կրկնվում

Ինչպես եւ սպասելի էր, ադրբեջանական ANS հեռուստաալիքին «հարցազրույց տվեց» Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը եւս, ով օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով մոլորվել էր առաջնագծում եւ սխալմամբ անցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածք…

 

Համացանցում ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեսանյութում հայ զինվորը, իբր, պատմում է, թե միջադեպի օրը ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն իրեն ջրի է ուղարկել, ինքը հրաժարվել է հրամանը կատարել, քանի որ հոգնած է եղել եւ այլն, որ հրամանատարը իրեն ստիպել է անմիջապես գնալ ջրի, խփել է աչքին եւ այլն, ու ինքն էլ, չդիմանալով վիրավորանքին եւ նվաստացմանը, կամավոր անցել է ադրբեջանական կողմը։

 

Եթե Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր այս «լոլոներին» կարող են միամտորեն հավատալ, դիտելով համացանցում տարածված տեսանյութից, ապա պետք է մի պարզ բան հասկանան. եթե անգամ այդպիսի բան եղած լիներ, ապա զինվորը, ծառայությունից փախչելով, կբռներ ոչ թե ադրբեջանական դիրքերի ճանապարհը, այլ սեփական տան… Նույնիսկ ավելի վաղ նույն Ադրբեջանի գերիների, ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովն էր հայտարարել, որ`«Ճշտվել է, որ գերին մոլորվել է եւ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք»։

 

Սա առաջին դեպքը չէ, այլ հերթականը, երբ սահմանը պատահաբար հատած հայ գերիներին ադրբեջանցիները ներկայացնում են` նույն մեթոդներով «մշակելով». իբր գերին կամավոր է սահմանը հատել` Ադրբեջանին հանձնվելու նպատակով, իբր դժգոհ է Հայաստանից եւ այլն եւ այլն: Գաղտնիք չէ նաեւ, թե ինչպես են գերիներին «համոզում» նման հարցազրույցներ «տալ» այդ ոլորտում մասնագիտացած նույն ANS հեռուստաընկերությանը, քանի որ Ադրբեջան այն երկիրն է, որի պետական տեռորից խուսափելով, անգամ այդ երկրի ընդդիմությունն է Վրաստանում ժողով-խորհրդակցություն կիրառում, որի այն քաղաքացիները, ովքեր դեմ են այդ երկրի իշխանություններին, «ինքնասպան» կամ «հանկարծամահ» են լինում բանտերում եւ այլն:

 

Պարզ է, որ այս անգամ էլ մեր զինվորին կտտանքների են ենթարկել` չի բացառվում` ամենաանմարդկային միջոցներով ու մարդու իրավունքների միջազգային բոլոր նորմերը խախտելով, որ ստիպել են նման հարցազրույց տալ…

 

Հատկանշական է, որ «Կարմիր Խաչի» միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներին դեռ չի հաջողվել այցելել Հակոբ Ինջիղուլյանին` մինչև օգհոստոսի 11-ը ոչ աշխատանքային օրեր լինելու պատճառաբանությամբ: Այսօր էլ նրանց չեն թույլատրել այդ տեսակցությունը` պատճառաբանելով, թե նման ընթացակարգերի համար ժամանակ է պետք։ Ու «Կարմիր Խաչ»-ն այդպես էլ չի բարձրացնում հարց, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ ոչ աշխատանքային օրերին հայ զինծառայողին «հարցազրույցի հրավիրել» թույլատրվում է, իսկ իրենց հետ տեսակցություն` ոչ: Եթե նույնիսկ նման բողոք էլ արտահայտեն, համոզված ենք, անօգուտ է լինելու, քանի որ Ադրբեջանը ոճրագործ Սաֆարովին անարգել հերոսացնող երկիրն է…

 

Իհարկե, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի հետ հետ զրույցում նշել էր, որ նույնիսկ հայ զինվորի այսպիսի հայտարարություններից հետո հայկական կողմը վստահեցնում է, որ պատրաստ է ընդունել իր քաղաքացուն, և նրա քայլերը որեւէ իրավական հետեւանք չեն ունենա։ Վաղուց էր պետք այդպես անել: Դեռ ավելին` Իսրայելն այս առումով ավելի լավ միջոցներ է հուշում. Օրինակ` Իսրայել պետությունն իր զինվորին ասում է` «Եթե դու գերի ես ընկել, ու նույնիսկ եթե պետական գաղտնիքի ես տիրապետում, ապա ազատ ու անկաշկանդ հայտնիր այն, քանի որ մեզ համար ամենամեծ ու ամենակարեւոր արժեքը դու ես, այլ ոչ գաղտնիքը»

 

Օրինակելի փորձ է, ինչ խոսք, բայց միայն սա բավարար չէ: Ամեն անգամ նման միջադեպերից հետո Հայաստանը միջազգային ամբիոններից կյուրծք է ծեծում, օձիք պատռում, թե Ադրբեջանում մեր հայրենակցի նկատմամբ անմարդկային են վերաբերվել, թե խախպտվել են մարդու իրավուքնները, միջազգային կոնվենցիաներ են խախտել եւ այլն… Իսկ ուրիշ ի՞նչպես պետք է վերաբերվեր մեր արյունարբու թշնամին իր թշնամու նկատմամբ: Ի՞նչ է, մենք պատմության մեջ երբեւիցե թուրք-թաթարական հրոսակներից, բացի արյունից, կոտորածքից, նվաստացումից, ստորացումից, այլ` մարդկային վերաբերմունք տեսե՞լ ենք. Պատմությունն այդ մասին լռում է, ինչքան էլ որ ԽՍՀՄ տարիներին փորձում էին հակառակն ապացուցել:

 

Մեր զինվորի հետ նման կերպ վարվելով` Ադրբեջանը խախտել է միջազգային կոնվենցիա, ճիշտ է, բայց հետո՞ ինչ. Սա առաջին դեպքը չէ, ամեն անգամ էլ խախտում է եւ, որ ամենացավալին է, դրա համար պատասխան չի տալիս: Իսկ ինչո՞ւ մենք նույնպես չենք վարվում գերի ընկած ադրբեջանցիների հետ: Չէ՞ որ փորձը ցույց է տալիս, որ երբ ադրբեջանցիենրի հետ խոսում ենք նույն լեզվով, շատ լավ ու միանգամից հասկանում են: Ինչո՞ւ հայկական կողմը երբեք չի բերում ու ադրբեջանցի գերիներին նստեցնում տեսախցիկների առջեւ ու «խաղաղ զրույց» վարում նրանց հետ:

 

«Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է»,- կասեն տղերքը, բայց թեկուզ թասիբի համար, չարժե՞ արդյոք, որ մի քանի անգամ էլ մենք այդ նորմերը խախտենք. Ոչ նրա համար, որ ոտք գցենք ազերիների հետ, այլ ուղղակի` «խոտորնակին խոտորնակ» սկզբունքով: Չէ՞ որ տեսնում ենք, որ դրա համար ոչ ոք Ադրբեջանին առանձնապես չի պախարակում: Ուղղակի մոռացել ենք, որ մեր պապերը մեզ սովորեցնում էին` «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ