Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թագուհի Մելքոնյանի սյունակը
Արցախը հումանիտար նոր ճգնաժամի առջև է։
Արդեն երրորդ օրն է՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքը զրկված է գազից։ Հիվանդանոցները, դպրոցները չեն ջեռուցվում, տներում ցուրտ է, արտադրամասերն ու սննդի օբյեկտները լուրջ վնասներ են կրում։
Այս ամենին զուգահեռ շեշտակի աճել է լարվածությունը սահմանամերձ բնակավայրերում. Խրամորթը, Նախիջևանիկը, Կարմիր Շուկան, Խնուշինակը թշնամու կրակահերթերի տակ են։
Այն որ ադրբեջանական կողմը, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, փորձելու էր սադրանքների դիմել Արցախում, կանխատեսելի էր։ Կանխատեսելի էր նաև Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքն այս հարցի հանդեպ։ Այսօր միայն կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առանց որևէ գնահատական հնչեցնելու հպանցիկ անդրադարձել է Արցախում լարվածության և Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանման խնդրին, ավելի կոնկրետ՝ արձանագրել է փաստն ու անցել առաջ։ Նախօրեին էլ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր հասկացրել, որ այս հարցում Հայաստանն անելիք չունի և որ ամենայն հավանականությամբ այդ խնդիրները ՌԴ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները։
Այն որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից և արցախցիների ճակատագիրը թողել ռուսների և ադրբեջանցիների բարեհաճությանը, թերևս, որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Բայց, արի ու տես, արցախցիների խնդիրները ոչ միայն իշխանություններին չի հուզում, այլև «նյարդայնացնում է» մեր ժողովրդին։ Պատերազմի արհավիրքի միջով անցած արցախցի մեր հայրենակիցներին կարեկցելու փոխարեն, շատերն առիթը բաց չեն թողնում արցախցիներին կշտամբելու։ Գազամատակարարման խնդիր ունեցող Արցախին հիմա էլ մեղադրում են մինչ այդ 14 տոննա հումանիտար օգնություն հակամարտության գոտի՝ Ուկրաինա, ուղարկելու համար՝ ասելով, թե դրա փոխարեն թող գազի հարցը լուծեին։
Իհարկե, ֆեյսբուքում կիսատ-պռատ վերնագրեր կարդացող և լրատվականների նյութերի տակ արցախցիների դժբախտության հաշվին ինքնահաստատվող զանգվածին չես կարող բացատրել, որ Արցախի գազի խնդիրը ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող կապ ունենալ արկղի մեջ դրված առաջին անհրաժեշտության սննդի քանակի կամ որակի հետ, որովհետև գազատարի վթարը Շուշիի շրջանի այն հատվածում է, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է, և որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և թույլ չի տալիս արցախցի մասնագետներին վերացնել վթարն ու վերականգնել գազամատակարարումը։
Այս մարդիկ մեկուկես տարի է՝ չեն ուզում ընկալել ու հասկանալ, որ առանց ռուս խաղաղապահների ներկայության՝ Արցախից մնացած մի հատվածն էլ հայաթափված և բռնազավթված կլիներ, էլ ուր մնաց գիտակցեին դիվանագիտությունը, հաջակցություն ՌԴ-ի՝ Արցախի կատարած փոքր ժեստի նշանակությունն ու կարևորությունն այս խառը ժամանակներում։
Արցախցիների նկատմամբ անթաքույց ատելությամբ լցված որոշ օգտերեր էլ արցախցիներին սաստում են խնդրի մասին բարձրաձայնելու համար և համեմատում էլեկտրաէներգիայից ու կոմունալ հարմարություններից զրկված «խեղճ» ուկրաինացիների հետ։ Սրանք այն նույն օգտատերերն են, որոնք պատերազմի օրերին խոսքները մեկ արած կրկնում էին արցախցուն ուղղված այն հիմար միտքը, թե՝ «դուք պատերազմում տուն եք կորցրել, մենք որդի․ հետ տվեք մեր որդիներին, մենք ձեզ տուն կտանք», կամ ասենք՝ «հայ զինվորը զոհվել է ձեզ համար, դուք ասում եք «Спасибо России»»։
Երեսուն տարվա մեջ երկու անգամ փախստական դարձած արցախցիներն, իհարկե, առանց գազի էլի կդիմանան, ինչպես շատերը առանց լույսի, ջեռուցման ու սննդի 44 օր դիմացել են Արցախի հրթիռակոծվող գյուղերում ու քաղաքներում, բայց իրենց ուղղված վիրտուալ (և ոչ միայն) ծաղրուծանակն ու կշտամբանքն այլևս տանելի չեն։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ վիրավոր զինվորին կարեկցելու և քաջալերելու փոխարեն, ամեն օր նրան երեսով տաս իր կարգավիճակը, ասես, որ եթե չփախչեիր՝ այս օրը չէիր ընկնի կամ էլ տե՛ս, քեզնից ավելի վատ վիճակում գտնվողները կան և այլն։ Հետո՞ ինչ, որ այդ զինվորը մինչև վերջ մնացել է խրամատում, անգամ վիրավոր չի հանձնել իր դիրքը, բայց քանի որ հարևան դիրքը լքողներ են եղել, ինքն էլ է ինքնաբերաբար դարձել «մեղավոր» և «պատասխանատու»։
Հիմա մեր վիճակն է. կարտոֆիլը թանկանում է՝ մեղավոր է արցախցին, նոր «Այֆոնի» համար վարկեր վերցրած երևանցուն բանկերը «խեղդում են»՝ մեղավոր է արցախցին, 30 տարի թալանել են՝ մեղավոր է արցախցին, Արցախը հանձնել են՝ մեղավոր է արցախցին, թշնամին կրակում է արցախցու վրա՝ էլի մեղավոր է արցախցին... Է հետո՞... Բա եղա՞վ, մարդի՛կ, էս ի՞նչ ենք անում, էսպես ու՞ր ենք գնում, իրար վրա ցեխ շպրտելով, ընկածին հարվածելով ինչի՞ ենք հասնելու... Գուցե ժամանակն է կանգ առնելու՞, ասածների ու արածների համար պատասխան տալու՞, խոսքին ու լեզվին հետևելու՞... Գուցե պարզապես երբեմն լռենք։